2019թ․-ին Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին արժանացել է Նոբելյան Խաղաղության մրցանակի՝ «խաղաղության և միջազգային համագործակցության հասնելու ջանքերի և Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը լուծելու վճռական նախաձեռնության համար»:
Ա․Ա․ Ալիի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթը
Այսօր և այստեղ ես կանգնած եմ ձեր առջև խաղաղության մասին խոսելու համար: Տարիներ առաջ պատերազմի փոշոտ խրամատներով անցնելով՝ հասա դեպի խաղաղություն տանող ճանապարհին:
Երիտասարդ զինվոր էի, երբ սկսվեց Եթովպիայի ու Էրիթրեայի միջև պատերազմը, և առաջնագծում ականատես էի պատերազմի «տգեղությանը»։ Կան մարդիկ, ովքեր երբեք պատերազմ չեն տեսել, բայց հերոսացնում և դրամատիզացնում են այն: Նրանք չեն տեսել վախ, հոգնածություն, ոչնչացում կամ «կոտրված» սրտեր։ Եվ ոչ էլ զգացել են պատերազմի սգավոր դատարկությունը:
Պատերազմը դժոխքի մարմնավորումն է դրանում ներգրավվածների համար: Ես դա գիտեմ, քանի որ եղել եմ այնտեղ և վերադարձել եմ: Ես տեսել եմ, ինչպես են ռազմի դաշտում եղբայրները եղբայրներին սպանում: Ես տեսել եմ տարեց տղամարդկանց, կանանց և երեխաների, ովքեր սարսափից դողում էին փամփուշտների և հրետանու գնդակների մահացու «ցնցուղի» տակ: Ես միայն պատերազմող մարտիկ չէի: Ես նաև պատերազմի դաժանության և դրա հետևանքների վկան էի:
Պատերազմը դառնություն է մարդկանց համար: Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմի ժամանակ մոտ հարյուր հազար զինվոր և խաղաղ բնակչություն զոհվեց: Պատերազմը նաև մշտապես կործանեց համայնքները: Ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացումը հետագայում ուժեղացրեց հետպատերազմյան տնտեսական բեռը: Պատերազմը հանգեցրեց զանգվածային տեղահանությունների և կենսապահովման միջոցների կորստի։
2000թ․ հունիսի զինված բախման ավարտից հետո Եթովպիան և Էրիթրեան երկու տասնամյակ մնացին փակուղու մեջ՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հաստատող փակուղում: Վտանգ կար, որ Եթովպիայի և Էրիթրեայի միջև ակտիվ մարտերի վերսկսումը կապակայունացնի ամբողջ Եղջյուրի շրջանը:
Եվ այսպես, երբ ես մոտ 18 ամիս առաջ դարձա վարչապետ, իմ սրտում զգացի, որ անհրաժեշտ է ավարտել անորոշությունը: Ես հավատում էի, որ Եթովպիայի և Էրիթրեայի միջև խաղաղությունը հասանելի է: Համոզված էի, որ շատ երկար ժամանակ մեր երկու երկրները բաժանող երևակայական պատը պետք է քանդել: Եվ դրա փոխարեն պետք է կառուցվի բարեկամության, համագործակցության և բարի կամքի կամուրջ։ Ահա թե ինչպես ես սկսեցի իմ գործընկեր նախագահ Իսայաս Աֆևորկիի հետ խաղաղության կամուրջ կառուցելը:
Մենք հասկացանք, որ մեր ազգերը թշնամիներ չեն: Փոխարենը՝ մենք ընդհանուր թշնամու զոհ ենք դարձել, որը կոչվում է աղքատություն: Մենք գիտակցեցինք, որ մինչ մեր երկու ժողովուրդները խրված էին փակուղու մեջ, աշխարհը արագորեն փոխվում է և մեզ թողնում է հետևում: Մենք պայմանավորվեցինք, որ պետք է համագործակցենք հանուն մեր ժողովրդի և մեր տարածաշրջանի բարգավաճման:
Այսօր երկու տասնամյակից ավելի բաժանված ընտանիքները միավորվել են, դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ վերականգնված են: Վերականգնվել են օդային և հեռահաղորդակցման ծառայությունները: Եվ մեր ուշադրության կենտրոնում այժմ համատեղ ենթակառուցվածքային նախագծեր մշակելն է, որոնք կլինեն կարևոր լծակ մեր տնտեսական հավակնությունների մեջ:
Մեր նվիրվածությունը խաղաղությանը կայուն է։ Հարց է ծագում, թե ինչպես քսան տարի շարունակվող հակամարտությունը հանգեց բարեկամական հանգուցալուծման: Թույլ տվեք կիսվել այն համոզմունքներով, որոնք որոշում են իմ գործողությունները հանուն խաղաղության:
Ես հավատում եմ, որ խաղաղությունը ծագում է սրտից: Խաղաղությունը պահպանելը քրտնաջան աշխատանք է: Պատերազմի համար քիչ բան է անհրաժեշտ, բայց խաղաղություն ստեղծելու համար անհրաժեշտ է գյուղ և ազգ:
Ինձ համար խաղաղությունը պահպանելը նման է ծառեր տնկելուն ու աճեցնելուն: Այնպես, ինչպես ծառերը ջրի և աճելու համար լավ հողի կարիք ունեն, խաղաղությունը պահանջում է անկոտրում պարտավորություն, անսահման համբերություն և բարի կամք։ Խաղաղությունը պահանջում է բարեխղճություն՝ բարգավաճելու, անվտանգության և հնարավորությունների համար: Այն վերադարձնում է ապագայի նկատմամբ հույսը, ինքնավստահությունը և մարդկության նկատմամբ հավատը: Մարդկությունը, որի մասին ես խոսում եմ, գտնվում է մեր բոլորի ներսում:
Ի վերջո, խաղաղությունը պահանջում է հեռատեսություն: Եվ խաղաղության իմ տեսլականը արմատավորված է Մեդեմերի փիլիսոփայության մեջ: Մեդեմերը ամհարերեն (Եթովպիայի պետական լեզուն) բառ է, որը նշանակում է սիներգիա, կոնվերգենցիա և թիմային աշխատանք՝ հանուն ընդհանուր ճակատագրի: Մեդեմերը գաղափար է, որն արտացոլվում է մեր քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում: Գործնականում Մեդեմերը մեր անցյալի լավագույն միջոցներից օգտվելն է՝ հանդուրժողականության, փոխըմբռնման և քաղաքակրթության վրա հիմնված նոր հասարակություն և քաղաքացիական նոր մշակույթ ստեղծելու համար:
Մենք ունենք հին ասացվածք.
«በሰላም እንድታድር ጎረቤትህ ሰላም ይደር»
«Yoo ollaan nagayaan bule, nagaan bulanni»:
Դա ասույթ է, որը տարածված է շատ աֆրիկյան լեզուներով, ինչը նշանակում է. «Խաղաղ գիշեր ունենալու համար ձեր հարևանը նույնպես պետք է խաղաղ գիշեր ունենա»: Այս ասացվածքի էությունն ամրապնդում է տարածաշրջանում հարաբերությունները: Մենք հիմա ձգտում ենք ապրել մեր հարևանների հետ խաղաղության և ներդաշնակության մեջ:
Աֆրիկյան եղջյուրն այսօր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է: Համաշխարհային ռազմական գերտերություններն ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Մենք չենք ուզում, որ Եղջյուրը ռազմաճակատ դառնա գերտերությունների համար, ոչ էլ թաքստոց՝ ահաբեկիչների, հուսահատության ու աղքատության համար: Մենք ցանկանում ենք, որպեսզի Աֆրիկյան եղջյուրը դառնա խաղաղության և առաջընթացի գանձարան: Անցած մի քանի ամիսների ընթացքում Եթովպիան իրականացրել է պատմական ներդրումներ խաղաղության մեջ, որի պատասխանը մենք կտեսնենք գալիք տարիների ընթացքում:
Մարդու իրավունքների անտեսումը աշխարհում շատ բախումների առիթ է դարձել: Նույնը մեր մայրցամաքում ՝ Աֆրիկայում: Ըստ գնահատականների Աֆրիկայի բնակչության մոտ 70 տոկոսը 30 տարեկանից ցածր է: Մեր երիտասարդները պահանջում են սոցիալական և տնտեսական արդարություն, հնարավորությունների հավասարություն և կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքար: Երիտասարդները պնդում են, որ լավ կառավարումը հիմնված է պատասխանատվության և թափանցիկության վրա: Եթե մենք մերժենք մեր երիտասարդների արդարության ձգտումը, նրանք մերժելու են խաղաղությունը:
Այսօր կանգնած լինելով այս համաշխարհային բեմում` ես կցանկանայի կոչ անել բոլոր եթովպացիներին՝ միանալ և օգնել կառուցել մի երկիր, որն իր բոլոր քաղաքացիների համար առաջարկում է արդարություն, հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ: Միասին, մենք պետք է չեզոքացնենք ատելությունը՝ ստեղծելով ժողովրդավարության, քաղաքացիական համաձայնության, ներգրավվածության և հանդուրժողականության վրա հիմնված քաղաքացիական մշակույթ:
Եզրափակելով միջազգային հանրությանը կոչ եմ անում միանալ ինձ և իմ հայրենակից եթովպացիներին Աֆրիկյան եղջյուրում խաղաղություն ստեղծելու և բարգավաճելու համար:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի