Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բիզնեսին ճգնաժամային վարկային պորտֆելներ առաջարկելու միջոցառումներին: «Վարկերի ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորելու է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորելու է կառավարությունը: Այսինքն` տնտեսավարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ: Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով.
Տնտեսավարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ամսական 500 հազար դրամի չափով աջակցություն՝ ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Այսինքն` եթե տնտեսավարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի:
Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորություններ:
Երրորդը՝ սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Չորրորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
Հինգերորդը՝ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծուման դեպքում, երբ գնված կամ ներմուծված սնունդը պետք է իրացվի Հայաստանում:
Վեցերորդը՝ պարատանյութ, սերմ, տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Անդրադառնալով այդ վարկերի նկատմամբ հիմնական պահանջներին՝ վարչապետն ասաց, որ պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: «Ժամկետը լինելու է մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը՝ տարեկան 0-6 տոկոս:
Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետևյալ չափով. աշխատավարձի պարագայում՝ մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի պարագայում՝ 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի և երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի: