Ճգնաժամերը լինում են երկու տեսակի՝ այնպիսիք, որոնց չէինք կարող պատրաստվել, քանի որ ոչ ոք դրանք չէր կանխատեսում, եւ այնպիսիք, որոնց պետք է պատրաստվեինք, քանի որ իրականում դրանք սպասելի էին:
COVID-19-ը պատկանում է երկրորդ տեսակին, եւ կարեւոր չէ, թե ինչ է ասում այս առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ փորձելով խուսափել սկսված աղետի պատասխանատվությունից: Կորոնավիրուսն ինքնին նոր է, եւ ներկայի բռնկման մեկնարկի ժամանակը հնարավոր չէր կանխատեսել, բայց մասնագետները շատ լավ հասկանում էին, որ նման համավարակ շատ հավանական էր:
Կլիմայի փոփոխության նման COVID-19-ը ճգնաժամ է, որն իր ժամին էր սպասում: ԱՄՆ իշխանությունների արձագանքը հատկապես աղետալի էր: Թրամփը սկզբում թերագնահատում էր այս ճգնաժամի լրջության աստիճանը: Եվ երբ վարակվածների ու հոսպիտալացվածների թիվը սկսեց կտրուկ աճել, Ամերիկան հանկարծ հայտնաբերեց, որ փորձանմուշների թեստավորման, բժշկական դիմակների, արհեստական շնչառության սարքերի եւ բժշկական այլ նյութերի խիստ պակաս ունի:
Թեստավորման եւ կարանտին մտցնելու հետ կապված ուշացումները թանկ նստեցին Եվրոպայի վրա, որտեղ Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բարձր գին են վճարում դրա համար: Արեւելյան Ասիայի որոշ երկրներ շատ ավելի լավ արձագանքեցին: Հարավային Կորեան, Սինգապուրը եւ Հոնկոնգը կարծես վերահսկում են հիվանդության տարածումը հետեւյալ միջոցառումների համադրման շնորհիվ` թեստավորումներ, վարակի շղթաների վերահսկում եւ խիստ կարանտին:
Ըստ էության՝ այս ճգնաժամը զարգանում է հենց այնպես, ինչպես կարելի էր ակնկալել այս կամ այն երկրում գերակշռող կառավարման բնույթից: Ճգնաժամի հաղթահարման համար Թրամփի ոչ կոմպետենտ, անհաջող, ինքնամեծարման ձգտող մոտեցումները, չնայած դրանց մահաբերությանը, ամենեւին էլ անակնկալ չէին:
Մյուս կողմից պետք չէ զարմանալ, որ կառավարություններն ավելի արագ եւ արդյունավետ արձագանքեցին այնտեղ, որտեղ օգտվում են հասարակության զգալի մասի վստահությունից, օրինակ ՝ Հարավային Կորեայում, Սինգապուրում եւ Թայվանում:
Չինաստանի արձագանքը տիպիկ չինական էր. վարակի տարածման մասին ինֆորմացիայի կոծկում, սոցիալական վերահսկողության բարձր մակարդակ եւ ռեսուրսների զանգվածային հավաքագրում, երբ սպառնալիքն ակնհայտ դարձավ: Թուրքմենստանն արգելել է «կորոնավիրուս» բառը, ինչպես նաեւ հասարակական վայրերում բժշկական դիմակների օգտագործումը:
Ներկա ճգնաժամն ավելի կտրուկ է ընդգծում յուրաքանչյուր երկրի քաղաքական կյանքի գերակա հատկանիշները: Հետեւաբար աշխարհի պետությունները վերածվում են իրենց իսկ չափազանցված տարբերակների: Այսպիսով, այս ճգնաժամը նվազագույնս կարող է դառնալ գլոբալ քաղաքականության եւ տնտեսության կարեւոր սահմանագիծը, որի մասին շատերն են խոսում: Այն չի ուղղորդի աշխարհը դեպի զարգացման՝ էականորեն տարբերվող հետագիծ, այլ կուժեղացնի եւ կամրապնդի առկա միտումները:
Այս ճգնաժամի նման դարակազմիկ իրադարձությունները հարուցում են սեփական «հաստատող միտումնավորությունը». մենք հակված կլինենք տեսնել սեփական աշխարհայացքի հաստատումը COVID-19-ի աղետում՝ փնտրելով ապագա տնտեսական եւ քաղաքական կարգի այնպիսի առաջին նշաններ, որոնց մեկնարկն արդեն վաղուց էինք ցանկանում:
Նրանք, ովքեր ցանկանում են ընդլայնել պետության դերը եւ հանրային բարիքների քանակը, բազմաթիվ պատճառներ կունենան հավատալու, որ այս ճգնաժամը արդարացնում է իրենց համոզմունքները: Եվ նույն կերպ նրանք, ովքեր թերահավատորեն են վերաբերվում պետությանը եւ դատապարտում են դրա անգործությունը, կգտնեն իրենց նախկին հայացքների հաստատումը: Նրանք, ովքեր ցանկանում են ընդլայնել գլոբալ կառավարման դերը, պնդում են, որ պետական առողջապահության ուժեղ միջազգային համակարգը թույլ կտար կրճատել համավարակի վնասները:
Կարճ ասած՝ COVID-19-ը հավանաբար չի փոխի եւ գլխիվայր շուռ չի տա այն միտումները, որոնք հայտնվել են ճգնաժամից առաջ: Նեոլիբերալիզմը կշարունակի դանդաղ մեռնել: Ավտորիտար պոպուլիստները կդառնան ավելի ավտորիտար:
Հիպերգլոբալիզացիան կշարունակի պաշտպանվել, իսկ ազգային պետությունները կվերականգնեն իրենց քաղաքական դիրքերը: Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կշարունակեն շարժվել բախման ճանապարհով: Ազգային պետությունների ներսում էլ օլիգարխների, ավտորիտար պոպուլիստների եւ լիբերալ ինտերնացիոնալիստների միջեւ պայքարը կթեժանա: