Amazon-ն անկասկած աշխարհի ամենահայտնի առցանց խանութն է։ Դրա հիմնադիր Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է ըստ հեղինակավոր Forbes ամսագրի։
Բեզոսը ծնվել է Նյու Մեքսիսկո նահանգի Ալբուկերկե քաղաքում։ Ի տարբերություն մեծ թվով երեխաների` ովքեր «տառապում» են ծնողների կողմից «ավելցուկային» (չափից ավելի) խնամքով, Բեզոսը գրեթե չէր տեսնում իր հարազատներին։ Նրա ծնողները սովորում էին բուհում և զուգահեռաբար աշխատում բանկային ոլորտում, ինչի հետևանքով չէին կարողանում շատ ժամանակ տրամադրել իրենց որդուն։ Այնուամենայնիվ, նրանք հույս ունեին, որ Ջեֆը կդառնա ընտանիքի պարծանքը՝ նկատելով նրա յուրահատուկ մտածելակերպը։
Դեռ տարրական դպրոցում սովորելու ժամանակ Բեզոսն անչափ շատ էր հետաքրքրվում սարքավորումներով և դրանց հետ կապված ամեն ինչով։ Նրան հետաքրքրում էր, թե ինչպես է աշխատում տեխնիկայի յուրաքանչյուր դետալը։ Որոշ ժամանակ անց նա սկսեց ինքնուրույն պատրաստել զանազան իրեր։ Օրինակ, սովորական սեղանի զարթուցիչից նա պարտաստեց դռան զանգ, իսկ անձրևանոցի և փայլաթիթեղի(ֆոլգայի) միջոցով նա կարողացավ ստանալ արևային մարտկոց։
Դպրոցը հաջողությամբ ավարտելուց հետո Բեզոսն ընդունվեց Պրինսթոնի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ։ Ինչպես և սպասվում էր, նա ավարտեց այն գերազանցությամբ։ Սակայն սովորելով համալսարանում՝ Բեզոսը հայտնաբերեց, որ այդ ոլորտը իրենը չէ և նա պատրաստ չէ ամբողջ կյանքը նվիրել այդ գործին։ Ջեֆը ցանկանում էր ստանալ «իսկական հանճարի» փառք և կատարել բեկումնային առաջընթաց համակարգչային ապահովման ոլորտում։
Համալսարանն ավարտելուն պես Բեզոսն աշխատանքի առաջարկներ ստացավ մեծ թվով ընկերություններից։ Այդպիսի տաղանդավոր և հեռանկարային մասնագետին ցանկանում էին աշխատանքի ընդունել այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք էին Intel-ը, Bell Labs-ը, Andersen Consulting-ը։ Սակայն Բեզոսն որոշեց ընդունել դեռևս նոր իր ճանապարհը սկսող Fitel ֆինանսական ընկերության առաջարկը։ Մի քանի տարի այնտեղ աշխատելուց հետո Ջեֆը հասկացավ, որ այդ ընկերությունը այլևս ոչինչ չի կարող նրան տալ իր մասնագիտական աճի ճանապարհին։ Նա աշխատանքի անցավ Banker Trust-ում, որտեղ ևս երկար չմնաց։
Վերջին ընկերությունը, որտեղ աշխատեց Բեզոսը, D.E.Shaw ներդրումային ընկերությունն էր, որն ամենամեծ և կարևոր գիտելիքները տվեց Բեզոսի ապագա հաջողությունների համար։ D.E.Shaw ընկերությունը թույլ տվեց նրան հասկանալ համացանցում փողի շրջանառության բոլոր մեխանիզմերն ու առանձահատկությունները։ Որքան նա ավելի շատ էր գիտելիքներ ձեռք բերում այդ ոլորտի վերաբերյալ, այնքան ավելի լավ էր հասկանում, որ համացանցում նա կարող է կառուցել իր «երազանքի բիզնեսը»։
Մտահղացումը
1994 թվականին իր գրասենյակում նստած մտածելուց նա հայտնաբերեց, որ շատ է ցանկանում զբաղվել էլեկտրոնային առևտրով։ Սակայն ի՞նչ վաճառել։ Բազում տարբերակներ դիտարկելով՝ նա այդպես էլ չկարողացավ ընտրություն կատարել։ Այնուհետև նրան զանգահարեց իր կինը, ով գրող էր և այդ պահին աշխատում էր վեպն ավարտելու վրա։ Բեզոսի միտքը փայլատակեց․ «Գրքեր։ Պետք է վաճառել գրքեր։ Այս ապրանքը չի պահանջում երաշխիքային սպասարկում և ոչ էլ փորձնական թեսթավորում»։ Հաջորդ օրը նա դուրս եկավ աշխատանքից և մեկնեց հոր մոտ «ներդրումների» համար։ Հայրը տվեց նրան իր բոլոր կուտակած միջոցները, որոնք կազմում էին գրեթե 300 հազ․ դոլար։
Սակայն այդ գումարը, միևնույն է, բավարար չէր։ Նախագծելով բիզնես-պլան՝ նա ներդրումների համար մեկնեց Սիեթլ ։ Զուգահեռաբար լուծվում էին նաև ընկերության գրանցման հետ կապված հարցերը։ Այն հարցին, թե ինչպես էր անվանվելու ընկերությունը, Բեզոսը պատասխանեց առաջին բառը, որը եկավ նրա մտքին։ «Թող լինի Կադաբրա», – ասաց նա։ Սակայն իրավաբանը նրան խորհուրդ տվեց որոշակի ժամանակ ծախսել ընկերության անվան ընտրության վրա։ Կնոջ հետ երկար քննարկումներից հետո Բեզոսն ընտրեց «Ամազոն» անվանումը։ Նրա կարծիքով Ամազոն գետը իր բազում վտակներով կարող է դառնալ յուրահատուկ խորհրդանշան իր նոր բիզնեսի համար։
Բեզոսն աշխատանքի ընդունեց Շել Կաֆան անունով ծրագրավորողին և վարձակալեց ոչ մեծ տարածք, որը դարձավ Ամազոնի առաջին գրասենյակը։ Ավտոտնակում տեղադրվեց երեք համակարգիչ Շելի, իր և Մաքքիզիի՝ իր կնոջ համար։ Մաքքինզին զբաղվում էր կազմակերպչական և հաշվապահական հարցերով։ Այդպես սկսվեցին Amazon.com-ի մեկնարկի աշխատանքները։
Բիզնեսի մեկնարկը
Կայքը մեկնարկել էր և առաջին ամիսն աշախատում էր առանց որևէ գովազդի։ Զարմանալի է, սակայն դեռևս այն ժամանակ Ամազոնը առաքում էր ապրանքներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ավելի քան 40 երկրներ։ Երեք ամիս աշխատելուց հետո խանութի շաբաթական վաճառքները հասնում էին 20 հազար դոլարի։
Չնայած այդպիսի արագ և հաջող մեկնարկին, Բեզոսը շարունակում էր բարելավել սպասարկումը։ Նա առաջիններից էր, ով ներդրեց հաճախորդների սպասարկման վերաբերյալ արձագանքների, ինչպես նաև էլեկտրոնային փոստի միջոցով պատվերի հաստատման համակարգերը։
Ամազոնը շատ արագ էր զարգանում, և մի քանի ամիս անց դրա մասին էին խոսում մի շարք հեղիանակավոր ամսագրեր։ Որոշ ժամանակ անց գրքերից բացի Ամազոնում հնարավոր էր գնել նաև այլ ապրանքներ՝ սկավառակներ, խաղալիքներ, էլեկտրոնային սարքեր, սպորտային ապրանքներ։
Նախագծի մեկնարկից երկու տարի անց Ամազոնը դարձավ հրապարակային ընկերություն։ Այդպիսի հաջողության չէր սպասում գուցե նաև հենց Բեզոսը։ Մի քանի օրվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի գներն եռապատկվեցին։ Բաժնետոմսերի գներն այնքան արագ էին աճում, որ Բեզոսը մի քանի տարվա ընթացքում դարձավ միլիարդատեր։
Գործունեության ընդլայնում
Բեզոսը շարունակեց ընդլայնել իր բիզնեսը։ Առաջին հերթին Ամազոնը ձեռք բերեց հեղինակավոր IMDb-ի տվյալների բազան։ Այնուհետև ընկերությունը դարձավ Alexa Internet-ի սեփականատերը։ Որոշ ժամանակ անց էլ Ամազոնը ներկայացրեց իր սեփական նախագծված ծառայությունը՝ A9 փնտրման համակարգը։ Դա հնարավորություն է տալիս գտնել տարատեսակ ապրանքներ առցանց-խանութներում։ Այնուհետև Ամազոնը ձեռք բերեց չինական Joyo.com առցանց-խանութը, ինչի շնորհիվ ամրապնդեց իր դիրքերն ասիական տարածաշրջանում։
Ամազոնը նաև ունի սեփական արտադրության բազմաթիվ ապրանքներ։ Դրանցից մեկն ամենահայտնի էլեկտրոնային գիրք Kindle-ն է։ Բեզոսը չէր օգտագործել վճարովի գովազդ այս սարքի համար, որի ամբողջ հաջողությունը կառուցվել է բացառապես հաճախորդների դրական արձագանքների հիման վրա։
Այժմ Ամազոնը ոչ միայն համարվում է ամենախոշոր առցանց-խանութներից մեկը, այլ նաև ընդհանրապես վաճառքների առաջատար ընկերություններից մեկն ամբողջ աշխարհում։ Ամազոնից ապրանքներ կարելի է պատվիրել աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրում։ Այն վաղուց վերաճել է առցանց-խանութից՝ դառնալով հսկայական էկոհամակարգ։ Այժմ ընկերությունում աշխատում են ավելի քան 600 հազար աշխատողներ, իսկ Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան 100 մլրդ դոլար կարողությամբ։