Թոմաս Ջոնսթոուն Լիպտոնը ծնվել է 1848 թվականին շոտլանդական Գլազգո քաղաքում։ Նրա ընտանիքն ուներ մթերային խանութ, և տան բոլոր երեխաներն օգնում էին ծնողներին խանութի հետ կապված առօրյա գործերում։ Սակայն Թոմասն առանձնահատուկ հաճույքով էր դրանք անում։ Դեռ մանկուց նա երազում էր զբաղվել բիզնեսով, իսկ ծնողների խանութում մանր աշխատանքները ուսուցում և մարզանք էին ապագա մեծ ձեռքբերումների համար։ Շուտով նա սկսեց աշխատել նաև հագուստի արտադրամասում, իսկ այնուհետև՝ որպես խանութի վաճառողի օգնական։ Տեսնելով ինչպես են ընկերություններն աշխատում ներսից՝ Թոմասը մտքում նախագծում էր իր ապագա բիզնես գործունեությունը։
Երբ Թոմասն ընդունվեց որպես նավախուցի սպասավոր, թվում էր, թե ճակատագիրը նրան լրիվ այլ ուղղությամբ էր տանում։ Չնայած, որ նավը շարժվում էր Գլազգոյից (Շոտլանդիա) մինչև Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա), այդ գործը նրա մեջ ճանապարհորդելու մեծ ցանկություն առաջացրեց։
14 տարեկան հասակում Թոմաս Լիպտոնը շոգենավով մեկնեց Ամերիկա։ Նա իր մոտ ոչ տոմս ուներ և ոչ էլ գումար։ Սակայն աշխարհը տեսնելու նրա ձգտումը ավելի ուժեղ էր, քան վախը։ Ժամանելով Ամերիկա՝ Թոմասը անմիջապես չկարողացավ կողմնորոշվել, թե ինչով զբաղվել։ Սկզբից նա աշխատում էր Վիրջինիայի ծխախոտի պլանտացիաներում, այնուհետև՝ Հարավային Կարոլինայի բրնձի պլանտացիաներում։ Այդպիսով նա շրջագայում էր ամբողջ երկրով՝ կատարելով «սև», ցածր վարձատրվող աշխատանքներ։ Բախտը նրան ժպտաց միայն 4 տարի անց, երբ Նյու Յորքի հաջողակ մթերային խանութներից մեկում նա աշխատանքի անցավ որպես գրասենյակային աշխատող։ Այդ փորձը Թոմասին թույլ տվեց հասկանալ և ձևավորել իր բիզնեսի հիմնական սկզբունքները, որոնք հետագայում հաջողություն բերեցին նրա մթերային խանութներին և թեյի բրենդին։ Գրեթե ամեն ինչ նա սովորել էր այդ տարիներին, այդ թվում՝ ինչպես կազմակերպել, ինչպես վաճառել և ինչպես գովազդել։
Առաջին սեփական բիզնեսը
1869 թվականի գարնանը 21-ամյա Լիպտոնը վերադարձավ հայրենիք։ Երկու տարի անց կուտակելով 180 ֆունտ ստերլինգ՝ Լիպտոնին հաջողվեց բացել իր առաջին մթերային խանութը Գլազգոյում։
Թոմասը և՛ վաճառող էր, և՛ գնորդ, և՛ գովազդող, և՛ գանձապահ, և՛ ադմինիստրատոր իր խանութի համար։ Նա ամեն ինչ ինքնուրույն էր անում, միջնորդների հետ չէր համագործակցում և բոլոր ապրանքները գնում էր անմիջապես արտադրողներից, որոնց հետ անձամբ էր հանդիպում։ Իր գործերի հետ զուգահեռ Թոմասն անընդհատ մտածում էր՝ ինչպես ներգրավել գնորդներին, որ նրանք մեկ անգամ հաճախելով իր խանութ՝ դառնային մշտական հաճախորդներ։
Առևտրի զարգացումը բերեց նրան, որ 25 տարեկանում Լիպտոնը տիրապետում էր 20 խանութի Շոտլանդիայի արևմուտքում։ Նա շեշտը դնում էր միջին խավի սպառողների ներգրավման վրա, ջանք չէր խնայում, որպեսզի գտներ ամենաէժան ապրանքներ տրամադրող ֆերմերներին և մեծածախ վաճառողներին։ Այդ ամբողջ ժամանակահատվածում Թոմասը երազում էր իրականացնել զանգվածային գովազդային արշավ, որի համար ընկերությունն այդ պահին բավարար միջոցներ չուներ։
Գնորդներին ներգրավելու համար Լիպտոնը սկսեց արտասովոր դարձնել իր խանութները։ Նա վարձեց ծաղրանկարչի, ով զանազան պատկերներ էր նկարում ցուցափեղկերի և վաճառասեղանների վրա, որոնց վրա ապրանքները դասավորված էին կոմպոզիցիաների տեսքով։ Ամեն շաբաթ խանութների մուտքերի մոտ տեղադրվում էին նոր պաստառներ, որոնք գրավում էին անցորդների ուշադրությունը և դրդում նրանց ներս մտնել։ Արդյունքները բավականին շուտ ի հայտ եկան։ Lipton-ի խանութներում առաջացան հաճախորդների մեծ խմբեր ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին։
Լիպտոնի մարքեթինգային հնարքները
Թոմասը շատ ստեղծագործ անձնավորությունն էր։ Տարատեսակ պատկերների կիրառման գաղափարից հետո Լիպտոնը շարունակեց նոր գովազդային գաղափարներ գեներացնել։ 1881 թվականին հատուկ Սուրբ Ծննդի առթիվ Լիպտոնը ԱՄՆ-ից պատվիրեց աշխարհի ամենամեծ պանիրը, որն ուներ շրջանաձև տեսք։ Մի շարք աղբյուրների համաձայն՝ թվով 200 աշխատող է ներգրավվել և մոտ 800 կով է կթվել 6 օրվա ընթացքում այդ պանիրը պատրաստելու համար։ Պանրի բարձրությունը 2 ֆուտ էր (մոտ 61 սմ), իսկ տրամագիծը՝ 14 ֆուտ (մոտ 4․3 մ)։ Երբ պանիրը հասավ Լիպտոնի խանութներից մեկը, փողոցում մեծաքանակ ամբոխ էր հավաքվել։ Թոմասը հայտարարեց, որ Սուրբ Ծննդի առթիվ պանրում տեղադրվել են նաև մետաղադրամներ։ Մոտ երկու ժամվա ընթացքում ամբողջ պանիրը վաճառվեց։ «Պանրի արշավը» դարձավ Լիպտոնի նշանավոր միջոցառումներից մեկը։ Յուրաքանչյուր տարի Սուրբ Ծննդի առթիվ Թոմասը ահռելի չափերի հասնող պանիրներ էր պատվիրում։ Մի անգամ էլ նրա պատվիրած պանիրն այնքան մեծ էր, որ այն տեղափոխվել էր փղի միջոցով։
Թոմասը միշտ փորձում էր օգուտներ քաղել յուրաքանչյուր իրավիճակից։ Մի անգամ, երբ Կարմիր ծովում Լիպտոնը ուղեկցում էր թեյի բեռը, նավը շատ էր ծանրաբեռնված և սկսեց խորտակվել։ Նավը փրկելու համար նավաստիները սկսեցին դուրս նետել թեյի պարկերը։ Սակայն Թոմասը նրանց կանգնեցրեց։ Նա վերցրեց կարմիր ներկանյութը և սկսեց ինչ-որ բաներ գրել թեյի պարկերի վրա։ Մի քանի օրվա ընթացքում ափերին հայտնվեցին թեյի պարկեր, որոնց վրա գրված էր․ «Խմեք Lipton թեյը»։
1900-ականների սկզբներին Լիպտոնը դարձավ զբոսանավի սեփականատեր, որը բազմիցս մասնակցել էր Ամերիկայի գավաթի մրցաշարերին։ Թոմասին ոչ մի անգամ չհաջողվեց հաղթել այդ մրցաշարում, ինչի շնորհիվ նա ստացավ «պատվավոր անհաջողակի տիտղոսը»։ Սակայն մրցաշարին մասնակցելու Լիպտոնի նպատակը ամենևին էլ հաղթանակը չէր։ Ամերիկայի գավաթի մրցաշարն ուներ բազմաթիվ դիտորդներ, և այդ մրցաշարին Թոմասի մասնակցությունն ուներ բացառապես գովազդային բնույթ։ Դրանով նա նպաստեց իր բրենդի առաջխաղացմանը Ամերիկայում։
Թեյը՝ որպես բիզնեսի կենտրոնական օղակ
35 տարեկանում Լիպտոնն արդեն ուներ մթերային պահեստներ և ապրանքների փաթեթավորման գործարան Չիկագոյում։ Նրա ճյուղավորված առևտրային ցանցը տարածվում էր ոչ միայն Բրիտանիայում, այլև՝ Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի նահանգներում։
1890-ականներին Թոմասի եկամուտները հասան միլիոնավոր ֆունտ ստերլինգների և ոչ վերջին հերթին թեյի շնորհիվ։ Չնայած, որ Թոմասը տիրապետում էր մթերային խանութների ցանցին, նա իր բիզնեսի կենտրոնական մասը համարում էր թեյը։ Լիպտոնի թեյի նկատմամբ հետաքրքրությունը սկսվեց 1880-ականներին, երբ թեյի սպառման ծավալները կրկնապատկվեցին նախորդ տասնամյակի համեմատ։ Սակայն նրա կարծիքով Բրիտանիայում վաճառվող թեյի գինը շատ բարձր էր զանգվածային օգտագործման ապրանք դառնալու համար։ Այդ պատճառով նա ձգտում էր իջեցնել թեյի գինը, սակայն միևնույն ժամանակ պահպանել բարձր որակը։
Թեյի առաջին խմբաքանակը հասավ Գլազգո 1889 թվականին։ Լիպտոնի բերած թեյը շատ մեծ պահանջարկ ունեցավ առաջին հերթին այն պատճառով, որ դրա գինը գրեթե երկու անգամ ավելի ցածր էր, քան այլ վաճառողների մոտ (Լիպտոնի 1 ֆունտ թեյի գինը 1 շիլինգ 7 պենս էր, իսկ այլ վաճառողներինը՝ 3 շիլինգ)։ Հաջորդ տարի Լիպտոնը մեկնեց Ցեյլոն և այնտեղ գնեց հողատարածք թեյի սեփական պլանտացիաների համար։ Այդ նույն տարի «Lipton»-ը գրանցվեց որպես Թոմաս Լիպտոնին պատկանող թեյի ապրանքանիշ։ Մարքեթինգի սկզբունքներին համաձայն՝ բրենդը համապատասխան ձևով ներկայացվեց շուկայում։ «Lipton» թեյը վաճառվում էր միայն հատուկ ստվարաթղթե տուփերում (չափերը՝ 1 ֆուտ x 0.5 ֆուտ x 0,25 ֆուտ), որոնց վրա պատկերված էր զամբյուղով օրիորդ, իսկ տուփի վերևի հատվածում գրված էր «Thomas J. Lipton, Tea Planter, Ceylon»։ Տուփը պաշտպանված էր նաև կեղծիքներից։ Իսկ գովազդում օգտագործվում էր «Direct from tea gardens to the tea pot» («Թեյի թփերից անմիջապես դեպի բաժակ») կարգախոսը։
Լիպտոնի նորարական քայլերից էր թեյի տարբեր տեսակների թողարկումը՝ յուրաքանչյուր տարածաշրջանի ջրի առանձնահատկություններից ելնելով։ Այդ առանձնահատկության մասին խոսվում էր նաև «Lipton»-ի գովազդներում, որը ընդգծում էր «Lipton» թեյի արտասովոր դերը։
Թեյի տերևի ասպետը
Թոմաս Լիպտոնը իր ջանքերով և ձեռնարկատիրական տաղանդով արժանացավ «թեյի տերևի ասպետ» կոչմանը։ Այդպես էին նրան ճանաչում բիզնեսի պատմության մեջ։ Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթները նույնպես Լիպտոնի ձեռքի գործերից են, որոնք մեծ տարածում ստացան հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին։
«Lipton» թեյը մեծ հաջողությունն էր վայելում նաև թագավորական ընտանիքում։ Վիկտորիա թագուհին շատ էր հավանում «Lipton»-ը և համարում էր այն էտալոնային անգլիական թեյ։ 1897 թվականին Լիպտոնի կատարած աշխատանքների համար Վիկտորիա թագուհին նրան ասպետի տիտղոս շնորհեց։ Մյուս տարի «Lipton»-ը թողարկեց բաժնետոմսեր, որոնք մեծ հաջողություն ունեցան շուկայում՝ Թոմասին միլիոնավոր ֆունտ ստերլինգներ բերելով։
Թոմաս Լիպտոնը մահացավ 1931 թվականին, իսկ նրա ընկերությունը 1970-ականներին անցավ Unilever կոնցեռնին։ Ցավոք «թեյի տերևի ասպետը» իրենից հետո ժառանգություն չթողեց։ Իր ամբողջ կարողությունը նա կտակեց բարեգործական կազմակերպություններին, ինչն արժանի քայլ է հաջողակ գործարարի համար, ով իր հետքն է թողել համաշխարհային պատմության մեջ։ Նրա թեյն այժմ վայելում են աշխարհի ավելի քան 110 երկրներում։