Ժամանակակից աշխարհում պետությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների, որոնցից մեկը «ուղեղների արտահոսքն» է: Այն մեծ սպառնալիք է հատկապես փոքր պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է: Մարդկային ռեսուրսների փոքր ծավալ ունեցող մեր երկրի դեպքում մեկ լավ մասնագետի կորուստը ավելի աղետաբեր է, քան, օրինակ, Ռուսաստանից հարյուր լավ մասնագետի կորուստը: Բացի այդ, Հայաստանի նման փոքր պետություններում մտավոր կապիտալի շարժը վերածվում է «միակողմանի երթևեկության», քանի որ երկիրը գրավիչ չէ արտերկրի մասնագետների համար:
Ներկայացնենք Հայաստանից ու տարածաշրջանի մի քանի երկրներից «ուղեղների արտահոսքի» դինամիկան, չափերը, միտումները և դրա դեմ մղվող պայքարը:
Հայաստան
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների` հայաստանյան բուհերում սովորում է մոտ 70 հազար ուսանող, որոնց ընդամենը 6.1%-ն է օտարերկրացի (նկ. 1): Մեծամասնությունը ՌԴ-ից, Վրաստանից ու Հնդկաստանից է: Դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանից ու Վրաստանից ժամանողների հիմնական մասը այդ երկրներում բնակվող հայերն են:
Մինչև 2007 թվականը Հայաստանում սովորող օտարերկրացիներն ավելի շատ են եղել, քան արտերկրում սովորող հայաստանցիները: Այժմ հարաբերակցությունը փոխվել է (նկ. 2): Պատճառն այն չէ, որ ավելի քիչ օտարերկրացիներ են ընտրում Հայաստանը, պարզապես 2007 թվականից աճել է արտերկիր մեկնող հայաստանցիների թիվը։ Դա պայմանավորված է տեխնիկական նոր հնարավորությունների, ինչպես օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի ի հայտ գալով, որոնք կարծես կրճատել են տարածությունը երկրների միջև։ Կարևոր հանգամանք է նաև «Լույս» հիմնադրամի ստեղծումը, որով 2009 թվականից ապահովվել է արտերկրում հայաստանցի ուսանողների թվաքանակի կայուն աճ: Հայաստանցի ուսանողների հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլն:
Արտերկրում սովորելու համար հայաստանցիների մի մասը դիմում է հայաստանյան կրթաթոշակային ծրագրերին, ինչպիսիք են «Իմ Քայլը» (մինչև 25 հազար ԱՄՆ դոլար) և «Գալուստ Գյուլբենկյան» (մինչև 50 հազար ԱՄՆ դոլար) հիմնադրամների, ինչպես նաև «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» (մինչև 7500 ԱՄՆ դոլար) և «Հայ կրթական հիմնարկության» (մինչև 1000 ԱՄՆ դոլար) կրթաթոշակային ծրագրերը: Մյուս մասը դիմում է արտասահմանյան կրթական կազմակերպություններին։ Դրանցից որոշները ներկայացուցչություն ունեն նաև Հայաստանում, օրինակ` Education USA-ը, DAAD-ը, «Բաց հասարակության հիմնադրամները» (այսպես կոչված` «Սորոսի հիմնադրամը»), «British Council»-ը և այլն:
Որոշ ուսանողներ ավելի նպատակահարմար ճանապարհ են համարում օտարերկրյա համալսարանին ուղիղ դիմելը և ընդունելության ու հնարավոր կրթաթոշակների մասին տեղեկանալը: Այդ «նպատակահարմարությունը» պայմանավորված է նրանով, որ կրթաթոշակային ծրագրերը ուսանողներին, որոշ դեպքերում, ներկայացնում են ուսման ավարտից հետո Հայաստան վերադառնալու և աշխատելու պահանջներ։ Ուսանողները դրանցից ազատվում են, եթե ինքնուրույն են գտնում նախընտրելի համալսարանը, պատրաստվում, ընդունվում ու օգտվում համալսարանում առաջարկվող կրթաթոշակներից: Հայաստանցի ուսանողների վերադարձի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, ուստի երաշխիքներ չկան, որ ներկայացված պահանջները իրապես կատարվում են: Հաշվետվություն չի տրամադրել նաև տարիներ շարունակ երիտասարդներին արտերկիր «գործուղած» «Լույս» հիմնադրամը, իսկ եթե փորձենք հավատալ 2016 թվականին «Հրապարակ» օրաթերթին տված պատասխանին այն մասին, որ իրենց կողմից ֆինանսավորված ուսանողների մոտ 60-70%-ը վերադարձել է Հայաստան, էլի թեթևացած «շունչ քաշելու» առիթ չունենք, քանի որ ուղեղների ավելի քան 30-40% կորուստը փոքր է Չինաստանի կամ, օրինակ, Ռուսաստանի, բայց ոչ մեր փոքրիկ երկրի համար:
Հայաստանից «ուղեղների արտահոսքը» մեղմելու համար իրականացվող ծրագրերը շատ քիչ են: Դրանցից է «Որակավորված հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրը, որի շրջանակներում եվրոպական 27 երկրներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք ունեն բարձր որակավորում բժշկության, մշակույթի, պետական ու մասնավոր աշխատանքի, միգրացիայի և այլ ոլորտներում, հնարավորություն են ստանում ժամանակավորապես աշխատելու ՀՀ նախարարություններում, հիվանդանոցներում, պետական ու մասնավոր այլ հիմնարկներում: Այս ծրագիրը 2006 թվականից պարբերաբար իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Այսինքն` այսպիսի ծրագրերը ոչ միայն քիչ են ու չհամակարգված, այլև դրանց իրականացման գործում Հայաստանը չի դրսևորում զգալի նախաձեռնողականություն: Պատճառն այն է, որ մեր երկիրը չունի «ուղեղների արտահոսքի» կանխման հստակ քաղաքականության:
Ադրբեջան
Ուսանողների ներհոսքը դեպի Ադրբեջան և արտահոսքն այնտեղից տարիներ շարունակ ունեցել են շատ փոքր ծավալ: Իրավիճակը փոխվեց, երբ 2007 թվականին հրապարակվեց օտարերկրյա կրթության մասին պետական ծրագիրը, որը ֆինանսավորում է ադրբեջանցի երիտասարդների կրթությունը արտերկրում: Ծրագրի համաձայն` յուրաքանչյուր երիտասարդ, ով մեկնում է արտերկիր, պայմանագիր է կնքում Ադրբեջանի Կրթության նախարարության հետ: Պայմանագրով ուսանողը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո 2 ամսվա ընթացքում վերադառնալ Ադրբեջան և աշխատել այնտեղ 5 տարի` առանց ընդհատման: Պայմանը չկատարելու դեպքում ուսանողը ստիպված է 2 ամսվա ընթացքում փոխհատուցել իր կրթության բոլոր ծախսերը, որ հոգացել է նախարարությունը:
Թեպետ այս պետական ծրագրի գործարկման արդյունքում կտրուկ ավելացավ արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողների թիվը (նկ. 3), սակայն ծրագիրը էական թերացումներ ունի, այդ թվում.
- անբավարար թափանցիկություն և հաշվետվողականություն,
- զանազան անհրաժեշտությունների (բնակարան, սնունդ, գրքեր և այլն) տրամադրման ձգձգումներ,
- անհետևողականություն դրված նպատակների նկատմամբ. ծրագրով նախատեսվում էր, որ 2007-15 թվականներին արտերկրում պետք է սովորեր մոտ 5000 ուսանող, մինչդեռ իրականությունը շատ հեռու էր նախատեսածից. 2007-15 թվականներին սովորեց ընդամենը 1824 ուսանող,
- ներդրումների վերադարձը ապահովող պատշաճ մեխանիզմների բացակայություն. ներդրումները անարդյունք էին լինում այն դեպքերում, երբ ուսանողը կեսից ձախողում էր ուսումնական ծրագիրը կամ ավարտելուց հետո չէր վերադառնում Ադրբեջան:
Հյուրընկալող 32 երկրների շարքում ամենանախընտրելի երկիրը, ինչպես և Թուրքիայի դեպքում, Մեծ Բրիտանիան (39%) է, ապա Թուրքիան (29%), Գերմանիան (16%) և այլն:
Վրաստան
Խորհրդային միության փլուզումից հետո, երբ Վրաստանը, ինչպես և Հայաստանը, գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում, սկսվեց երիտասարդ մասնագետների զանգվածային արտագաղթ: Աղքատության և կրթության վատ ֆինանսավորման պատճառով կրթական համակարգում աճել էր կոռուպցիան, գիտական աստիճանները տրվում էին կաշառքով: Երբ տարիներ հետո բարձրագույն կրթական համակարգում նկատվեցին առողջացման առաջին նշանները, Վրաստանն արդեն կորցրել էր ուսանողների` երկրի ապագայի պատասխանատուների մի քանի սերունդ:
Վրաստանում ուսանողների հոսքերի մասին կարելի է պատկերացում կազմել UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի ներկայացրած տվյալներից.
Քանի որ հետվերադարձի մասին թվային պաշտոնական տվյալներ չկան, հիմնական միտումները բացահայտելու համար Պրահայի տնտեսագիտական համալսարանի կողմից կատարվել են ընտրանքային հետազոտություններ արտերկրում և Վրաստանում: Պարզվել է, որ արտերկրում սովորող ուսանողների 77%-ն ավարտելուց հետո չի պատրաստվում վերադառնալ հայրենիք: Գլխավոր պատճառը Վրաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակն է` գործազրկություն, ցածր աշխատավարձեր, գործատուի դոմինանտություն` և՛ հոգեբանական, և՛ իրավական իմաստով, պետության կողմից տրվող անբավարար սոցիալական աջակցություն և այլն: Իսկ Վրաստանում կատարված հետազոտությունները փաստում են, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների կեսից ավելին մտադրություն ունի մեկնել արտերկիր, և դրդապատճառները դարձյալ պայմանավորված են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով:
Ընդունված է ասել, որ «ուղեղների արտահոսքը» պայմանավորված է, այսպես կոչված, «հրող» (push) և «ձգող» (pull) գործոններով: «Հրող» գործոնները երկրի այն բնութագրիչներն են, որոնք ստիպում են հեռանալ, իսկ «ձգող» են համարվում այլ երկրի այն գործոնները, որոնք գրավում են ուսանողներին` ապրելու այդ երկրում: Վրաստանի պարագայում «հրող» գործոններն են երկրի աղքատության մակարդակը, ցածր աշխատավարձերը, կոռուպցիան, վատ կրթական համակարգը, քաղաքական անբարենպաստ իրավիճակը և այլն, «ձգող» գործոններն են, օրինակ, արտերկրի բարձրորակ կրթությունը, օտար բուհի միջազգային հեղինակությունը և այլն: Այսպիսով` կարելի է նկատել, որ Վրաստանի դեպքում առավել վճռորոշ են «հրող» գործոնները, ինչը նշանակում է, որ առաջնային խնդիրը ոչ թե վրացական բուհերի արտաքին գրավչության բարձրացումն ու մարքեթինգային տարբեր հնարքների կիրառումն է, այլ ակնհայտ խնդիրների, անթույլատրելի սխալների վերացումն ու բացերի ծածկումը:
2000-ականներից սկսած վրացական կառավարությունը իրականացնում է մի շարք ծրագրեր բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխելու համար: Նախ արտերկրում ապրող հայրենակիցները սկսեցին դիտվել ոչ թե միայն որպես հնարավոր ֆինանսավորող, այլ նաև պոտենցիալ մարդկային ռեսուրս: Նախարարությունը գործունեությունը կենտրոնացրեց այդ մարդկային ռեսուրսը Վրաստան բերելու նպատակի վրա: Ամենահետաքրքիր ծրագրերից մեկը «Որակավորված հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրն է, որը, ինչպես նշեցինք վերևում, իրականացվել է նաև Հայաստանում: Ծրագրի միջոցով արտերկրում ապրող վրացիները կարճ այց են կատարում դեպի Վրաստան` իրենց մասնագիտական կարողությունները փոխանցելու Վրաստանում ապրող իրենց հայրենակիցներին: Այս այցերը կարող են վճռորոշ լինել և նպաստել հայրենադարձությանը: Դրա հավանականությունը մեծացնելու համար 2004 թվականից Վրաստանում թույլատրված է երկքաղաքացիությունը:
Բացի ներհոսքը խթանելուց` Վրաստանը սկսեց քայլեր ձեռնարկել վրացի երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով արտերկիր ուղարկելու համար. 2005 թվականից տրամադրվում են կրթաթոշակներ: Այնուհետև «Վրաստանի նախագահին առընթեր զարգացման և բարեփոխումների հիմնադրամի» աջակցությամբ ստեղծվեց «Ստան Ստորիմանս» կրթաթոշակային ծրագիրը` նախատեսված վրացի լրագրողների համար, ովքեր կարող են հմտություններ ու փորձ ձեռք բերել Նիդերլանդներում:
Չնայած իրականացված և իրականացվող այս բոլոր ծրագրերին` «ուղեղների արտահոսքը» դեռևս չի կանխվել, քանի որ, որքան էլ տարօրինակ հնչի, Վրաստանը, ինչպես և Հայաստանը, չունի «ուղեղների արտահոսքի» կանխման հստակ ռազմավարություն, իսկ ծրագրերը կրում են տարերային, չհամակարգված բնույթ: «Ուղեղների արտահոսքի» կանխման ռազմավարության համար նախ անհրաժեշտ է աշխատաշուկայի և կրթության ոլորտի որակ ու կազմակերպվածություն, իսկ հետո ամենակարևորը` այդ երկու ոլորտների կապվածություն: Կրթությունը ինքնանպատակ և ինքնուրույն ոլորտ չէ, այն պետք է սերտորեն կապված լինի աշխատաշուկային և արտացոլի աշխատաշուկայի որակական և քանակական պահանջները: Իսկ «աշխատաշուկա-կրթություն» համատեղ ռազմավարությունն էլ պետք է բխի պետության ընդհանուր ռազմավարությունից, հակառակ դեպքում բոլոր ծրագրերը կլինեն ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնում:
Ընդհանուր առմամբ` կարելի է նկատել, որ երեք երկրներում էլ «ուղեղների արտահոսքի» ու օտարերկրացի տաղանդավոր երիտասարդների ներգրավման մոտավորապես նույն միտումներն են տիրում, երեքի դեպքում էլ առկա է բացասական հաշվեկշիռ, այսինքն` ավելի շատ գնում են, քան գալիս.
Ադրբեջանից ուսանողների արտահոսքը ամենամեծն է հարևան պետությունների շարքում (14.7%), մինչդեռ օտարերկրացի ուսանողները Ադրբեջանում ունեն 2% մասնաբաժին։ Այսինքն՝ Ադրբեջանից ուսանողների այդչափ մեծ ծավալի արտահոսքը չի փոխհատուցվում օտարերկրացի ուսանողների ներհոսքով (նկ. 3)։ Պատճառն այն է, որ ուսանողներին արտերկիր ուղարկելուց բացի զուգահեռաբար ջանքեր չեն գործադրվել տեղի կրթության որակը և գրավչությունը բարձրացնելու համար: Վրաստանից թեպետ «ուղեղների արտահոսքը» դադարեցված չէ (6.4%), սակայն ջանքերը ուղղված են նաև տեղական կրթության որակի բարձրացմանը. արդյունքը օտարերկրացի ուսանողների աճող ներհոսքն է դեպի Վրաստան (5%), հատկապես վերջին 5-6 տարիներին (նկ. 4): Հայաստանից արտերկիր մեկնած ուսանողների թիվը հարևան երկրների համեմատ բացարձակ արժեքով ամենացածրն է, սակայն հայաստանցի ուսանողների ընդհանուր թվի մեջ ունեցած տեսակարար կշռով (9.7%) բավականին մեծ է և զիջում է միայն Ադրբեջանին։ Իսկ օտարերկրացի ուսանողների մասնաբաժնով (6%) գերազանցում է և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին, բայց չենք կարող անտեսել այն կարևոր հանգամանքը, որ այդ ուսանողների մեծ մասը ՌԴ-ի ու Վրաստանի հայերն են։ Այսինքն՝ չկա օբյեկտիվ հիմք պնդելու, որ հայաստանյան բուհերը օտարերկրացիների համար ավելի գրավիչ են, քան օրինակ՝ վրացական բուհերը, որտեղ օտարերկրացիների մասնաբաժինը այնքան էլ փոքր չէ Հայաստանից։
«Ուղեղների» արտահոսքի ու ներհոսքի կարգավորումը լուրջ հրամայական է պետությունների համար, քանի որ մարդկային ռեսուրսներն են ստեղծելու երկրի ապագան․ որքան որակյալ լինեն այդ ռեսուրսները, այնքան որակյալ կլինի երկրի ապագան։ Պետք է նաև գիտակցել, որ թեպետ մտավոր կապիտալում ներդրում անելը բարդ ու ժամանակատար գործընթաց է, սակայն ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար այլ ճանապարհ չկա:
Այս թեմայով՝