Walmart-ն աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրային ցանցն է, որի կազմի մեջ են մտնում ավելի քան 10 հազար խանութներ։ Դրանցում կարելի է գնել ամենատարբեր ապրանքներ՝ սկսած սննդամթերքից, վերջացրած տնտեսական ապրանքներով։ Ընկերությունը իր հաջողությամբ պարտական է հիմնադիր Սեմ Ուոլթոնին։ Նրա ձեռնարկած քայլերը ժամանակից առաջ էին։ Սակայն Ուոլթոնը կարծում էր, որ իր հաջողությունը կայանում է իր անսահման լավատեսության, բոլորի նկատմամբ բարյացակամության և սպասարկման անընդհատ կատարելագործման մեջ։ Նրան ճանաչողները պնդում են, որ Սեմը այն մարդկանցից էր, ում երեսից ժպիտն երբեք չէր հեռանում։
Առաջին բիզնես-հմտությունների ձեռքբերումը
Սեմը ծնվել է 1918 թվականին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Քինգֆիշեր քաղաքում։ Նրա ծնողներն աշխատում էին ֆերմայում և չնայած որ մեծ եկամուտներ չէին ստանում, նրանք չէին ապրում աղքատության մեջ։
Ինչպես և շատ այլ ճանաչված գործարարներ, Սեմը սկսեց առաջին գումարները ինքնուրույն վաստակել շատ վաղ հասակում։ Արդեն 7 տարեկանում առավոտյան ժամերին նա աշխատում էր որպես թերթերի առաքիչ։ Սեմի կյանքում մեծ դեր է խաղացել նաև սպորտով զբաղվելը։ Դրա շնորհիվ Սեմը սովորեց աշխատել թիմի կազմում և արդյունավետ համագործակցել այլ խաղացողների հետ։ Հետագայում այդ ունակությունը հաճախ օգնել է նրան նաև բիզնեսում։
Միսուրիի համալսարանը ավարտելուց հետո Սեմը սկսեց աշխատել առևտրային ոլորտում՝ հաճախ փոխելով իր աշխատավայրը։ Ընկերություններից մեկում նա ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ Երբ նա բանակային տարիքի էր, հայտնաբերված սրտի արատի պատճառով նրան արգելեցին ընդհանուր կարգով ծառայությունը, սակայն փոխարենը ուղարկեցին զորամաս՝ թիկունքում զորքերին անհրաժեշտ ապրանքների մատակարարումն ապահովելու համար։
Առաջին խանութի բացումը
Զորացրվելուց հետո Սեմը ընտանեկան ժողով հրավիրեց, որտեղ պլանավորում էր լուծել իր հետագա գործունեության հարցը։ Իր կնոջ հայրը բավական հարուստ էր: Եվ Սեմը որոշելով օգտվել «ճակատագրի նվերներից»՝ սեփական գործը սկսելու համար նրանից որոշակի գումար խնդրեց։ Աները չմերժեց նրան, և գումար տրամադրեց «Ben Franklin» առևտրային ցանցի հետ ֆրանչայզինգի պայմանագիր[1] կնքելու համար։ Այսպես Նյուպորտ քաղաքի կենտրոնում բացվեց փոքրիկ խանութ, որը շատ արագ նվաճեց տեղացիների համակրանքը։ Սեմը անձամբ էր դիմավորում խանութի ամեն հաճախորդին և յուրաքանչյուրին տրամադրում էր առավելագույն ուշադրություն։ Սեմը հաճախ էր ասում իր գնորդներին, որ խանութը իրեն անձամբ չի պատկանում, այլ պատկանում է իր ամբողջ ընտանիքին։ Եվ շատ անգամ իր հաճախորդներին պատմում էր որդու՝ Ռոբսոնի մասին, ում շատ էր սիրում։
Շատ արագ Ուոլթոնի ղեկավարած խանութը դարձավ «Ben Franklin» ցանցի ամենահաջողակ և արդյունավետ բաղադրիչը։ Երբ եկավ ֆրանչայզինգի պայմանագրի ժամկետի ավարտը, ցանցի սեփականատերը հրաժարվեց երկարացնել այն։ Պատճառը ակնհայտ էր․ սեփականատերն ինքն էր ցանկանում կառավարել վաճառքի գերազանց ցուցանիշներ ունեցող խանութը։
Մեկ տարի անց Ուոլթոնը իր կնոջ և երեխաների հետ միասին տեղափոխվեց Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաք։ Այդ պահից սկսած Սեմը արդեն ոչ մի վայրկյան չէր էլ կասկածում, որ առևտուրը իր ճակատագիրն է և նա ամբողջ կյանքը միայն դրանով էլ զբաղվելու է։ Նա բացում է «Five & Ten Cents» խանութը, որի անվանումից էլ պարզ է դառնում, թե ինչ արժեքներ ունեին այնտեղ վաճառվող ապրանքները։ Այժմ այդ խանութի փոխարեն գտնվում է Walmart-ի թանգարանը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեսնել ցանցում երբևէ վաճառվող ամենահին ապրանքները։ Դրանց շարքում է բավական հետաքրքիր պատմությամբ մի ցուցանմուշ։ Դա ամենասովորական ջերմաչափ է, որը գնորդը վերադարձրել էր խանութ պատճառաբանելով, որ «դրանք սխալ են ցույց տալիս ժամանակը»։
Սեմը շարունակում է խանութներ բացել Արկանզասում՝ միաժամանակ կուտակելով փորձ և ձևավորելով առևտրի իր սեփական սկզբունքները։ Երբ նա որոշեց բացել իր առաջին սուպերմարկետը, նա արդեն իր գործի գիտակ էր։
Սեմ Ուոլթոնի նպատակն էր այնպիսի խանութների ստեղծումը, որոնք ներդաշնակորեն կհամատեղեին փոքր խանութների «ընտանեկան» մթնոլորտը և խոշոր սուպերմարկետների մասշտաբը։ Նոր գաղափարների փնտրտուքներով տարված՝ Ուոլթոնը հաճախում էր Ճանապարհին հանդիպող գրեթե բոլոր խանութները և ուսումնասիրում էր՝ ինչպես են դրանք աշխատում։
Walmart-ի պատմության սկիզբը
Walmart-ի պատմությունը այդպես էլ չէր սկսվի, եթե Ուոլթոնի մտքին չգար փոքր քաղաքի ծայրամասում մեծ սուպերմարկետ բացելու գաղափարը։ Բանը նրանում է, որ մեծ խանութները այդ ժամանակ տեղակայված էին միայն խոշոր քաղաքներում։ Սակայն դրանցում աշխատուժի և հողի գինը շատ բարձր էր Ուոլթոնի համար։ Իսկ շուկայի խոշոր խաղացողները չէին էլ դիտարկում փոքր քաղաքները որպես բիզնես իրականացնելու հարթակ։ Իր ծանոթների կասկածներին հակառակ՝ Ուոլթոնը որոշեց փորձել։
Այսպես Ռոջերս քաղաքի ծայրամասում Ուոլթոնը բացեց իր առաջին սուպերմարկետը «Waltons Five And Dime» անվամբ։ Տեղացիներին այդ սուպերմարկետը դուր էր գալիս նրանով, որ այն մեգապոլիսների սուպերմարկետների չափ մեծ էր, սակայն գները նրանում զգալիորեն ցածր էին, ինչպես նաև տիրում էր ջերմ, գրեթե ընտանեկան մթնոլորտ։ Սկզբնապես ներարկված սկզբունքը մինչև այժմ էլ առկա է Walmart-ի քաղաքականության մեջ․ բոլոր խանութները բացվում են քաղաքների ծայրամասերում, այլ ոչ թե կենտրոններում։
«Waltons Five And Dime» ցանցի առաջին խանութները հնարավորություն էին տալիս ապրանքներ գնել ոչ թե ցածր, այլ զարմանալիորեն ցածր գներով։ Հաճախորդները սկզբնապես զգուշորեն էին դրան վերաբերվում, սակայն հետագայում հասկացան, որ ապրանքների որակը ոչնչով չէր զիջում այլ խանութների նմանատիպ ապրանքներին։
Ուոլթոնի առաջին խանութները «ընտանեկան» էին․ կնոջ հետ միասին նրանք զբաղվում էին կառավարմամբ՝ չվարձելով կողմնակի տնօրենների կամ ադմինիստրատորների, իսկ յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերվում էր ջերմ, ընկերական վերաբերմունք։ Զարմանալի է, որ Ուոլթոնին հաջողվել է պահպանել այդ մոտեցումը նաև մեծ սուպերմարկետներում։ Իր անձնակազմի շրջանում նա կարողանում էր ձևավորել յուրատեսակ կորպորատիվ մշակույթ։ Այն ենթադրում էր, որ յուրաքանչյուր հաճախորդ պետք է զգար իրեն ինչպես «իր տանը»․ քննարկել վաճառողի հետ վերջին նորությունները և լուրերը, կիսվել իր մտահոգություններով և փոխանակվել խորհուրդներով։ Որքան ավելի մեծ էին դառնում Walmart-ի խանութները, այնքան Ուոլթոնը ավելի շատ էր ջանում պահպանել ընտանեկան մթնոլորտը դրանցում։
Ուոլթոնը ցանկանում էր վերանվանել իր ցանցը «Waltons»-ի, քանի որ «Waltons Five And Dime» անվանումը շատ երկար էր։ Սակայն պարզվեց, որ յուրաքանչյուր տառի համար ցուցանակ պատրաստելու արժեքը բավական բարձր էր։ Սեմը որոշեց խնայել և խանութներն անվանել ուղղակի «Wal»։ Mart վերջավորությունը (որը նշանակում է շուկա) ավելացվել է մի փոքր ուշ։ Առաջին խանութի բացումից հետո հաջորդող հինգ տարիների ընթացքում բացվեց ևս 24 սուպերմարկետ։
Սեմ Ուոլթոնը հաճախ զրուցում էր նաև սեփական աշխատողների հետ և նրանցից խորհուրդներ էր հարցնում խանութների աշխատանքը կատարելագործելու մասին։ Օրինակ գնումների սայլակները մինչև ավտոմեքենա տեղափոխելու գնորդներին թույլատրելու գաղափարը Ուոլթոնին առաջարկեց բեռնակիրներից մեկը, իսկ անվճար կայանման գաղափարը՝ քարտուղարներից մեկը։ Չնայած կուտակած հարստությանը՝ Ուոլթոնը ապրում էր հասարակ մարդու պես։ Նա չէր ամաչում հագնել էժան հագուստ և վարել սովորական փիկափ։ Իսկ մեկ անգամ էլ հագնելով տերևներից պատրաստած կիսաշրջազգեստ՝ ամենամարդաշատ փողոցներից մեկում պարեց հավայական կղզիների ցեղերի պարերից մեկը, քանի որ գրազ էր պարտվել մտերիմ ընկերոջը։
Այլ ձեռներեցների կողմից մեղադրանքները և սեփական գրքի հրատարակումը
Walmart-ի հաջողության շնորհիվ փոքր խանութները սկսեցին հաճախորդներ կորցնել։ Հաճախորդներին ավելի շատ էր դուր գալիս գնումներ կատարել մեծ սուպերմարկետում ավելի ցածր գներով՝ ստանալով նաև ջերմ ընդունելություն և անհատական մոտեցում սուպերմարկետի անձնակազմի կողմից։ Փոքր խանութները սկսեցին սնանկանալ, և դրանում մեղադրում էին Սեմ Ուոլթոնին, ով անդադար բազմացնում էր իր սուպերմարկետները Ամերիկայի ամբողջ տարածքում։ Մեղադրանքներ սկսվեցին նաև «ամերիկյան ավանդույթների» խախտման հիմքով, որոնք ենթադրում էին բոլոր խոշոր կառույցների և խանութների տեղակայումը քաղաքների կենտրոններում։
Այդպիսի մեղադրանքները Ուոլթոնը համարում էր անարդար և 1990-ականների սկզբներին գիրք գրեց, որտեղ նա պատմեց Walmart-ի ամբողջ պատմությունը ամենասկզբից։ Այդպիսով, նրա գործնական համբավը մի փոքր մաքրվեց բացասական շերտից, և մարդիկ հասկացան, որ Սեմի գլխում չկար էլ որևէ մեկին սնանկացնելու միտքը և որ նա ուղղակի զբաղվում էր նրանով, ինչը նրան դուր էր գալիս։ Ծայրամասերում նա սուպերմարկետներ էր կառուցում ոչ թե ամերիկյան ավանդույթները խախտելու համար, այլ այն պարզ պատճառով, որ այնտեղ հողի վարձավճարները ավելի մատչելի էին։
Այդ նույն գրքում Ուոլթոնը ներկայացնում էր իր բարեգործական գործունեության մասին, ինչի վերաբերյալ նախկինում նախընտրում էր լռել։ Ուոլթոնը ծնվել և մեծացել էր փոքրիկ քաղաքում և շատ լավ գիտեր, թե ինչպիսի խնդիրներ են ունենում դրանց բնակիչները։ Այդ պատճառով սկսելով բիզնեսով զբաղվել՝ նա բարեգործական տարատեսակ ֆոնդերին պարբերաբար գումարներ էր փոխանցում՝ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու նպատակով։ Սեմը օգնում էր նաև չունևորներին և գումարներ էր փոխանցում գազանանոցներին, հիվանդանոցներին, գրադարաններին և թատրոններին։
1992 թվականի մարտին նա մանրածախ առևտրում իր կատարած աշխատանքի համար ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից ստացավ ազատության նախագահական մեդալ։ Մեկ ամիս անց Ուոլթոնը մահացավ, իսկ նրա բիզնեսն անցավ կնոջն ու երեխաներին: Ինքնակենսագրական գրքի հրատարակումից հետո հասարակությունը վերջապես ճանաչեց իրական Ուոլթոնին, ով բազում բարի գործեր էր արել ու ծառայել իր երկրին և նրա բնակչությանը։
[1] Դա պայմանագիր է, որը հնարավորություն է տալիս դրա գնորդին զբաղվել որոշակի գործունեությամբ և ապրանքանշանի ներքո, որի տակ հանդես է գալիս ֆրանչայզինգի պայմանագրի վաճառող կողմը։ Ֆրանչայզինգի պայմանագրով վաճառող կողմը պարտավորվում է պարբերաբար օգնել և խորհրդատվություն տրամադրել գնորդին բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում։