Չինաստանն իր հզոր տնտեսության համար պարտական է որակյալ կրթական համակարգին, որի հիմքերը դրվում են չինական դպրոցում: Չինացի դպրոցականները աշխարհի ամենախելացի երեխաներն են՝ ըստ 2018 թվականին անցկացված PISA թեստավորման արդյունքների.
Նկ. 1․ Չինաստանի դիրքը «PISA»-ի թեստավորման (գնահատում է 15-ամյա պատանիների գիտելիքները) արդյունքներում (2018 թ.)
Չինաստանում այժմ գործող դպրոցական համակարգը շարունակական բարեփոխումների արդյունք է: Այդ բարեփոխումները սկիզբ են դրվել Դեն Սյաոպինի կողմից 1978 թվականին և շարունակվում են մինչև այժմ: Չինաստանը տարեցտարի ավելացնում է կրթության ոլորտի պետական ծախսերը, որոնք 2018 թվականին հասել են 526 մլրդ ԱՄՆ դոլարի՝ կազմելով պետական բյուջեի ծախսերի 16.7%-ը և ՀՆԱ-ի՝ մոտ 4%-ը, մինչդեռ Հայաստանում այդ ծախսերը կազմել են համապատասխանաբար 8.4% և 2.7%: Կրթության ոլորտում բարեփոխումների առաջնային նպատակը կրթության հասանելիության ապահովումն էր երկրի բոլոր ծայրերում: Տարիների արդյունքում երիտասարդ և միջին տարիքի բնակչության շրջանում անգրագիտության մակարդակը 80%-ից դարձել է 3-4%, կրթական հաստատություններով են ապահովվել Չինաստանի բոլոր մարզերը:
Չինական դպրոցը քառաստիճան համակարգ է (տե՛ս նկ․ 2): Երեխաները 2 կամ 3 տարեկանից հաճախում են նախադպրոցական հաստատություններ, որոնք երեխային պատրաստում են հետագա տարիների կրթության համար: Դրանք իրականացնում են երկու գործառույթ՝ ցերեկային խնամքի և կրթության:
Նկ. 2․ Չինաստանի դպրոցական համակարգը
Տարրական դպրոցը տևում է վեց տարի: Այնտեղ կրթական ծրագրի 60%-ը կազմում են չինարենն ու մաթեմատիկան: Մյուս առարկաներն են երաժշտությունը, արվեստը, բարոյականությունը, հասարակագիտությունը, բնությունը և տեխնոլոգիան: Միջին դպրոցը եռամյա է և, տարրական դպրոցի հետ միասին, կազմում է իննամյա պարտադիր կրթությունը: Չինացի երեխաները սկսում են սովորել նաև անգլերեն, մյուս առարկաները փոքր-ինչ ձևափոխվում են, օրինակ՝ բնության փոխարեն արդեն ուսումնասիրում են ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն հասարակագիտությունից անջատվում է քաղաքագիտութունը: Միջին դպրոցն ավարտելիս աշակերտները քննություն են հանձնում գրեթե բոլոր առարկաներից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց մոտ 98%-ը շարունակում է կրթությունը ավագ դպրոցում:
Չինաստանում կան ավագ դպրոցի մի քանի տեսակներ՝ ընդհանուր, արհեստագործական, տեխնիկական և այլն: Սակայն անկախ տեսակից՝ երեխաները պարտավոր են հանձնել «Ժոնգկաո» քննությունը, որն իր մեջ ընդգրկում է չինարենը, մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան, քիմիան, քաղաքագիտությունը և ֆիզկուլտուրան:
Չինաստանում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի ու քոլեջների 35.4%-ը մասնավոր են, դպրոցականների մոտ 20%-ը (մոտ 27.3 միլիոն աշակերտ) սովորում են մասնավոր դպրոցներում: Դպրոցական տարին տևում է մոտ 240 օր՝ ձմեռային (հունվար-փետրվար) և ամառային (հուլիս-օգոստոս) արձակուրդներով: Աշակերտները դպրոց են գնում շաբաթը հինգ օր: Դպրոցական օրը սկսվում է 7:30-8:00-ին, ավարտվում՝ 17:00-ին: Այն դպրոցներում, որտեղ նախաճաշի ընդմիջումը կարճ է տևում, դասերն ավարտվում են 15:00-ին: 17:00-ին սկսվում են երեկոյան ինքնակրթության ժամերը, որոնք շարունակվում են մինչև 21:00-ն: Ըստ անհրաժեշտության՝ շաբաթ օրը ևս չինացի երեխաները գնում են դպրոց:
Չինական դպրոցում մաքրուհիներ չկան. երեխաներն են պատասխանատու և՛ դպրոցի, և՛ հարակից փողոցների մաքրության համար: Սա սովորեցնում է նրանց պատասխանատու լինել շրջակա միջավայրի համար, աշխատել թիմային ու աշխատել սիրով: Ծանրաբեռնված կրթական ծրագիրը, խիստ կանոնները երեխաներին դարձնում են ավելի արդյունավետ. կեսօրին նրանց տրվում է 20 րոպե ժամանակ քնելու համար։ Արևմտյան ուսուցիչները ապշում են, թե ինչքան արագ են երեխաները ակտիվ ռեժիմից անցնում քնի ռեժիմին:
Թեպետ կրթության համընդհանրացման քաղաքականությունը շարունակվում է, սակայն մինչև այժմ էլ Չինաստանում կան գյուղական համայնքներ, որտեղ ուսում ստանալը շատ դժվար է. դպրոցները քիչ են, չեն ջեռուցվում, ապահովված չեն նվազագույն հարմարություններով: Օրինակ` երկու տարի առաջ ութամյա տղան, ով դպրոցից բավականին հեռու էր ապրում, անցել է 4.8 կմ -9°C ցրտի պայմաններում, որպեսզի բաց չթողնի դպրոցական քննությունը: «Սառցե տղայի» նկարը հայտնվեց համացանցում, հեղինակավոր շատ ամսագրեր գրեցին նրա մասին, շատերը օգնեցին երեխային ու չինական այդ դպրոցին:
Երբ բազմաթիվ երեխաներ առիթ են փնտրում քննությանը չմասնակցելու համար, չինացի այս փոքրիկի համար անգամ սառնամանիքը պատճառ չէր: Նա ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, սակայն վստահ է, որ միայն կրթված լինելը կարող է օգնել իրեն դուրս գալ այդ վիճակից: Սովորելու ցանկությունը, կրթության նկատմամբ պատասխանատվության զգացումն այնքան մեծ են նմանատիպ վայրերում, որ աշակերտների կատարողականը PISA-ի թեստավորման արդյունքներում հավասար է ՏՀԶԿ երկրների միջինին:
Բարձրագույն կրթական հաստատություն ընդունվելու համար չինացի շրջանավարտները հանձնում են ազգային «Գաոկաո» քննությունը, որին պատրաստվելու համար աշակերտների մեծ մասը դպրոցի դասերից հետո հաճախում է հատուկ մասնավոր դպրոցներ («բուկեներ»): «Գաոկաոն» աշխարհի ամենաբարդ քննություններից է. անցկացվում է երեք օրում, տևում է ինը ժամ: Ներառում է չինարեն, մաթեմատիկա, օտար լեզուներ և էլի մի քանի պարտադիր առարկաներ: Ժամանակ առ ժամանակ տարածվում են լուրեր այն մասին, որ Չինաստանում շրջանավարտները քննության պատճառով դեպրեսիա են տարել կամ վատագույն դեպքում՝ ինքնասպան եղել: Ըստ վիճակագրության՝ շրջանավարտների միայն 40%-ն է առաջին անգամից հաղթահարում քննությունը: Ընդունվելու համար պետք է հավաքել միավորների նվազագույնը 60%-ը (աղյուսակ 1), այսինքն՝ եթե մեր երկրում բուհ ընդունվելու համար պետք է 8 ստանալ, ապա չինական բուհի դեպքում անցողիկ շեմը 12-ն է: Դիմորդները, քննության արդյունքներից կախված, կարող են ընդունվել բարձրակարգ համալսարաններ, սովորական համալսարաններ կամ մարզային մակարդակի համալսարաններ:
Աղյուսակ 1․ Ընդունելության միավորների սանդղակը չինական բուհերում
Չինաստանում ուսուցիչների մեծամասնությունը` մոտ 80%-ը, կազմում են 45 տարեկանից ցածր տարիքի ուսուցիչները, իսկ 35-ից ցածր տարիք ունի մոտ 46%-ը: Նրանց մոտ 83%-ը ունի բարձրագույն կրթություն: Չինաստանը բարձր է գնահատում ուսուցչի դերը: Ուսուցչի միջին աշխատավարձը Չինաստանում 8500-10 000 չինական յուան (մոտ 1200-1400 ԱՄՆ դոլար) է, սակայն կան ուսուցիչներ, ովքեր վաստակում են մի քանի անգամ քիչ կամ շատ՝ որակավորումից կախված: Չինաստանում գիտեն, որ նույն դիպլոմն ունեցող մասնագետների գիտելիքների միջև կարող են էական տարբերություններ լինել, ուստի պետք է էականորեն տարբերվեն նաև նրանց աշխատավարձերը: Բացի բարձր վարձատրությունից՝ Չինաստանը պետական բյուջեի տարեկան մոտ 5%-ը տրամադրում է ուսուցիչների կրթության և շարունակական վերապատրաստումների համար. մանկավարժական համալսարաններն ու քոլեջներն անվճար են: Չինական դպրոցներում երեխաները ուսուցչի հետ խոսելիս սովորաբար օգտագործում են «մեր սիրելի ուսուցիչ» դիմելաձևը: Եվ սա բոլորովին էլ վախից չէ: Ըստ «Varkey» հիմնադրամի հրապարակած «Ուսուցչի ստատուսի ինդեքսի» 2018 թվականի տվյալների՝ չինացի ուսուցիչներն ունեն ամենաբարձր վարկանիշը, վայելում են ամենամեծ սերն ու հարգանքը համեմատվող 35 երկրների շրջանում.
Նկ. 3․ Լավագույն 10 երկրները՝ ըստ «Ուսուցչի ստատուսի ինդեքսի» (2018 թ.)
Ինդեքսի 2018 թվականի տվյալները ցույց տվեցին, որ առկա է ուղիղ կապ ուսուցչի նկատմամբ բնակչության հարգանքի և աշակերտների կատարողականի միջև. այն երկրները, որոնցում ուսուցիչը վայելում է առանձնահատուկ սեր ու հարգանք, բարձր հորիզոնականներ են զբաղեցնում PISA-ի թեստավորման արդյունքներում: Չինաստանը այդ ուղիղ կապի լավագույն դրսևորումն է: