Կառավարությունը պատրաստվում է կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնել: Երկուշաբթի երեկոյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար մենք խնդիր ենք դրել օրը հազար թեստ անել: Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող թեստեր ենք գնում», – ասաց պետության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ գործադիրը քննարկում է տեղական թեստերի արտադրության հարցը, և դրա համար արդեն 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվելու: