Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը վեց ամիս ժամկետով կլինի 0 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, այսպիսի որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում:
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով»,- նշված է հայտարարությունում:
Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը: