Համաշխարհային ֆոնդային բորսաների պատմության մեջ վատագույն շաբաթներից մեկն ավարտվել է խոշոր առևտրային հարթակների մեծ մասում ցուցիչների աճով: Այդ մասին են վկայում մարտի 13-ի աճուրդների տվյալները, գրում է korrespondent.net-ը:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ կորուստները սկսվել էին «սև երկուշաբթիից» և պայմանավորված էին նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմամբ և կորոնավիրուսի համավարակի պատճառով մտահոգություններով:
Մայրցամաքային Չինաստանի` Շանհայի և Շենչժենի առևտրային հարթակներում հիմնական ցուցիչներն ուրբաթ նվազել են համապատասխանաբար 1,23% և 1,08%-ով` հասնելով 2887,43 և 1798,99 կետի: Մեկ շաբաթում առաջինը կորցրել է 4,84%, երկրորդը` 6,06%:
Մարտի 13-ի տվյալների համաձայն` հոնկոնգյան Hang Seng-ը նվազել է 1,11%-ով` մինչև 3323,96 կետի, չնայած ուրբաթ առավոտյան այն տապալվել է ավելի քան 7%-ով: Մեկ շաբաթում կորուստները կազմել են 8,6%:
Ճապոնական Nikkei-ն ուրբաթ նվազել է 6,08%-ով` մինչև 16886,97 կետի: Մեկ շաբաթում այն կորցրել է 18,6%, իսկ մեկ ամսում` 29,13%:
Եվրոպական ու ամերիկյան ցուցիչները, որոնք մեկ շաբաթում 2 «փլուզում են վերապրել», վերադարձել են «կանաչ գոտի»: Մասնավորապես, Նյու Յորքի ֆոնդային բորսայում վաճառքներն ավարտվել են հիմնական ցուցիչների աճով: Dow Jones-ն աճել է 9,36%-ով` հասնելով 23185,62 կետի, S&P 500-ն աճել է 9,22%-ով` մինչև 2709,23 կետի: Nasdaq-ի ինդեքսն ավելացել է 9,34%-ով` հասնելով 7874,23 կետի: Այնուամենայնիվ, անցած ուրբաթ օրվանից ԱՄՆ հիմնական ցուցիչները կորցրել են միջինը 9-9,5%:
Բրիտանական FTSE 100 ինդեքսն ավելացել է 2,46%-ով` հասնելով 5366,11 կետի: Մեկ շաբաթում կորուստները կազմել են 17%: Ֆրանսիական CAC 40-ն ավելացել է 1,83%-ով` մինչև 4118,36-ի: Գերմանական DAX-ն աճել է 0,77%-ով` հասնելով 9232,08-ի:
Աղբյուրն՝ այստեղ։