Կորոնավիրուսի դեմ կառավարությունների մեծ մասի պայքարի ռազմավարությունը համաշխարհային տնտեսական աղետի կանխարգելման դեղատոմսն է: Սակայն սահմանափակումների ռազմավարությունը և խանութների, ձեռնարկությունների հարկադրաբար փակումը բիզնեսի խոշորամասշտաբ ձախողումների հաստատուն ուղի են: Հաջորդող տնտեսական և ֆինանսական հետևանքների շարունակականությունը, հավանաբար, կհանգեցնի հերթական Մեծ ճգնաժամին:
Երկարաձգման ծախսերը
Շատ երկրներ սպասվող տնտեսական ճգնաժամին են մոտենում արդեն իսկ պետական պարտքի մեծ բեռով։ Օրինակ՝ Իտալիան ներկայիս ճգնաժամից առաջ արդեն ուներ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի 135% մեծություն: Դա դժվարություններ է ստեղծում, որպեսզի Իտալիան կարողանա առանց պարտավորությունների ավելի շատ պարտք վերցնել եվրոպական այլ երկրներից այն դեպքում, երբ այդ պարտքի ավելացման համար համատեղ պատասխանատվություն են կրելու բոլորով, ինչին Հյուսիսային Եվրոպայի երկրները դեռ կտրականապես դեմ են: Եվրոպական կենտրոնական բանկն արդեն փող է տպում, և Հունաստանի դեպքի նման մեկ այլ իրավիճակ կստիպի ավելի շատ օգտագործել տպագրական մեքենաները: Նախկինում երկրները բազմիցս գնացել են այս ճանապարհով, որի դեպքում «բուժումն» ակնհայտորեն շատ ավելի վատն է, քան «հիվանդությունը»: 1921-1923թթ. գերմանական հիպերֆլյացիան շատ մեծ հարված հասցրեց միջին խավին:
Կարճաժամկետ հատվածում կյանքեր փրկելու համար Եվրոպայի ամբողջ բնակչությունը ներկայումս գտնվում է տնային «կալանքի» տակ, իսկ շատ ձեռնարկություններ հայտնվել են նախալուծարային վիճակում՝ անգործության պատճառով այլևս չկարողանալով շահույթ ստանալ: Ընդ որում՝ երկրների ներկայիս ռազմավարությունը ոչ թե վիրուսի կանխարգելումն է, այլ դրա այնպիսի տարածումը, որն առավել կառավարելի կլինի առողջապահական համակարգի համար: Ժամանակի նման երկարաձգումը, այնուամենայնիվ, կհանգեցնի զգալի տնտեսական և մարդկային ռեսուրսների ծախսերի:
Գործազրկությունը կապվում է մահվան հետ
Ելնելով վիճակագրությունից, մտավախություն կա, որ այս ռազմավարությունը շարունակելու դեպքում երկարաժամկետ հեռանկարում երկրներն ավելի շատ կյանքեր կկորցնեն: Ժամանակակից դարաշրջանում գործազրկության մակարդակի յուրաքանչյուր 1 տոկոս աճի դեպքում, սովորաբար, տեղի է ունեցել ինքնասպանությունների թվի մոտ 1 տոկոս աճ: 1979թ.-ին Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր Հարվի Բրենների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գործազրկության մակարդակի յուրաքանչյուր 10 տոկոս աճի դեպքում մահացությունն աճել է 1,2 տոկոսով, սիրտ-անոթային հիվանդությունները՝ 1,7 տոկոսով, ինքնասպանությունները՝ 1,7 տոկոսով, ձերբակալությունները՝ 4, իսկ հարձակումների մասին հաղորդումները՝ 0,8 տոկոսով:
Ազատ շուկայի սկզբունքների օգտագործումը կարող է դառնալ կորոնավիրուսի տարածումը վերահսկող արդյունավետ ռազմավարություններից մեկը: Օրինակ, Ֆրանսիայում և Չինաստանում իրականացված փորձարկումներից ստացվել են համոզիչ փաստեր, որ 75 տոկոս դեպքերում երկու հայտնի դեղամիջոցների համադրությունը կարող է վիրուսային բեռը նվազեցնել գրեթե զրոյի արդեն 6-րդ օրվանից հետո (բարդությունները սովորաբար սկսվում են 6-րդ օրվանից հետո):
Կան դեղամիջոցների հնարավոր այլ համակցություններ, որոնք կարող են առաջացնել նմանատիպ արդյունքներ։ Սակայն առողջապահական կարգավորումները, որոնք պահանջում են երկարաժամկետ փորձարկումներ, բարդացնում են այդ դեղերի ժամանակին հասանելիությունը վիրուսը բուժելու համար: Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսությունը վտանգված է, և չէ կարելի նստել և վիճել ջրի որակի շուրջ, մինչ տունն այրվում է:
Սակայն սահմանափակումների ռազմավարության երկարաձգումը և հանրային առողջության պահանջով ձեռնարկությունների հարկադրաբար փակումը համաշխարհային տնտեսությանը տանում են մեծ ճգնաժամի, իսկ որպես այլընտրանք որոշ երկրներ կիրառում են «laissez-faire»-ը։ Սահմանափակման ներկայիս ռազմավարությունը, ենթադրաբար, երկարաժամկետ հատվածի ավելի շատ մահերի դիմաց կարճաժամկետ հատվածում ավելի քիչ մահերի կոպիտ ընտրություն է: Պետք է հնարավորինս շուտ վերադառնալ նորմալ բիզնես իրավիճակի: Դեղամիջոցները պետք է ազատվեն չափից շատ խիստ կարգավորումներից և ամենուրեք լայնորեն հասանելի դառնան (համապատասխան դեղաչափերով և նախազգուշացումներով) շուկայական գնով՝ առանց դեղատոմսի անհրաժեշտության: Շուկաները պետք է ազատ լինեն, որպեսզի կարողանան դեղամիջոցների լայն ընտրություն ապահովել:
Շուկայական ռազմավարություն
Նման մոտեցումը թույլ է տալիս, որ շուկաները սահմանեն ռազմավարությունը: Մարդիկ կարող են ինքնուրույն տեղեկություն ստանալ և համապատասխան գործողություններ ձեռնարկել սեփական առողջության համար։ Բիզնեսներն ու մարդիկ կարող են հարմարվել սպասվող վտանգին: Օրինակ՝ ռեստորանների անձնակազմը կարող է այցելուներին նստեցնել միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա, մատուցողներն ու խոհարարները կարող են կրել դիմակներ և ձեռնոցներ: Գոյություն ունեն բազմաթիվ նորարարական եղանակներ, որոնց մարդիկ կհարմարվեն: Պարզապես այն պատճառով, որ կառավարությունները կամ բնակչությունը չեն պատկերացնում կամավոր շուկայական լուծում, դա չի նշանակում, որ այն գոյություն չունի: Օրինակ՝ Հարավային Կորեան իր ժողովրդի ավտորիտար փակման փոխարեն շատ ավելի ազատական մոտեցում ցուցաբերեց խնդրին և արդեն իսկ արդյունքներ է ցույց տալիս:
Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ ստանդարտ մոտեցումն ընտրել է Շվեդիան։ Կառավարությունը միայն արգելել է 50 մարդուց ավել միջոցառումները և փակել է համալսարանները։ Մանկապարտեզները, միջնակարգ դպրոցները, ռեստորաններն ու բարերը, հասարակական տրանսպորտը շարունակում են աշխատել։ Մնացած հաստատություններն իրենք են որոշում աշխատել, թե փակվել։ Շվեդիան այն քիչ երկրներից է, որ բաց է թողել սահմանները, գործում է նաև միջազգային հաղորդակցությունը։ Սակայն շատ շվեդներ իրենք են ցուցաբերում զգուշություն։ Տրանսպորտային ընկերության տվյալներով՝ ուղևորահոսքը ստոկհոլմյան մետրոյում անցած շաբաթ կրճատվել է 2 անգամ։
Յուրահատուկ մոտեցում են օգտագործում Նիդերլանդների իշխանությունները։ Երկրի կառավարությունը գտնում է, որ վիրուսը չպետք է կանխել, այլ պետք է վարակը դարձնել վերահսկելի, բայց միայն բնակչության այն խմբերի մոտ, որոնք ռիսկային գոտում չեմ գտնվում։ Այստեղ արգելք չկա տանից դուրս գալու վրա։
Հարավային Ամերիկայում երկրների մեծամասնության կողմից ընդունված միջոցների գլխավոր «ընդդիմադիրը» Բրազիլիան է։ Երկրի նախագահը հայտարարում է, որ 40 տարեկանից ցածր անձինք մահվան գրեթե 0 տոկոս հավանականություն ունեն, հետևաբար պատճառներ չկան այդ մարդկանց արգելելու աշխատել։ Մեքսիկայի նախագահը նույնպես կողմնակից է տնտեսական ակտիվության պահպանման։
Բավական թույլ կարանտինային ռեժիմ է գործում նաև Ճապոնիայում։ Մարտին իշխանությունները փակեցին դպրոցները և արգելեցին զանգվածային միջոցառումները, սակայն մարդկանց տեղաշարժի կամ հասարակական օբյեկտների գործունեության խիստ արգելքներ նախկինի պես մտցված չեն։
Ակնհայտորեն շուկայական այս ռազմավարությունն առանց ռիսկերի չէ, բայց պետք է գործի դնել բոլոր հնարավորությունները և դիտարկել ավելի քիչ աղետաբեր տնտեսական այլընտրանքները՝ հնարավորինս արագ տնտեսական ակտիվությունը վերականգնելու համար: