Կորոնավիրուսի դեմ պայքարի և տնտեսական ճգնաժամից դուրս գալու շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 92 միլիոն եվրո աջակցություն։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ աշխատանք է տանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր գրասենյակով։
«Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետությանն այս պահի դրությամբ հատկացվելու է 92 միլիոն եվրո աջակցություն։ Այդ աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտներին, մասնավորապես՝ կտրամադրվի առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիներին, նաև փոքր և միջին ձեռնարկատերերին։ Թե ինչ գործիքակազմի շրջանակում այդ աջակցությունը կտրամադրվի, քննարկվում է»,- ասաց Սիմոնյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության չափը դեռ քննարկման փուլում է և այն կարող է ավելանալ։
«Այդ աջակցությունը կտրամադրվի բոլոր երկրներին, որոնք կարիքը ունեն։ Աջակցության գործիքի անունն է «Team Europe», և այդ շրջանակում արդեն իսկ նախատեսվել է մոտ 20 միլիարդ եվրոյի աջակցություն»,- եզրափակեց Սիմոնյանը։