Տնտեսագիտության ուսումնասիրության ամենակարևոր հարցերից մեկը տնտեսության աճի գործոններն են: Ադամ Սմիթի հայտնի աշխատությունից՝ «Ազգերի հարստությունից», պարզ երևում է, որ աճի գործոնները նրա ուսումնասիրության հիմնական առարկան էին: Սմիթը եզրակացնում է, որ ազատ շուկաները, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը և տնտեսության մեջ կառավարության նվազագույն ներկայությունը տանում են զարգացման, բարգավաճման (այս մասին ավելի մանրամասն «Ադամ Սմիթը և կառավարության միջամտությունը տնտեսությանը» հոդվածում)։ Այլ կերպ ասած՝ տնտեսական ազատությունը հանգեցնում է տնտեսական աճի:
Ադամ Սմիթը ցույց տվեց, որ բարգավաճման կարելի է հասնել մրցակցային շուկայական տնտեսության միջոցով: Այդ դեպքում, ինչպես է նա նշել իր հայտնի դիտարկումներից մեկում, սեփական շահերը հետապնդող անհատներն առաջնորդվում են այնպես, ասես «անտեսանելի ձեռքով» անում են այն, ինչը լավագույնն է ողջ հասարակության համար: Մրցակցային շուկաներում ռեսուրսների բաշխումը խթանելու համար Սմիթը կարևորում էր ցածր հարկերն ու պետական ծախսերը, մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը և ցածր սակագները՝ միջազգային առևտուրը խթանելու համար: Այլ կերպ ասած՝ Սմիթը պնդում էր, որ եթե շուկայական միջավայր ստեղծվի և պահպանվի, տնտեսությունը կաճի և կզարգանա:
Մի քանի տասնամյակ անց անգլիացի տնտեսագետ Դ․ Ռիկարդոն պաշտպանեց սակագների իջեցման մոտեցումը՝ դրա միջոցով ազատ առևտուրը որպես բարգավաճման ուղի խթանելու համար: Ռիկարդոն թերևս ամենից շատ հայտնի է իր այն տեսությամբ, որով ցույց տվեց, թե ինչպես են բոլորն ի վերջո ավելի լավ վիճակում հայտնվում, երբ մարդիկ մասնագիտանում են գործունեության այն ձևերի մեջ, որոնցում ունեն համեմատական առավելություն և առևտուր անում ուրիշների հետ: Սմիթի, Ռիկարդոյի և այլոց փաստարկները Բրիտանիայում և այլ երկրներում բերեցին տնտեսության մեջ կառավարության միջամտության նվազմանը՝ հանգեցնելով ավելի ազատ համաշխարհային տնտեսության և XIX դարը դարձնելով աննախադեպ տնտեսական աճի ժամանակաշրջան:
Թեև այն պնդումը, որ տնտեսական ազատությունը հանգեցնում է տնտեսական աճի, ուղղակիորեն չի վիճարկվել, այնուամենայնիվ, 20-րդ դարի սկզբին այն մղվեց երկրորդ պլան: Դա պայմանավորված էր տնտեսագիտության տեսության զարգացումներով և միջազգային իրադարձություններով: 19-րդ դարի վերջին շրջանի տնտեսագիտության տեսությունը սկսեց զարգանալ ավելի ու ավելի բարդ մաթեմատիկական մոդելների միջոցով: Համարվում էր, որ տնտեսության ավելի գիտական ընկալումը կարող է բերել տնտեսական ավելի լավ քաղաքականությունների մշակման և նույնիսկ ավելի լավ բարեկեցության: Մաթեմատիկորեն տնտեսության արդյունքը կարելի է պատկերել արտադրական ֆունկցիայով, որտեղ արդյունքը ֆունկցիա է այնպիսի մուտքագրվող գործոններից, ինչպիսիք են հողը, աշխատուժը և կապիտալը: Ինչքան ավելի մեծ են մուտքագրվող գործոնները, այնքան արդյունքն ավելի մեծ է, իսկ արտադրական ֆունկցիան կարողացավ մաթեմատիկորեն հստակ ցույց տալ մուտքագրվող գործոնների և արդյունքների միջև եղած կապը:
Երբ 1930-ականներին աշխարհը Մեծ ճգնաժամի մեջ էր, տնտեսագիտության զարգացումն արդեն շատ հեռու էր գնացել այդ ճանապարհով: Երկրորդ աշխարհամարտից հետո հնարավոր նոր ճգնաժամով անհանգստացած՝ տնտեսագետները պնդում էին, որ կառավարությունը պետք է ակտիվ կարգավորի տնտեսությունը՝ զարգացումը պահպանելու համար: Տնտեսական աճը շարունակում էր մնալ կարևոր խնդիր՝ պայմանավորված քիչ զարգացած տնտեսություններով։ Տնտեսագետները կարծում էին, որ այդ տնտեսություններում աճ ապահովելու համար կարող էին մշակել տնտեսական քաղաքականություն, ինչպես դա կարողացան անել զարգացած աշխարհում:
Տնտեսական ամենաբարդ մոդելները, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ցույց էին տալիս ուղիղ մաթեմատիկական փոխկապվածություն գործոնների (հող, աշխատանք, կապիտալ) և տնտեսական արդյունքի միջև: Այսինքն, տնտեսությունները կարող էին ավելի արագ աճել, եթե ավելացնեին գործոնները (ռեսուրսները): Բացի այդ, արդյունավետության բարձրացումը կարող էր թույլ տալ, որ տնտեսությունն ավելի մեծ արդյունք ստանար նույն քանակի գործոններից: Այն ժամանակ և այժմ էլ տնտեսագետներն արդյունավետության բարձրացումը համարել են տեխնոլոգիական առաջընթացի արդյունք:
Գործոնների վրա կենտրոնացումը, տնտեսության պետական ակտիվ կարգավորման տարածումով զուգորդվելով, տնտեսագետներին դրդեց պետական պլանավորումն առաջարկել որպես զարգացող երկրներում աճ ապահովելու լավագույն միջոց: Ըստ նրանց՝ կենտրոնական պլանավորումը կարող էր երաշխավորել, որ տնտեսությունները, ներդնելով իրենց եկամուտների մի մասը, կարող էին այդ ներդրումներն ուղղել այն ոլորտներ, որոնք ավելի մեծ արժեք կստեղծեին (օրինակ՝ գյուղատնտեսությունից և բնական պաշարներից դեպի արդյունաբերություն), ինչպես նաև կարող էր ապահովել, որ նոր ներդրումները նպաստեն առավել առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծմանը:
Միջազգային կառույցները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, քիչ զարգացած երկրներում խրախուսել են կենտրոնացված պլանավորումը և առաջ են մղել կապիտալ ներդրումներն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը՝ ֆինանսական օժանդակություն առաջարկելով այդ ուղղությամբ շարժվող քիչ զարգացած երկրներին: Սակայն նման քաղաքականություն որդեգրած երկրները չեն աճել՝ չնայած ժամանակի ամենահայտնի տնտեսագետների խորհուրդներին հետևելուն:
Աճի վերաբերյալ երկու (սմիթյան և արտադրական ֆունկցիայի) մոտեցումներն էլ հիմնավոր են, դրանցից ոչ մեկն իրականում չի կարելի անվանել սխալ, բայց մի մոտեցումը տանում է լավ տնտեսական քաղաքականության, իսկ մյուսը՝ վատ: Աճի տեսության 20-րդ դարի մոտեցումը կենտրոնանում է աճի գործոնների վրա, իսկ սմիթյան մոտեցումը դիտարկում է տնտեսական միջավայրը, որը նպաստում է աճին: Սմիթի դատողությունների համաձայն՝ տնտեսական աճի բանալին ազատ տնտեսական միջավայրն է: Արտադրական ֆունկցիայի մոտեցման խնդիրը կայանում է նրանում, որ այն անտեսում է շուկայական մեխանիզմը, որը մարդկանց խթանում է ռեսուրսները միավորել այնպես, որպեսզի ուրիշների համար արժեք ստեղծվի:
Գործոններն անհրաժեշտ են արդյունք ստանալու համար, բայց առանց ճիշտ խթանների շատ հեշտ է այդ գործոնները միավորել այնպես, որ վերջնական արդյունքն ավելի քիչ արժեք ունենա, քան սկզբնական գործոնները: Շուկայական տնտեսության դեպքում ընդունում ենք, որ արտադրությունը բերում է հարստության աճի, որովհետև այն ձեռնարկությունները, որոնք թողարկում են պակաս արժեք ունեցող արդյունք, քան օգտագործված գործոններն են, կորուստներ են կրում և դուրս գալիս բիզնեսից: Հետևաբար, շուկայական տնտեսության դեպքում ձեռնարկությունների մեծ մասը ստեղծում է ավելի արժեքավոր արտադրանք, քան դրա համար օգտագործված ռեսուրսներն են: Կենտրոնացված պլանավորմամբ տնտեսության դեպքում կառավարությունը կարող է շարունակել ռեսուրսներն ուղղորդել անարդյունավետ արտադրական մեխանիզմներ՝ գուցե նույնիսկ չհասկանալով, որ ռեսուրսները վատնում է:
Կենտրոնանալով տնտեսական աճին նպաստող միջավայրի վրա՝ սմիթյան տեսակետն ավելի քիչ ուշադրություն է դարձնում աճի գործոնների վրա: Այնուամենայնիվ, Սմիթը նաև ընդունում էր, որ շուկայի «անտեսանելի ձեռքը», եթե աշխատի տնտեսական ազատության պայմաններում, ռեսուրսների արդյունավետ բաշխում կկատարի: Եթե այդ նպաստավոր միջավայրը ստեղծվում է, ապա պետական քաղաքականությունը չպետք է առնչություն ունենա կապիտալի արտադրության, տեխնոլոգիաների ներդրման կամ որակավորված աշխատուժի զարգացման հետ: Տնտեսությունն ինքը կներգրավի ներդրումներ և կխթանի աշխատողներին ձեռք բերել շուկայական հմտություններ, կներդնի ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ: Ճիշտ միջավայրը կներգրավի ճիշտ ռեսուրսներ, բայց ճիշտ ռեսուրսների ապահովումը չի ստեղծի ճիշտ միջավայր: Եթե աճի քաղաքականությունը կենտրոնանա տնտեսական ազատության միջավայր ստեղծելու վրա, ապա դրան կհաջորդի աճը: Առանց ճիշտ միջավայրի աճ լինել չի կարող:
Տնտեսական ազատության և տնտեսական աճի միջև կապը մատնանշող փաստերը շատ են: Օրինակ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո Կորեան բաժանվեց երկու մասի, Հարավային Կորեան գնաց շուկայական տնտեսության ճանապարհով, իսկ Հյուսիսային Կորեան պահպանեց կենտրոնացված պլանավորմամբ տնտեսությունը: Այսօր Հարավային Կորեան G-20-ի խոշոր տնտեսություններից մեկն է և 1,63 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով (համարժեքային գնողունակությամբ` 2,14 տրիլիոն) զբաղեցնում է աշխարհում 12-րդ տեղը: Այն զարգացած երկիր է և ունի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի բավական բարձր մակարդակ, որը 2018թ․ կազմել է 31 363 ԱՄՆ դոլար՝ աշխարհում զբաղեցնելով 28-րդ տեղը: աշխարհի առավել փակ և կենտրոնացված տնտեսություններից մեկն է: 2018 թ․ Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն կազմել է 17,5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ ընդամենը 688 ԱՄՆ դոլար։
Նմանապես, Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան բաժանվեց Արևելյան և Արևմտյան Գերմանիաների, և կրկին շուկայական տնտեսության հետ մեկը բարգավաճեց, իսկ մյուսը կենտրոնացված պլանավորմամբ տնտեսությամբ հետ ընկավ: Արևելյան Գերմանիան, ի վերջո, առանց որևէ կրակոցի հանձնվեց Արևմտյան Գերմանիային, քանի որ Արևելյան Գերմանիայի բնակիչներն ուզում էին ունենալ այն առավելությունները, ինչն առաջարկում էր Արևմտյան Գերմանիայի տնտեսական համակարգը:
Նախկին Խորհրդային Միությունը մեծ ներդրումներ է կատարել ֆիզիկական և մարդկային կապիտալում՝ պատրաստելով բարձր որակավորմամբ և կրթված աշխատուժ: Այն նաև մեծ ներդրումներ է կատարել հետազոտությունների և մշակումների մեջ՝ մեծ տեղ հատկացնելով գիտությանը և տեխնիկային: Բարձրացնելով իր կապիտալի և աշխատուժի որակն ու քանակը և ունենալով տեխնոլոգիական նվաճումներ՝ Սովետական Միությունը, ըստ արտադրական ֆունկցիայի մոտեցման, պետք է ունենար աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Փոխարենն օրինակ է այն բանի, որ արտադրության գործընթացում միայն գործոնների ավելացման հաշվին աճ հնարավոր չէ ապահովել: Գործոնների ավելացումը հանգեցնում է արդյունքի մեծացման միայն այն դեպքում, երբ դրանք միավորվում են ազատ տնտեսական միջավայրում:
Իրենց վերջին տարիների բարգավաճման ֆոնին հեշտ է մոռանալ, որ ազատ շուկայական համակարգին անցած այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Թայվանը, Հարավային Կորեան, Հոնկոնգը և Սինգապուրը, աղքատ էին մի քանի տասնամյակներ առաջ: Այն երկրները, որոնք կենտրոնացված պլանավորումը գերադասեցին շուկայական համակարգից, ինչպես Խորհրդային Միությունը, Չինաստանը և Հնդկաստանը, ունեին թույլ տնտեսություններ: Այժմ, երբ այդ նախկին սոցիալիստական երկրները շարժվում են տնտեսական ազատության ուղով, նրանց տնտեսությունները սկսել են աճել:
Տնտեսական ազատության և տնտեսական աճի միջև կապի առաջին խորն ուսումնասիրություններից է 1996թ.-ին Ֆրեյզերի ինստիտուտի կողմից հրապարակված Ջ․ Գվարթնիի, Ռ․ Լոուսոնի և Ու․ Բլոկի «Աշխարհի տնտեսական ազատություն. 1975-1995թթ․» ուսումնասիրությունը: Նրանք մշակել են տնտեսական ազատության գնահատման քանակական ցուցանիշ և ցույց տվել, որ այն խիստ կապված է տնտեսական աճի հետ: Ակադեմիական այլ ուսումնասիրություններ ևս նման արդյունքներ են տվել։ Դրանք վկայում են, որ տնտեսական ազատության միջավայրը ներգրավում է տնտեսական աճի համար անհրաժեշտ ռեսուրսները: Այդ հետազոտություններում ուսումնասիրվում են նաև աճի այլ գործոններ, որոնք ցույց են տալիս, որ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը տնտեսական ազատությունն է:
20-րդ դարի վերջին տնտեսագետները կարծես թե վերադառնում են Սմիթի գաղափարներին՝ ցույց տալու համար, թե տնտեսական ազատությունը որքան կարևոր նշանակություն ունի բարգավաճման համար, հատկապես աշխարհի կենտրոնացված պլանավորմամբ տնտեսությունների փլուզումից հետո:
Փաստերը պարզ ցույց են տալիս, որ առանց տնտեսական ազատության աճ չի լինի: Տնտեսական ազատությունը պարունակում է մի շարք բաղադրիչներ, որոնց առկայությունը կարևոր է տնտեսական աճի համար: Տնտեսությունը պետք է ունենա կայուն դրամավարկային համակարգ, պաշտպանված մասնավոր սեփականություն, անաչառ իրավական համակարգ, ցածր հարկեր, կառավարության նվազագույն միջամտություն և քիչ խոչընդոտներ միջազգային առևտրի դեպքում: Իսկ եթե այս բաղադրիչներից որևէ մեկը բացակայում է, տնտեսության աճը դանդաղում է:
Հետևաբար, կենսական նշանակություն ունի, որ զարգացող երկրները, ինչպիսին մեր երկիրն է, խրախուսեն ազատ շուկաները, պաշտպանեն սեփականության իրավունքը, ապահովեն կայուն արժույթ և նվազագույնի հասցնեն կառավարության դերակատարումը տնտեսության մեջ: