Այսօր միջազգային մակարդակում երկրները մրցակցում են ավելի լավ մասնագետներ պատրաստելու, իրենց անհրաժեշտ մասնագետներին ներգրավելու և պահելու նրանց, ովքեր երկրներին բերում են մրցունակություն, նորարարություն և աճ, միևնույն ժամանակ ձգտում են մշակել տնտեսական և սոցիալական քաղաքականություն, որը կնպաստի այդ գործընթացին:
Արտադրության գործոններն ավելի ու ավելի շարժուն են դարձել տարբեր երկրների միջև՝ տեղական ու գլոբալ մակարդակով ստեղծելով արտադրության նոր մոդելներ բոլոր ոլորտներում՝ արդյունաբերությունից մինչև հեռահաղորդակցություն, առողջապահություն և կրթություն: Մարդկային ռեսուրսներն այս տեղաշարժից նույնպես չեն խուսափում, այսօր բարձր շարժունակ աշխատուժը փնտրում է աշխատանքի տեղավորման հնարավորություններ իր ծագման երկրի սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր շաբաթ միլիոնավոր աշխատողներ հատում են իրենց երկրների սահմանները (գծապատկեր 1):
Գծապատկեր 1․ Աշխարհի շրջանների միջև որակավորված և չորակավորված աշխատուժի միգրացիան
Հաճախ տեսնում ենք, թե ինչպես են երկրները ձեռնարկում կոնկրետ քայլեր, մշակում տարբեր միջոցառումներ, լինի դա կարգավորում, քաղաքականության փոփոխություն կամ խթաններ, անհրաժեշտ մասնագետների արտահոսքը կանգնեցնելու, արտերկրից ավելի լավ մասնագետներ ներգրավելու և երկրում պահելու համար: Այդ համատեքստում կառավարությունները, բիզնեսները և այլ շահագրգիռ կողմերը քանակական գործիքների կարիք ունեն, որոնք կարող են տեղեկացնել իրենց որոշումների մասին և օգնել նրանց մշակելու և իրականացնելու ավելի լավ քաղաքականություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը և ներգաղթը։
Դա բերեց նրան, որ Սինգապուրի մարդկային կապիտալի առաջնորդության ինստիտուտը (HCLI), համագործակցելով Եվրոպայի բիզնեսի կառավարման ինստիտուտի (INSEAD) հետ՝ մշակեց Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը (GTCI): Հիմնվելով մանրակրկիտ գնահատման և վերլուծության վրա՝ քաղաքական և բիզնես որոշումներ կայացնողներին ինդեքսը փորձում է տեղեկացնել տաղանդների վերաբերյալ մի շարք գործոնների մասով տարբեր երկրների հարաբերական ուժեղ կողմերի մասին:
GTCI-ն բաղադրյալ ինդեքս է՝ հիմնված պարզ, բայց վստահելի մուտքային-ելքային մոդելի վրա, որը բաղկացած է վեց բաղադրիչներից (չորսը՝ մուտքային մասում և երկուսը՝ ելքային): Մուտքային մասում ներառվում են Հնարավորությունը, Ներգրավումը Պատրաստումը և Պահպահումը, իսկ ելքայինում՝ Մասնագիտական ու տեխնիկական հմտությունները և Գլոբալ գիտելիքների հմտությունները։ Բացի այդ, այս բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաղադրիչները։ Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը (GTCI) հաշվարկվում է որպես այդ վեց բաղադրիչներից յուրաքանչյուրում գրանցված միավորների պարզ միջին թվաբանական:
Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսի յոթերորդ զեկույցը` GTCI 2020-ի հրապարակումը, հիմնված է GTCI-ի ավելի վաղ բացահայտումների վրա և մեկ քայլ առաջ անցնելով՝ կենտրոնացել է արհեստական բանականության դարաշրջանում տաղանդների մրցունակության վրա: Երկրների համար աշխատանքի այս նոր միջոցին հարմարվելը կարևոր է, որպեսզի զարգացնեն իրենց տնտեսությունները և մրցունակ մնան համաշխարհային շուկայում:
Անդրադառնալով արհեստական բանականության դարաշրջանում համաշխարհային տաղանդների թեմային՝ GTCI 2020 զեկույցն ուսումնասիրում է, թե ինչպես է արհեստական բանականության զարգացումը փոխում աշխատանքի բնույթը և ստիպում վերանայել աշխատատեղերը, կորպորատիվ կառուցվածքները և նորարարական էկոհամակարգերը:
GTCI 2020-ի հաշվարկներում ներառվել են ընդհանուր 70 ցուցանիշներ՝ GTCI 2019-ում օգտագործված 68-ի փոխարեն: Ուսումնասիրված երկրների թիվը նույնպես աճել է՝ 125-ից հասնելով 132-ի և ծածկելով համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը և աշխարհի բնակչության 94%-ը:
GTCI-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում շարունակում են մնալ զարգացած, բարձր եկամուտ ունեցող երկրները: Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Եվրոպական երկրները․ դրանցից 13-ը լավագույն 20-ում են: Այս անգամ ևս Շվեյցարիան կրկին պահպանում է իր դիրքերը առաջին հորիզոնականում, որին հաջորդում են ԱՄՆ-ն և Սինգապուրը: Ոչ եվրոպական երկրներից լավագույն տասնյակում է նաև Ավստրալիան (աղյուսակ 1)։
Աղյուսակ 1․ GTCI 2020-ի լավագույն քսան երկրները
Շվեյցարիան շարունակում է մնալ առաջատարը բոլոր մուտքային և ելքային բաղադրիչներով, չնայած՝ բարձր միավորներ չունի գենդերային հավասարության կամ փոքրամասնությունների հանդուրժողականության ենթաբաղադրիչներով: ԱՄՆ-ը գլխավորում է տեխնոլոգիաների օգտագործման և նոր տեխնոլոգիաներում ներդրումների ենթաբաղադրիչը: Սինգապուրն առաջատարն է ռոբոտների խտությամբ: Շվեդիան (4-րդ հորիզոնական) շարունակում է լավ հանդես գալ հատկապես կարգավորիչ և շուկայական միջավայրի մասով: Դանիան (5-րդ հորիզոնական) տաղանդների պահպանման առաջատարն է: Մասնագիտական և տեխնիկական հմտությունները Նիդեռլանդներին (6-րդ հորիզոնական) և Ֆինլանդիային (7-րդ հորիզոնական) օգնում են լավագույն տասնյակում լինել: Լյուքսեմբուրգը (8-րդ հորիզոնական) լավ արդյունքներ ունի նորարարության և ձեռներեցության մեջ, բայց կատարելագործման կարիք ունի ֆորմալ կրթության ոլորտում: Նորվեգիան (9-րդ հորիզոնական) ներքին տաղանդներին պահպանելու առաջատարն է: Լավագույն տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որը գլխավորում է ֆորմալ կրթության և տաղանդների ներգրավման ենթաբաղադրիչներով։
Հայաստանը GTCI 2020 զեկույցում
GTCI 2020 զեկույցում ներառված է նաև Հայաստանը։ Այն 43․52 միավորով 132 երկրների մեջ զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը։ Ինդեքսի 6 բաղադրիչների մասով հետևյալ հորիզոնականներն են․ Աջակցություն (Հնարավորություն)՝ 61-րդը, Ներգրավում՝ 59-րդը, Պատրաստում՝ 100-րդը, Պահպանում՝ 64-րդը, Մասնագիտական և տեխնիկական հմտություններ՝ 49-րդը, Գլոբալ գիտելիքների հմտություններ՝ 47-րդը։
2020թ․ զեկույցում Հայաստանը միջինից բարձր եկամուտներ ունեցող խմբում (36 երկիր) Մասնագիտական և տեխնիկական հմտություններ (7-րդը խմբում) և Գլոբալ գիտելիքների հմտություններ ցուցանիշներով (6-րդը խմբում) լավագույն կատարողներից է։
Տարածաշրջանային խմբում, որն ընդգրում է Հյուսիսային Աֆրիկան ու Արևմտյան Ասիան և ներառում է 18 երկիր, Հայաստանը 4 բաղադրիչներով լավագույն տասնյակում է։
Հարևան երկրներից Հայաստանը զիջում է միայն Ադրբեջանին, ընդ որում՝ բոլոր բաղադրիչներով, բացառությամբ Գլոբալ գիտելիքների հմտությունների։ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը զիջում է Ռուսաստանին (48-րդ տեղ) և Ղազախստանին (54-րդ տեղ)։ Բելառուսը վարկանիշային աղյուսակում ներառված չէ։ Տաղանդներին աջակցելու և Մասնագիտական և տեխնիկական հմտություններ ցուցանիշներով ԵԱՏՄ երկրների մեջ առաջատարն ենք (աղյուսակ 2)։
Աղյուսակ 2․ 2020թ․ Հայաստանի և հարևան ու ԵԱՏՄ երկրների վարկանիշերը
(ընդհանուր և ըստ բաղադրիչների)
Հայաստանի վերաբերյալ ցուցանիշները և դրանց փոփոխություններն ավելի մանրամասն ներկայացված են «Ինչպես է Հայաստանը մրցակցում տաղանդների համար» հոդվածում։
Քաղաքների մրցակցությունը տաղանդների համար
Տաղանդների էկոհամակարգերը հաճախ որոշվում են քաղաքների մակարդակով. գլոբալ քաղաքները հիանալի մագնիս են միջազգային տաղանդների համար: GTCI-ն ընդգրկում է նաև տաղանդների մրցակցության գլոբալ քաղաքների ինդեքսը (GCTCI), որը ցույց է տալիս, թե որքան լավ են որոշ գլոբալ քաղաքներ հրապուրում տաղանդներին դեպի իրենց քաղաքային կլաստերները:
GCTCI 2020 ինդեքսը ներառում է 155 քաղաք։ Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են երեք եվրոպական, երեք ասիական քաղաքներ, իսկ մնացած չորսը՝ ԱՄՆ-ից:
Քաղաքային հանգույցները, որոնք գործում են արհեսատական բանականության կամ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում, լավ տեղադիրք ունեն վարկանիշային աղյուսակում: Տաղանդների համար մրցակցող քաղաքների լավագույն հնգյակում գտնվող քաղաքները հայտնի են զարգացող տեխնոլոգիաներ, ներառյալ ֆինանսական տեխնոլոգիաները և բժշկական տեխնոլոգիաները, ներգրավելով. Նյու Յորք, Լոնդոն, Սինգապուր, Սան Ֆրանցիսկո և Բոստոն:
Հարևան երկրների քաղաքներից այդ ցանկում են հայտնվել Ստամբուլը (91-րդը), Բաքուն (131-րդը), Անկարան (132-րդը), իսկ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքներից՝ Մոսկվան (55-րդը), Սանկտ Պետերբուրգը (111-րդը), Մինսկը (126-րդը)։ Ցանկում են նաև Թել Ավիվը (72-րդը) և Կիևը (139-րդը)։
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և GTCI-ն
Մեծ հարաբերակցություն գոյություն ունի մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և GTCI-ի միջև: Դա պարզեցված եղանակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է տաղանդների մրցունակությունը հարաբերվում երկրի տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակի հետ։ Այն ներկայացվում է հետևյալ գծապատկերի միջոցով: Հայաստանը նույնպես ներկայացված է այդ գծապատկերում և զբաղեցնում է միջին դիրք։
Մենք տեսնում ենք, որ այսօր բարձր շարժունակ աշխատուժը փնտրում է աշխատանքի տեղավորման հնարավորություններ իր ծագման երկրի սահմաններից դուրս։ GTCI-ն ցույց է տալիս այն գնահատականը, թե ինչ են անում երկրները բարձր որակավորված աշխատուժ ներգրավելու ու պատրաստելու համար: GTCI-ի համատեքստում տաղանդների մրցակցությունը վերաբերում է քաղաքականությունների և գործողությունների այն համախմբին, որը երկրին հնարավորություն է տալիս զարգացնել, ներգրավել և ընդլայնել իր մարդկային կապիտալը, ինչն էլ նպաստում է արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: