Հայաստանի ֆոնդային բորսայի տարեսկզբի ամփոփ տվյալները ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալի աճ 2017-2019 թվականների նույն ժամանակի համեմատ։ Այս մասին տեղեկացանում է Հայաստանի ֆոնդային բորսան:
Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 25,8 մլրդ դրամ, որը նախորդ երեք տարիների առաջին եռամսյակի համեմատ աճել է 296%-ով (2019), 113%-ով (2018) և 93%-ով (2017) համապատասխանաբար։
Իսկ շուկայի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 712 մլրդ դրամ՝ 17%-ով ավելի քան նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներից։ Գործարքների միջին ծավալը 2019-ի նույն ժամանակի համեմատ աճել է 103%-ով, սակայն այս ցուցանիշը 29%-ով պակաս է 2017-ի I եռամսյակի ցուցանիշից։ Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 95%-ով։
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալը պահել է աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի առաջին եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 233 մլրդ դրամ, որը 46%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։
Առևտրի ծավալը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 87%-ով՝ անցնելով 10 մլրդ դրամի շեմը։ 2017 թ․-ի առաջին եռամսյակի համեմատ 2020-ի առաջին եռամսյակի ցուցանիշն աճել է ավելի քան 5 անգամ։ Նույն համեմատական աճը վերաբերում է նաև կորպորատիվ պարտատոմսերով գործարքների քանակին (78% աճ) և գործարքների միջին ծավալին (5% աճ)։
Ռեպո գործարքների՝ որպես արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին վկայում է այն հանգամանքը, որ եթե 2018 թվականի առաջին եռամսյակում Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 666 մլն դրամ, այսօր առևտրի ծավալը գրեթե 10 անգամ ավելին է և կազմում է 6․8 մլրդ դրամ։ Սա նախորդ տարվա եռամսյակի համեմատ 287%-ով ավելի բարձր է, իսկ 2019-ի վերջին եռամսյակի համեմատ աճել է 22%-ով։
Ռեպո գործարքների քանակն աճել է 228%-ով նախորդ տարվա I եռամսյակի համեմատ, իսկ գործարքների միջին ծավալը 18%-ով։
Կապիտալի շուկայում նույնպես կարելի է նկատել աճի դինամիկա։ Այսպես, առևտրի ծավալն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 271%-ով՝ հասնելով 1, 6 մլրդ դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3%-ով՝ հասնելով 148․9 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը նվազել է շուրջ 8%-ով։
Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է արդիականացման գործընթացը, չնայած աշխարհում տիրող COVID-19-ի հետևանքով հայտարարված արտակարգ դրությանը։ Ունենալով բարձր սոցիալական պատասխանատվություն՝ մենք ապահովել ենք մեր աշխատողների՝ հեռավար աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները՝ համապատասխան գործող ընթացակարգերի։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։