1965 թվականի անկախացումից հետո` երբ Սինգապուրը տնտեսապես հզորացավ, մեծացավ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով արտերկիր մեկնող սինգապուրցի երիտասարդների թիվը, որը 1999 թվականին հասավ 27 860-ի: Իսկ 2004 թվականից սկսած այս թիվը մշտապես եղել է մոտ 20 000: Որպես Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ` սինգապուրցի երիտասարդների հիմնական ուղղությունը ավանդաբար եղել է Մեծ Բրիտանիան, հետո նաև Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան: Այժմ նրանց կեսը սովորում է Ավստրալիայում, իսկ մնացածը` ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
1990-ական թվականներին արտերկրում սովորող սինգապուրցի ուսանողների զգալի մասը չէր վերադառնում Սինգապուր: Սինգապուրցի էմիգրանտների շրջանում կատարված հետազոտությունները պարզել են, որ նրանց մեծ մասը 90-ականներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով Սինգապուրից արտերկիր մեկնած երիտասարդներն են, և նրանք կազմում են բարձրագույն կրթություն ստացած սինգապուրցիների 15.2%-ը: Վարչապետ Լի Կուան Յուն 1998-ին հայտարարեց, որ իրենց երկիրը «տարեկան կորցնում է լավագույն 30% բնակչության 4-5%-ին»: Կառավարությունը սկսեց իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում այժմ Սինգապուրը Հարավարևելյան Ասիայի երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը Երիտասարդության հոսունության ինդեքսով: Այս ինդեքսի հաշվարկման համար հաշվի են առնվում երեք ոլորտների` կրթության, զբաղվածության և ձեռներեցության 5 ուղղություններ. ուսանողների ներհոսք և արտահոսք, ստարտափների ակտիվություն, կայունության և ինտերնետի գործոններ.
Սինգապուրի հաջողված փորձը ուսանելի կարող է լինել «ուղեղների արտահոսքով» մտահոգված այլ երկրների համար: 90-ականներին մշակված ռազմավարությունը իրականացվում է չորս հիմնական ծրագրերով: Առաջինը «ուղեղների» պահպանումն է կրթական բարեփոխումների միջոցով:
Պատմականորեն Սինգապուրը բարձրագույն կրթության ոլորտում ունեցել է չբավարարված պահանաջարկ, այդ պատճառով էլ սինգապուրցի երիտասարդների կեսից ավելին մեկնում էր արտերկիր, մեծ էր կախվածությունը օտար երկրների կրթական ծառայություններից: Աստիճանաբար սինգապուրցիները դառնում էին ֆինանսապես ավելի կայուն, և մեծանում էր հավանականությունը, որ գնացողները չեն վերադառնա: Կառավարությունը սկսեց իրականացնել «ուղեղներին» պահելու ծրագիրը` ոչ միայն տեղական աճող պահանջարկը բավարարելու, այլև Սինգապուրը համաշխարհային կրթական հանգույց դարձնելու համար: Վերջին` այդ ժամանակ շատ ամբիցիոզ թվացող միտքը ոչ միայն նպատակ ուներ եկամուտ ստանալ կրթական ծառայությունների արտահանումից, այլև գրավիչ դառնալ արդյունաբերական ներդրումների համար, որոնք ձգտում են տեղակայվել խոշոր կրթական հանգույցների կողքին: 1997 թվականից սինգապուրյան կառավարությունը խրախուսում է օտարերկրյա հեղինակավոր համալսարաններին` Սինգապուրում կենտրոններ հիմնելու և ծրագրեր իրականացնելու համար: Նպատակ դրվեց ստեղծել Համաշխարհային Դպրատուն, որը նախատեսում էր 10 տարում ներգրավել 10 խոշոր կրթական հաստատությունների: 2007 թվականին Սինգապուրը գերազանցեց սահմանած նպատակը` ներգրավելով 15-ին Չինաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից:
Սինգապուրում հիմնվեցին նաև մեծ, կայացած և միջազգայնացման բարձր մակարդակ ունեցող մասնավոր համալսարաններ, որոնք էլ մեղմեցին սինգապուրցի երիտասարդների հոսքը դեպի արտերկիր: Այդ համալսարանները ներգրավել են մոտ 250 000 ուսանողի, որոնց 44%-ը օտարերկրացիներն են: Ամենամեծ մասնավոր համալսարանը Սինգապուրի Կառավարման ինստիտուտն է, որը ներգրավում է ավելի շատ ուսանողների, քան Սինգապուրի ազգային պետական համալսարանը: Այս համալսարաններից յուրաքանչյուրում ավելի շատ ուսանող է սովորում, քան օրինակ Մեծ Բրիտանիայի բուհերում սովորող բոլոր սինգապուրցի ուսանողները միասին:
Այսպիսով` ուսանողներին Սինգապուրում պահելու առաջին քայլը բուհական համակարգի որակական և քանակական բնութագրիչների բարելավումն էր: Հաջորդ քայլը արտերկիր մեկնած ուսանողների վերադարձը խթանող ծրագիրն է:
Սկզբում Սինգապուրը վերացրեց օտարերկրյա բուհերի դիպլոմների ճանաչման խոչընդոտները, քանի որ «ոչ մի սինգապուրցի չի վերադառնա այնտեղ, որտեղ իր գիտելիքների մասին հավաստող փաստաթուղթը իրավական ուժ չունի»: Սինգապուրցի երիտասարդները կրթաթոշակ ստանալիս աշխատանքային պայմանագիր են կնքում ֆինանսավորող մարմնի հետ` պարտավորվելով մի քանի տարի աշխատել նրանց համար: Այսպիսի մոտեցում ցուցաբերում է նաև Սաուդյան Արաբիան: Սակայն միայն այսքանը բավարար չէր «ուղեղների արտահոսքից» խուսափելու համար, քանի որ, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, այստեղ մեծամասնությունը արտերկիր էր մեկնում ինքնաֆինանսավորմամբ, հետևաբար կառավարությունը չէր կարող նրանց «ստիպել» աշխատանքային պայմանագիր կնքել:
Ինքնաֆինանսավորմամբ արտերկիր մեկնող երիտասարդների համար կառավարությունը մշակել է ծրագրեր, որոնց միջոցով ուսանողը ուսման ծախսերը կարողանում է կիսել պետության հետ` փոխարենը որոշակի պարտավորություններ իր վրա վերցնելով: Օրինակ` բժշկական և ատամնաբուժական կրթություն ստացողների համար մշակվեց «Մինչաշխատանքային դրամաշնորհը», որով նախարարությունը ֆինանսավորում է ուսման 1-2 տարին` ծածկելով ընդհանուր ծախսերի 60%-ը (առավելագույնը` 150 000 ԱՄՆ դոլարի չափով): Իսկ ուսանողը պարտավորվում է վերադառնալ Սինգապուր և մի քանի տարի աշխատել առողջապահության ոլորտում: Այսպիսի ծրագրերը ոչ միայն նպաստում են, որ «ուղեղների արտահոսք» տեղի չունենա, այլև արդյունավետորեն բարելավում են տնտեսության բաց կամ թերի հատվածները:
Հաջորդը արտերկրում սինգապուրցի շրջանավարտներին սինգապուրյան ընտանիքի մեջ ներգրավելու ծրագիրն է: 1990-ական թվականներին, երբ կրթված սինգապուրցիների բավականին հոծ զանգված գտնվում էր արտերկրում, կառավարությունը փորձ արեց ստեղծել «երևակայական համայնք», որի մեջ կներգրավվեին բոլոր սինգապուրցիները` հայրենիքում և սփյուռքում: 1997 թվականին վարչապետ Գո Չոկ Տոնգը մտավախություն է հայտնում, որ «եթե սինգապուրցիները խորապես արմատավորված չեն Սինգապուրում ընտանիքի, ընկերների և ազգի հետ ունեցած ամուր կապերով, ազգի հիմքը կքանդվի»: Կառավարությունը հավատում էր, որ յուրաքանչյուր սինգապուրցի` թե՛ Սինգապուրում, թե՛ արտերկրում, պիտի սրտով կապված լինի հայրենիքի հետ: 1997 թվականին ազգային արժեքների ճանաչման և բարձրացման համար ստեղծվում է «Սինգապուր 21» նախագիծը, որի հիմքում դրված են հինգ գաղափարատիպեր. յուրաքանչյուր սինգապուրցի կարևոր է, բոլորը հավասար են և մեզ պետք են ուժեղ ընտանիքներ, ակտիվ քաղաքացիներ ու «սինգապուրյան սրտի բաբախյուն»: Կառավարության նոր կողմնորոշումը արտահայտվում էր «Փոխելով մտածելակերպը, խորացնելով փոխհարաբերությունները» կարգախոսով:
Սինգապուրցի երիտասարդների` արտերկրում գտնվելը կառավարության կողմից դիտարկվում է ոչ այնքան որպես «ուղեղների արտահոսք», որքան «ուղեղների շրջանառություն»: Այն ժամանակ գլխավոր մարտահրավերը սինգապուրցիների մոտ ազգային ինքնազգացողությունը պահպանելն էր, սիրտն ու միտքը ներգրավելը: Կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում էմոցիոնալ կապը ամրապնդելու համար. ստեղծվել է Սինգապուրի միջազգային հիմնադրամը, որի շնորհիվ բացվել են մոտ 100 սինգապուրյան սոցիալական ակումբներ և բիզնես ասոցիացիաներ: 2002 թվականին Առևտրի և արդյունաբերության նախարարությունը ստեղծեց Սինգապուրյան արտասահմանյան ցանցեր Միացյալ Նահանգներում և Հոնկոնգում, որոնք հովանավորում են բազմաթիվ ֆորումներ, շաբաթական հանդիպումներ և ինտերնետային քննարկումներ: Մշակույթի նախարարության Արտերկրում ապրող սինգապուրցիների ստորաբաժանումը 2007 թվականից սկսած ամեն տարի անընդմեջ տարբեր երկրներում կազմակերպում է «Սինգապուրի օր», որը կրում է «մի կտոր տուն արտասահմանում» կարգախոսը: Տոնի նպատակը հստակորեն ձևակերպել է Սինգապուրի փոխվարչապետը 2007 թվականին Նյու Յորքում կայացած միջոցառումների ժամանակ. «Ասելիքը, որն ուզում ենք փոխանցել արտերկրում ապրող սինգապուրցիներին, հետևյալն է. անգամ եթե դուք մեզնից հեռու եք, մենք հիշում ենք ձեզ և համարում մեզնից մեկը: Տունն այնտեղ չէ, որտեղ դուք ապրում եք, այլ այնտեղ, որտեղ ձեր սիրտն է ապրում: Մնացե՛ք մեզ հետ»:
Սինգապուրի կառավարության ջանքերին հակառակ է գործում Սինգապուրի սահմանադրությունը, որը մերժում է երկքաղաքացիությունը` «առավել բարձր գնահատելով քաղաքացիների հավատարմությունը»: Սինգապուրցի ուսանողներին հյուրընկալող բոլոր երկրները թույլատրում են երկքաղաքացիություն, սակայն այն սինգապուրցիները, ովքեր ձեռք են բերում այլ երկրի քաղաքացիություն, զրկվում են Սինգապուրի քաղաքացիությունից: Իսկ առանց քաղաքացիության Սինգապուր վերադառնալն ու ապրելը բավականին դժվար է: Վիճակագրությունը փաստում է, որ տարեկան 1000 սինգապուրցի հրաժարվում է Սինգապուրի քաղաքացիությունից: Սակայն կառավարությունը համոզված է, որ այն սինգապուրցին, ով պատրաստ է հրաժարվել Սինգապուրի քաղաքացիությունից ինչ-որ երկրի քաղաքացին լինելու համար, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակներում չի կարող կանգնել Սինգապուրի համար և այլ սինգապուրցիների կողքին: Ուստի ստացվում է, որ, կորցնելով «սինգապուրյան սրտի բաբախյունը» չզգացող քաղաքացուն, իրենք ոչինչ չեն կորցնում:
Չորրորդ ծրագիրը օտարերկրացի ուսանողների հավաքագրումն է: 90-ականներին Լի Կուան Յուն հայտարարում է, որ չնայած արտահոսքին` Սինգապուրը պիտի «տաղանդների դրական հաշվեկշիռ ունենա», այսինքն` պիտի հավաքագրեն ավելի շատ տաղանդներ, քան կորցնում են: Արդյունքում` բնակչության թիվն աճում էր տարեկան մոտ 3%-ով` 2003 թվականի 4.1 միլիոնից 2019 թվականին հասնելով 5.6 միլիոնի:
Սինգապուրը ունի ծերացող բնակչություն, ծնելիության ցածր մակարդակ: Կառավարության գլխավոր խնդիրը աշխատունակ տարիքի բնակչության ծավալի պահպանումն է, որի համար ոչ միայն միջոցներ է ձեռնարկում ծնելիության մակարդակի աճի և արտագաղթի նվազման համար, այլև խթանում է ներգաղթը: Սա ներառում է ցածր որակավորում ունեցող օտարազգիներին, ովքեր պատրաստ կլինեն կատարել այն աշխատանքները (շինարարություն և սոցիալական ծառայություններ), որոնք գրավիչ չեն սինգապուրցիների համար, և բարձր որակավորում ունեցող օտարազգիներին, որոնք պիտի օգնեն ապահովել աշխատուժի համաշխարհային մրցունակությունը և ճկունությունը:
Գնալով ավելի շատ արտասահմանցի ուսանողներ են ընտրում սինգապուրյան կրթությունը և ավարտելուց հետո ստանում են աշխատանքի գրավիչ առաջարկներ: Սինգապուրի պետական և մասնավոր համալսարաններում սովորում են բազմաթիվ ուսանողներ Չինաստանից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից: Թեպետ կառավարությունը ոչինչ չի պարտադրում, սակայն հույս է հայտնում, որ այդ ուսանողները կմնան և ներդրում կունենան Սինգապուրի տնտեսության մեջ: Օտարերկրացի ուսանողները կարող են դիմել նաև Սինգապուրի կառավարությանը` ստանալու դրամաշնորհներ, որոնցով կարող են ծածկել իրենց ուսման ծախսերը: Այս դեպքում նրանք պարտավոր են 3 տարի աշխատել Սինգապուրում: Այժմ Սինգապուրում սովորում է մոտ 50 000 օտարերկրացի ուսանող` մոտ 2.5 անգամ ավելի շատ, քան արտերկրում սովորող սինգապուրցի ուսանողները:
Այսպիսով` Սինգապուրը, լինելով ազատ տնտեսությամբ երկիր, չի սահմանափակում մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժը: Սակայն սա բոլորովին էլ չի հանգեցնում աղետի, քանի որ, ինչպես նկատեցինք, ազատությունը զուգորդվում է ծրագրերի հետ, որոնք մեղմում են «ուղեղների արտահոսքը»` այն վերածելով «ուղեղների շրջանառության»: Սինգապուրյան փորձի և ռազմավարության քննարկումը, դրանց մեջ պարունակվող հնարավոր «խութերի» բացահայտումը կարող է օգտակար լինել բոլոր այն երկրների համար, որոնք ունեն լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք ունեցել է և ունի Սինգապուրը:
Այս թեմայով՝