Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում արդեն 5207 շահառու ստացել է ընդհանուր 787,9 միլիոն դրամ միանվագ դրամաշնորհ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ավտոմատ ծանուցում է ստացել 9725 գործատու: Ծանուցումների հիման վրա դիմում է ներկայացրել 5388 շահառու: Այսօր` ժամը 11:30-ի դրությամբ, եկամտային հարկի հաշվետվություն ներկայացրել է դեռևս ծրագրի շահառուների 30 տոկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ամենաակտիվն է:
Հիշեցնենք, որ հինգերորդ միջոցառման շահառու են ռեզիդենտ այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020թ. մինչև 01.04.2020թ. ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից, և վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Միջոցառման թիրախն աջակցությունն է արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը: