Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ 161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3%-ով: Ընդհանուր առմամբ, վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը 79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը: Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:
Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները): Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռնվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:
Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):
Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով 1 միլիարդ 575 միլիոն դրամի գումար:
Աղբյուրն՝ այստեղ։