Ստարտափների ու նորարարությունների երկիր Իսրայելից «ուղեղների արտահոսքը» սկսվել է շատ վաղուց: Ըստ Իսրայելի Վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալների՝ 1980-ից 2010 թվականներին Իսրայելում բարձրագույն կրթություն ստացածների բավականին ազդեցիկ մասը հետագա տարիներին ապրել է արտերկրում (նկ. 1): Կարելի է նկատել, որ բարձրագույն կրթությամբ արտագաղթողների մասնաբաժինը գնալով աճել է:
Նկ. 1. Իսրայելում 1980-2010 թթ. բարձրագույն կրթություն ստացած և 2013թ. ու 2017թ. նախորդող առնվազն երեք տարիների ընթացքում արտերկրում բնակված իսրայելցիների մասնաբաժինները Իսրայելում ավարտած ուսանողների ընդհանուր թվաքանակի մեջ
Հետաքրքիր է, որ Իսրայելն ունի 9 մլն բնակչություն, սակայն տնտեսության և առողջապահության համակարգը հենվում է բնակչության շատ փոքր հատվածի՝ ընդամենը 130 000 քաղաքացիների ուսերին: Տեխնոլոգիաների ոլորտը ապահովում է արտահանման 40%-ը, սակայն այդ հատվածում աշխատում է աշխատուժի 2.7%-ը: Սա հիշեցնում է Պարետոյի սկզբունքը կամ 80/20-ի կանոնը, ըստ որի՝ 20% ջանքերը ապահովում են 80% արդյունք: Հրեա տնտեսագետ, հետազոտող Դեն Բեն-Դեյվիդը կարծում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթը պայմանավորված է հենց այս պարադոքսալ երևույթով. «պատկերացրեք մի շարժիչ, որն ունի բոլոր մխոցները, բայց գնալով ավելի ու ավելի քիչ մխոցներ է շահագործում»: Սա նախ ռեսուրսների անարդյունավետ կառավարում է, հետո հանգեցնում է, որ շահագործվող «միակ մխոցը շատ արագ շարքից դուրս գա» կամ Իսրայելի դեպքում՝ արտագաղթի մի երկիր, որտեղ ապրելն ավելի հեշտ կլինի. Իսրայելում ապրելը բավականին «թանկ է»: Իսրայելի արդյունաբերական կենտրոն Թել Ավիվն ու մայրաքաղաք Երուսաղեմը աշխարհի ամենաթանկ քաղաքների հնգյակում են: Թել Ավիվում միջին եկամտով ընտանիքը միջին գնի բնակարան ձեռք բերելու համար պետք է աշխատի 20.5 տարի, իսկ Երուսաղեմում՝ 18.5 տարի:
Նկ. 2․ Ամենաթանկ 25 քաղաքները՝ հաշվի առնելով տվյալ քաղաքում բնակարան գնելու համար անհրաժեշտ տարիների քանակը
«Ուղեղների արտահոսքը» կանխելու կամ «ուղեղների վերադարձ» կազմակերպելու համար Իսրայելը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնցից ամենահայտնիներն են «I-CORE»-ն և «The Israel Brain Gain Program»-ը:
I-CORE (Israeli Center of Research Excellence) նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թվականին: Այն բարձրագույն կրթության բարեփոխումների բազմամյա ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի զարգացնել Իսրայելի գիտական միտքը և՛ Իսրայելում, և՛ Իսրայելից դուրս: «I-CORE»-ի գործունեության շնորհիվ Իսրայելում ստեղծվել են բազմաթիվ հետազոտական կենտրոններ: Նախաձեռնության նպատակներից մեկը ուղեղների վերադարձն է, որը հետազոտական կարողությունների ամրապնդման և Իսրայելի բուհական կրթության որակի բարելավման հիմնական միջոցն է:
Իսկ The Israel Brain Gain Program-ը, որը գործարկվել է 2013 թվականից, Իսրայելում գործող կազմակերպություններին և հետազոտական ինստիտուտներին առաջարկում է հավաքագրել բարձր որակավորում ունեցող իսրայելցի մասնագետներ սփյուռքից: Արդյունքում՝ այդ կազմակերպությունները ձեռք են բերում միջազգային փորձով բարձրակարգ մասնագետների, միևնույն ժամանակ նպաստում են Իսրայելի տնտեսության զարգացմանը և օգնում են այն իսրայելցիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք:
Չնայած այս ծրագրերի գործարկմանը՝ այժմ վերադարձող մեկ որակավորված իսրայելցուն բաժին է ընկնում Իսրայելը լքող մոտ հինգ որակավորված քաղաքացի.
Նկ. 3. Իսրայելը լքող որակավորված քաղաքացիների թվաքանակի հարաբերակցությունը Իսրայել վերադարձող որակավորված իսրայելցիների թվաքանակի նկատմամբ
Իսրայելում շատ լավ գիտեն, որ ամերիկյան համալսարանները լավագույնն են որպես հետազոտական ինստիտուտներ: Այդ պատճառով Իսրայելը խրախուսում է, որ իր ուսանողները որպես հետազոտողներ ընդգրկվեն ամերիկյան որևէ բուհի ծրագրում: Սա նշանակում է, որ ԱՄՆ մեկնող իսրայելցի գիտնականը չի հաշվառվում որպես տվյալ բուհի ուսանող, այլ այնտեղ զբաղվում է հետազոտություններով կամ այլ ժամանակավոր գիտական աշխատանքներով: Սա Իսրայելի վարած հետաքրքիր քաղաքականությունն է, որի հարցում Իսրայելը մրցակից չունի.
Նկ. 4. ԱՄՆ-ի համալսարաններում ժամանակավոր գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող և որպես ուսանող չհաշվառված մասնագետների թվաքանակը 100 000 բնակչի հաշվով՝ ըստ ծագման երկրի
Թեպետ Իսրայելից ուղեղների արտահոսքը դեռևս չի մեղմվում, սակայն վերջին տարիներին Իսրայելը սկսել է դառնալ օտարերկրացի ուսանողների համար ցանկալի ուղղություն: Այնտեղ կան մի քանի բարձրակարգ համալսարաններ, որոնցից է Երուսաղեմի հրեական համալսարանը, Թել Ավիվի համալսարանը, Տեխնոլոգիայի ինստիտուտը և այլն: Իսրայելում այժմ սովորում է մոտ 12 000 օտարերկրացի ուսանող.
Նկ. 5․ Ուսանողների արտահոսքը Իսրայելից և ներհոսքը դեպի Իսրայել՝ ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների (2010-2017թթ.)
2019 թվականի փետրվարին հայտարարվեց, որ, ներդնելով 123 մլն ԱՄՆ դոլար, 2022 թվականին Իսրայելում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը կհասցվի 24 000-ի: Եթե այդ ներդրումները ապահովեն պլանավորված արդյունքը և արտերկրում սովորող իսրայելցի ուսանողների թիվը շարունակի աճել վերջին տարիների աճի տեմպերով (տարեկան մոտ 4%), ապա Իսրայելը ստեղծման օրվանից առաջին անգամ կգրանցի «ուղեղների շրջանառության դրական հաշվեկշիռ»:
Այս թեմայով՝
2020-01-23 Ուղեղները պետք է հավաքագրել ողջ աշխարհից
2020-02-26 Սինգապուրի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ
2020-02-28 Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ
2020-03-09 «Ուղեղների արտահոսք»․ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
2020-03-15 Փյունիկը` մոխիրներից դեպի վերածնունդ. Հարավային Կորեա
2020-03-19 «Ուղեղների արտահոսք». Թուրքիա և Իրան