Ռուսաստանում խորացող տնտեսական ճգնաժամը սպառնում է աշխարհում տրանսֆերտներից (դրամական փոխանցումներից) ամենաշատը կախված նախկին Խորհրդային Միության որոշ երկրների: Ըստ Bloomberg-ի՝ նախկին Խորհրդային Միության երկրներից Ռուսաստանում աշխատող միգրանտներն ամեն տարի իրենց երկրներ են ուղարկում մոտ 13 միլիարդ դոլար: Սակայն այժմ այդ գումարները զգալի կրճատվում են Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում սահմանափակումների պատճառով, քանի որ դրա հետևանքով դադարեցվել են շինարարական ծրագրերը և նվազել է տաքսիների պահանջարկը:
Այս տարի Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները կարող են կրճատվել ավելի քան 30-40%-ով: Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կանխատեսման՝ 2020 թվականին ինքնամեկուսացման միջոցառումները կարող են 1,5-2%-ով կրճատել տնտեսական աճը։ Իսկ մարտ ամսին Ռուսաստանի կառավարության կողմից քննարկված վատագույն սցենարի համաձայն հնարավոր անկումը կարող է լինել 5-10%:
Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների կրճատման հետևանքով տուժող երկրներից է նաև Հայաստանը։ ՀՆԱ-ի նկատմամբ Ռուսաստանից ուղարկված դրամական փոխանցումների հարաբերակցությամբ Հայաստանը 3-րդն է Տաջիկստանից և Ղրղզստանից հետո։ Ռուսաստանից մեր երկիր կատարվող դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 9%-ը (տե՛ս գծապատկերը)։ Հարկ է նշել, որ խոսքը միայն բանկային համակարգով փոխանցումների մասին է։
Բացի այդ, այս տարի ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 16%-ով՝ ավելին, քան նախկին խորհրդային միության երկրների արժույթներից որևէ մեկը: Դա իր հերթին կրճատում է Ռուսաստանից դեռևս այդ երկրներ փոխանցվող գումարների արժեքը: Հայկական դրամի նկատմամբ ռուբլին մարտ ամսին արժեզրկվել է մոտ 10%-ով։
Ռուսաստանում աշխատող միգրանտների շրջանում հայտնի էլեկտրոնային փոխանցումների ռուսական «Unistream» համակարգի տվյալներով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա համեմատ փոխանցումներն արդեն կրճատվել են ավելի քան 30%-ով: