Հասարակության վերաբերմունքը Android օպերացիոն համակարգի նկատմամբ միանշանակ չէ։ Ոմանք համարում են այն շատ հարմարավետ և բազմաֆունկցիոնալ, իսկ մյուսները պարզապես խուսափում են դրանով աշխատող սարքավորումներից։ Այնուամենայնիվ՝ Android-ին հաջողվել է գրավել մոբայլ սարքավորումների գերակշիռ մասը և աշխարհի բնակչության ավելի քան կեսը օգտագործում է Android օպերացիոն համակարգի հեռախոսներ։
Ինչպես Էնդի Ռուբինը հայտնվեց Apple-ում
Android-ի հիմնադիրն Էնդի Ռուբինն է։ Դեռ մանուկ ժամանակ նա հետաքրքրվում էր էլեկտրոնային սարքավորումներով, իսկ քոլեջն ավարտելուց հետո սկսեց աշխատել ընկերությունում, որը զբաղվում էր ռոբոտացված սարքավորումներ ստեղծելով։ 27 տարեկան հասակում Էնդին մեկնեց Կայմանյան կղզիներ հանգստանալու։ Այդ այցելությունը բեկումնային դարձավ Ռուբինի կյանքում։ Նույն ժամանակ Կայմանյան կղզիներում էր հանգստանում Apple-ի ծրագրավորողներից Բիլլ Քասվելը։ Մի օր առավոտյան Էնդին պատահականորեն լողափում հանդիպեց Բիլլին: Այդ օրը նրանք երկարատև զրույց ունեցան: Արձակուրդից հետո Էնդին Բիլլի կողմից Apple-ի թիմում աշխատելու հրավեր ստացավ։ Էնդին այդ հնարավորությունը բաց չթողեց։
Մեկ տարի անց Apple-ը փոխեց իր կառուցվածքը։ Ստեղծվեց ամբողջովին նոր ինքնուրույն ենթաբաժանմունք, որը զբաղվում էր միայն հաշվողական մեքենաների նախագծման աշխատանքներով։ Այդտեղ է սկսում աշխատել նաև Էնդի Ռուբինը։ Սակայն այդ բաժանմունքը երկար չգոյատևեց կամ շուկայի՝ այդպիսի մակարդակի սարքավորումներին ոչ պատրաստ լինելու, կամ սխալ պլանավորման պատճառով։ Արդյունքում բաժանմունքը փակվեց։
Sidekick-ի ստեղծումը
Մի քանի տարի անց Էնդիի մոտ նոր միտք առաջացավ։ Նա նախագծում էր ստեղծել մի սարքավորում, որը կարող էր սկանավորել ցանկացած օբյեկտ և անմիջապես դրա մասին տվյալներ գտնել համացանցում։ Էնդիի ընկեր-ծրագրավորողները աջակցեցին այդ գաղափարին։ Սկսվեցին այդ գաղափարը իրագործելու աշխատանքները։ Այդպես ստեղծվեց Sidekick-ը, որն ուներ ռադիընդունիչ, ռադիոհաղորդիչ և համացանցին մուտքի հնարավորություն։
2002 թվականին Էնդի Ռուբինը անցկացրեց սեմինար Սթենֆորդի ուսանողների համար, որտեղ պատմում էր Sidekick-ի մասին։ Այնպես պատահեց, որ սեմինարին ներկա էին նաև Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը։ Փեյջը իր ձեռքը վերցրեց այդ սարքավորումը և տեսնելով, որ դրա վրա տեղադրված էր Google-ի որոնման համակարգը, իր գոհունակությունն արտահայտեց Sidekick-ի մասին։ Մի քանի ամիս անց և՛ Փեյջը, և՛ Բրինը, և մի շարք այլ ծրագրավորողներ ակտիվորեն օգտագործում էին Sidekick-ը։ Իսկ Էնդի Ռուբինը արժանիորեն դարձավ նախագծի ղեկավարը։ Սակայն չնայած բոլոր ջանքերին, Sidekick-ի վաճառքները այդքան էլ տպավորիչ չէին։
Մոբայլ հարթակի գաղափարը
Հեռանալով նախագծից՝ Ռուբինը կրկին սկսեց նոր գաղափարներ փնտրել և որոշեց նորից այցելել Կայմանյան կղզիներ, որոնց շնորհիվ նա ծանոթացավ շատ կարևոր մարդու հետ։ Այս անգամ էլ բախտը ժպտաց նրան․ Էնդիի մտքում ծնվեց մոբայլ հարթակի ստեղծման գաղափարը։ Նա հիշեց, որ որոշ ժամանակ առաջ գնել էր android.com դոմեյնը և որոշեց օգտագործել այն։
Մի քանի ծրագրավորողների հետ համատեղ նա սկսեց իրագործել իր գաղափարը։ Որոշակի ժամանակ անց սպառվեցին նախագծի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Սակայն, բարեբախտաբար, Էնդիին օգնության եկավ նրա ընկեր Սթիվ Պեռլմենը, ով 100 հազար դոլարի չափով ներդրում կատարեց։ Այդ գումարով Էնդիին հաջողվեց ավարտին հասցնել նախագիծը։
Այնուհետև Էնդին սկսեց փնտրել ներդրողների։ Ուշադրությունից դուրս չմնաց նաև Google-ը, որին Էնդին նույնպես ուղարկեց կատարած աշխատանքի մասին տեղեկատվություն։ Պատասխանը իրեն սպասել չտվեց։ Կարճատև բանակցություններից հետո Google-ը ձեռք բերեց Android-ը, իսկ Էնդի Ռուբինը և մնացած ծրագրավորողները դարձան այդ ընկերության մի մասը։
Այդ տարիներին հեռախոսների շուկա արագորեն մուտք գործեցին սմարթֆոնների բազմաթիվ արտադրողներ, որոնցից էին LG-ն, Blackberry-ն և HTC-ն։ Լուրեր էին տարածվում, որ Google-ը պատրաստվում է արտադրել իր սեփական սմարթֆոնը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Google-ը ստեղծեց Open Handset Alliance կոնսորցիումը, որն ուղղված էր բաց ծրագրային ապահովման աջակցությանը։ Այնուհետև վերջինս աշխարհին ներկայացրեց Android անվանումով օպերացիոն համակարգ, որը հասանելի էր էլեկտրոնային սարքավորումների բոլոր արտադրողներին։ Ամենաառաջիններից մեկը, ով սկսեց կիրառել Android-ը, Թայվանի HTC ընկերությունն էր։ Սակայն դժվար է ասել, որ Android-ը միանգամից գրավեց շուկան, քանի որ այդ ժամանակ Apple-ի զբաղեցրած դիրքերը բավականին ամուր էին։
Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, երբ Motorola-ի ղեկավարներից մեկը Google-ին առաջարկեց համագործակցություն։ Նրանք միասին ստեղծեցին և շուկա դուրս բերեցին Motorola Droid-ը, որն իր արագությամբ և ֆունկցիոնալությամբ գերազանցում էր Apple-ի նմանատիպ սարքավորումներին։ Motorola-ն վաճառքների ծավալների աճի հաշվին սկսեց ահռելի գումարներ վաստակել։ Apple-ն այլևս շուկայի բացարձակ առաջատարը չէր։ Android համակարգով աշխատող սմարթֆոնների թիվը սկսեց կտրուկ աճել։
Բաց ծրագրային ապահովում
Apple-ը և Google-ը իրենց գործունեությունը իրականացնում էին տարբեր եղանակներով՝ կիրառելով սկզբունքորեն տարբեր մոտեցումներ։ Եթե Apple-ն ամեն ինչ (օպերացիոն համակարգը, ծրագրերը և այլն) վերցնում էր իր վերահսկողության տակ, ապա Google-ն ավելի շատ կողմ էր ազատությանը և բացությանը։ Մոբայլ սարքավորումների ցանկացած արտադրող կարող էր օգտվել Android օպերացիոն համակարգից։ Google-ը նաև չէր իրականացնում ծրագրերի նախնական վերահսկում: Ծրագրերը ջնջվում էին միայն օգտատերերի կողմից բազմաթիվ բողոքների արդյունքում։ Իսկ Էնդի Ռուբինը գրեթե բոլոր սարքավորումներում տեղադրում էր Google-ի որոնման համակարգը որպես լռելյայն գործառույթ։
Հետաքրքիրն այն է, որ Android-ի յուրաքանչյուր թարմացումը ծրագրավորողներն անվանում են քաղցրավենիքի անվանումով՝ Froyo, Gingerbread, Ice Cream Sandwich, Jelly Bean, Lollipop, Marshmallow, Nougat, Oreo, Pie։ Միայն 2019 թվականին Google-ը հրաժարվեց այդ մոտեցումից՝ պատճառաբանելով, որ միջազգային օգտատերերի համար այդ անվանումներն այդքան էլ ծանոթ չեն և մի շարք լեզուներով դժվար արտասանելի են։ Android-ի տասներորդ թարմացումը անվանվեց ուղղակի Android 10։
Ինչպես ստեղծվեց Android-ի տարբերանշանը
Android-ի տարբերանշանն ամենաճանաչվածներից մեկն է աշխարհում։ Android-ի հայտնի ռոբոտը բավական հետաքրքիր պատմություն ունի։ Գոյություն ունեն դրա ստեղծման մի քանի տարբերակներ։ Պաշտոնական տարբերակը հետևյալն է։ Կանաչ ռոբոտը Google-ի վաճառքի բաժնի աշխատող Իրինա Բլոկի աշխատանքի արդյունքն է։ Երբ ամբողջ ընկերությունը պատրաստվում էր Open Handset Alliance-ի գործունեության մեկնարկին, բոլոր աշխատողների շրջանում լավագույն տարբերանշանի ստեղծման մրցույթ էր հայտարարվել։ Իրինա Բլոկը արագորեն փոքրիկ ռոբոտ նկարեց, որին տվեց Էնդի անունը՝ Էնդի Ռուբինի պատվին։ Էնդին ռոբոտների մեծ երկրպագու էր և հավանեց Իրինայի առաջարկած տարբերանշանը, որն էլ արդյունքում հաստատվեց որպես պաշտոնական տարբերանշան։
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ ռոբոտին ստեղծել էին Ascender Corporation-ի մասնագետները։ Հայտնի էր, որ այդ ընկերությունը զբաղվում էր տառատեսակների նախագծմամբ Droid-ի համար, սակայն չկան ոչ մի փաստեր պաշտոնական աղբյուրներում տարբերանշանի նախագծման վերաբերյալ։
Եվ երրորդ տարբերակի համաձայն՝ կանաչ տարբերանշանը կապված է «Gauntlet: The Third Encounter»-ի խաղի հետ, որը 1989 թվականին թողարկել է Atari Games-ը։ Խաղի կերպարներից մեկը տարօրինակ արարած էր, որի արտաքին տեսքը շատ նման էր կանաչ ռոբոտին։ Իսկ կերպարի անունը նույնպես Անդրոիդ էր։
Առաջին տարբերակը, ամենահավանականն է և իրականին ամենամոտը, սակայն հին խաղի կերպարի հետ զարմացնող նմանությունը չէր կարող ուղղակի պատահականություն լինել։ Ավելի հավանական է, որ Իրինա Բլոկը ծանոթ էր խաղին և հնարավոր է, որ խաղացել է այն։ Իսկ մրցույթի ժամանակ հիշել է «Gauntlet: The Third Encounter»-ի տարօրինակ ռոբոտին և որոշել է արտապատկերել այն թղթի վրա։
Այժմ Android-ը համաշխարհային մոբայլ շուկայի բացարձակ առաջատարն է։ Նրան է պատկանում շուկայի 85 տոկոսից ավելի մասնաբաժինը։ Համեմատության համար երկրորդ տեղում գտնվող Apple-ի մասնաբաժինը մոտ 11 տոկոս է։ Իսկ 2019 թվականի մայիսին Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների թիվը գերազանցեց 2.5 միլիարդը։