2020 թվականի հունվարի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը:
Խորհրդի նիստը սկսվեց հունվարի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:
Արձանագրվեց, որ 2019 թվականն ավարտվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով՝ 2019 թվականի դեկտեմբերին գրանցված 1.3% գնաճի պարագայում: Ամսվա գնաճին գերազանցապես նպաստել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների փոփոխությունները, որի կառուցվածքում կրկին զգալի աճ է արձանագրվել «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերում՝ համապատասխանաբար 19.9% և 4.9% (ընդհանուր նպաստումը գնաճին՝ 1.3 տոկոսային կետ):
Դեկտեմբերին փոքր-ինչ աճել են ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, ինչն հիմնականում տեղի է ունեցել «Տրանսպորտի» և «Հանգստի կազմակերպման» ծառայությունների սակագների համապատասխանաբար 0.3% և 2.6% աճերի հաշվին: 12-ամսյա բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ տարեվերջին կազմելով 0.7%:
Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին և փաստեց, որ, 2019 թվականի չորրորդ եռամսյակում ևս տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ճյուղի բարձր աճով: Այսպես, հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5%, որի հիման վրա էլ ԿԲ-ն վերանայել է իր գնահատականը և ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կգտնվի այդ ցուցանիշի շրջակայքում: Չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը նույնպես մնում է բարձր՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է մեծապես նպաստել իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը: Վերջինս արտահայտվել է տնտեսության վարկավորման բարձր աճով՝ տարեկան շուրջ 19.0%, որի կազմում մեծ կշիռ է կազմել դրամով վարկավորման աճը:
Աղբյուրն՝ այստեղ։