Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։
2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:
Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա:
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարևորել է միասնական ու համակարգված աշխատանքը և կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին և որակով:
Աղբյուրն՝ այստեղ։