Հայաստանում բանկերը արտակարգ դրության պայմաններում վերանայել են 525 հազար հատ վարկի մարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, ԿԲ խորհրդի անդամ Գալստյանը՝ ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ակնհայտ է, որ բանկերի կողմից ուշանում է ռեալ սեկտորի վարկավորումը: Նա հետաքրքրվեց, թե ԿԲ-ն ինչ կարող է անել այս առումով՝ մանավանդ հաշվի առնելով ներկա ֆորսմաժորային իրավիճակը:
«Այս պահի դրությամբ վարկերը մի քանի գործառույթ են իրականացնում, օրինակ հետաձգում են վարկային պարտավորության մարումը: Այս պահի դրությամբ մոտ 525 հազար վարկ է վերանայվել, հետաձգվել բանկերի կողմից: Բանկերն այսօր աշխատում են գերծանրաբեռնված, մարդկանց գերակշիռ մասը աշխատում է տնից, քանի որ կան սահմանափակումներ: Բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ մոտ 525 հազար հատ վարկ վերանայվել է, դրանցից 514 հազարը վերաբերում է ֆիզիկական անձանց»,-ասաց Գալստյանը:
ԿԲ-ի հաշվարկներով՝ դա 380 հազար մարդու է վերաբերում: Ինչ վերաբերում է այն ծրագրերին, որոնք կառավարությունն իրականցնում է բանկերի միջոցով՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման մեխանիզմների միջոցով՝ Գալստյանը նշեց, որ երկրորդ միջոցառմամբ արդեն 1126 վարկի հայտ հաստատվել է: Եվ առաջին ու երկրորդ ծրագրով տրվել է մոտ 12 մլրդ դրամ:
Նա նշեց, որ ԿԲ նախագահն ու թիմի ևս մի քանի անդամներ ամեն օր առևտրային բանկերի ղեկավարների հետ ունենում են տեսակապ, ամեն օր բանկերի հետ քննարկվում են կառավարությունից եկող ազդակները և բանկերի կողմից կառավարությանը տրվող ազդակները:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառմամբ առաջարկվում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևերով օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին։ Երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։