Ֆրենկ Խոդորով (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Ազատ կամքը բարոյական յուրաքանչյուր մտածողության մեկնակետն է, որը նույնքան կարեւոր դեր է խաղում նաեւ ապրուստի հայթայթմանն ուղղված գործունեության դաշտում։ Եթե մարդն օժտված չլիներ ընտրություն կատարելու ձիրքով, նրան կարելի չէր լինի նաեւ պատասխանատու համարել սեփական վարքի համար, ինչպես բարու եւ չարի սահմանից անդին են ձկները կամ թռչունները՝ որպես բարոյազուրկ արարածներ։ Այսպիսով, եթե մարդը զրկված լիներ այս ձիրքից, նրա տնտեսավարումը սահմանափակված կլիներ միայն բնության մեջ գտածը փորփրելով։ Մտածելու, գնահատելու եւ այս կամ այն ուղով ընթանալու օգտին որոշում կայացնելու ունակության արդյունքն է, որ գոյություն ունի մի բնագավառ, որը կոչում ենք տնտեսագիտություն։
Փորձը ցույց է տալիս, որ այն բարօրությունը, որին մարդը բնազդորեն ձգտում է, հասանելի է միայն երբ անձը կայացնում է պատշաճ որոշումներ։ Բնությունն իր անքննելի ուղիներով սահմանել է, որ ջուրը պետք է միշտ հոսի բարձունքն ի վար եւ երբեք՝ ի վեր։ Սա մենք կոչում ենք բնության օրենք, քանի որ այն չի ճանաչում բացառություն, անխուսափելի է եւ ինքնակատար։ Ուստի, երբ որոշում ենք, օրինակ, տուն կառուցել, շինությունը դիրքավորում ենք բլրի ստորոտին, որպեսզի ապահովված լինենք ջրով։ Եթե տունը տեղակայենք բլրի կատարին, բնությունը չի համագործակցի մեր կամակորության հետ, եւ մենք ոչ մի կաթիլ ջուր չենք ունենա տանը, եթե իհարկե չհայտնաբերենք ու գործի չդնենք բնության մեկ ուրիշ օրենք, որով հաղթահարվում է գրավիտացիայի ուժը։
Ասել է թե՝ բնությունն է տերուտիրականը, եւ որոշումներ կայացնելիս օգտակար է ականջալուր լինել նրա դասերին, այլապես երբեք չենք հասնի ցանկալի արդյունքի։ Բնության դասերը, սակայն, անվճար չեն տրվում. հարկ է ջանասիրաբար նվիրվել դրա նրբությունների ուսումնասիրությանը, որպեսզի ի զորու լինենք բացահայտելու նրա ծածուկ ուղիները։ Իսկ յուրաքանչյուր հաջողված ուսումնասիրության նախադրյալը մեկն է՝ ընդունել, որ բնության մեջ իսկապես կա այն գաղտնիքը, որը փորձում ենք բացահայտել։ Եթե գործին ձեռնամուխ լինենք՝ հայտարարելով, թե այս կամ այն ոլորտում բնությունը չունի օրենքներ, եւ թե մարդն ինքն է գծում իր ուղին՝ առանց բնությունը հաշվի առնելու, ապա երբեւիցե ոչինչ չենք սովորի։
«Տնտեսագիտություն» առանց սկզբունքների
Սա հենց այն է, ինչ տեղի է ունեցել տնտեսագիտության ասպարեզում։ Ոլորտի բազմաթիվ փորձագետներ համարում են, թե բնությունը մեզ ոչինչ չի կարող սովորեցնել ապրուստի հայթայթման մասին, եւ թե այդ ամենն իբր մարդկային հնարքների հարց է։ Ահա թե ինչու է տնտեսագիտությունն այսքան հաճախ վերածվում ծախսերի ու նպատակահարմարությունների մի անիմաստ ու անմիտ շիլաշփոթի, որը չի բերում ոչ մի հասկացման, չի բերում բարեվախճան արդյունքի։ Ավելացնեմ, որ բարոյական կյանքի անվայելուչ կողմերը՝ բաժանությունը, անչափահասների հանցավորությունը, միջազգային տարաձայնությունները եւ այլն, ըստ մեծի մասի մերօրյա այն մեծամտության արդյունքն են, թե իբր բնության մեջ չկա բարոյականության երաշխավորություն, ուստիեւ՝ բարոյական վարքի պոզիտիվ օրենքներ։ Բայց սա այլ նյութ է արդեն…
Փորձեմ, հետեւաբար, ներկայացնել որոշ փաստեր առ այն, որ տնտեսագիտության բնագավառում բնությունն ունի սեփական կանոններն ու ընթացակարգերը, որոնք մեզ հուշում են, որ եթե ցանկանում ենք խուսափել մարդու հնարագիտությանն ապավինելու՝ ակնհայտորեն անգոհացուցիչ արդյունքներից, ապա լավ է տրամադրվել դրանք ուսանելուն։ Եկեք ուրեմն միասին ոտք դնենք փորձի լաբորատորիան, որը ճանաչողությանը խոշորագույն աղբյուրն է մարդկության համար։
Նորաբնակը
Եկեք մտովի հետհայացք գցենք այն ժամանակներին, երբ դեռեւս գոյություն չուներ Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքը կամ որեւէ այլ բնակավայր Ալեգանյան լեռներից արեւմուտք, երբ դեռ նոր-նոր ցանվում էին ապագա հանրային միավորման սերմերը միայն, երբ մենավոր նորաբնակը որոշում էր բնակություն հաստատել երկրագնդի այս կողմերում։ Նորաբնակի որոշման վրա ազդեցություն թողած հիմնական նկատառումն աշխարհի այս անկյունում ապրուստ արարելու հնարավորության միտքն էր։ Ապագա Մեդիսոնի տեղը նա ընտրեց՝ ելնելով հողի բերրիությունից, ջրի առատությունից, ծառաշատ անտառների լիությունից, որ հարմարավետություն էին խոստանում, մսի եւ կաշվի անսպառությունից, որ ապրուստի միջոց եւ հագուստ էին երաշխավորում։ Սա այն աշխատանոցն էր, ուր թափված ջանքերի դիմաց կարելի էր լավ վարձատրություն ակնկալել։ Առանց տնտեսագիտության դասագրքերի օգնության, մարդն ինքն իր համար բացահայտեց տնտեսության մի քանի օրենք՝ ա) որ արտադրությունը կամ հարստությունը բաղկացած է մարդկային եռանդը բնական ռեսուրսների վրա գործադրելուց առաջ եկող օգտակար իրերից եւ բ) որ վարձատրությունը բխում է արտադրությունից։
Այս օրենքները՝ բնության այս ցուցում-պատվիրանները, գործուն են մինչ օրս եւ գործուն կլինեն նաեւ ապագայում՝ ի հեճուկս դրանք առ ոչինչ դարձնելու՝ որոշ «փորձագետների» ճիգերի։ Երկնային մանանայի ուժգին կարոտությունը հաճախ մթագնում է այն փաստը, որ հումքի նկատմամբ մարդկային ճիգի բանեցումն է միայն, որ տնտեսական բարիք է ծնում։ Մինչդեռ այդ կարոտությունն այնքան հզոր է, որ մարդիկ կառավարությունից պահանջում են Աստծո դեր ստանձնել եւ վերարտադրել «անապատի հրաշքները»։
Պետությունը, անշուշտ, չի կարող արտադրել ոչինչ, ուր մնաց՝ հրաշքներ։ Իսկ երբ այն իրեն թույլ է տալիս մանանա մաղել ընտրյալ հոգիների վրա, պարզապես ստիպված է լինում վերցնել մեկի արտադրածն ու հանձնել ուրիշին։ Պետության մեծահոգությունը երբեք ձրի նվեր չէ։ Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա դա, միեւնույն է, գալիս է արտադրությունից, թեեւ դեռ կան աղանդավորներ, որոնք պնդում են, իբր աշխատավարձերը բաց են թողնվում անսիրտ ու անհոգի տերերի կողպած գանձարաններից։ Բնության այս երկու թելադրանքներն անտեսելու հետեւանքներն այնքան հայտնի են, որ չարժե անգամ քննության առնել։ Վերադառնալով մեր նորաբնակին՝ ասենք, որ նրա սկզբնական վարձատրությունը լինում է բավականին աղքատիկ, քանի որ սեփական գոյավիճակից դրդված՝ նա ստիպված է լինել ամեն ինչի արհեստավոր եւ ոչնչի վարպետ․ տակավին քիչ է արտադրում, հետեւաբար եւ քիչ է ստանում ի պատասխան։ Սակայն նա չի բավարարվում եղած վիճակով, քանի որ ի տարբերություն անտառակյաց գազանների կամ ծովաբնակ ձկների՝ մարդը չի կարող գոհանալ սոսկ գոյատեւմամբ։
Եւ այստեղ մենք դեմ առ դեմ կանգ ենք առնում բնության մի օրենքի առջեւ, որը կարեւորագույն դեր ունի մարդու տնտեսական կյանքում, այն է՝ մարդը անհագ արարած է եւ միշտ երազում է իր դրությունը բարելավելու եւ գործունեության հորիզոնն ընդլայնելու նորանոր ուղիների ու միջոցների մասին։ Բնության տարերքներից պաշտպանվելու նպատակով նորաբնակի կառուցած առաջին խրճիթը սկզբում գուցե ամրոց թվա նրան, սակայն շուտով նա պիտի սկսի մտածել փայտե հատակի, պատին կախվող նկարների, խորդանոցի, տնային երեկոները պայծառացնող կլավեսինի, եւ, վերջապես, հոսող տաք ու սառը ջրի մասին, որ կազատի իրեն ջուր կրելու տքնությունից։ Չլիներ մարդու անհագությունը, չէր լինի նաեւ այնպիսի ոլորտ, ինչպիսին տնտեսագիտությունն է։
Ի հայտ է գալիս առաջին հարեւանը
Այս ամենով հանդերձ՝ նորաբնակի երազանքները մնում են անմատչելի, քանի դեռ ինքը հարկադրված է գործել միայնակ։ Սակայն շուտով ի հայտ է գալիս երկրորդ նորաբնակը՝ առաջնորդվելով գործելավայրի ընտրության միեւնույն չափանիշներով, որոնք վճռորոշ են եղել նախորդի ընտրության դեպքում եւս։ Ի՞նչ վարձք կարող է նա ակնկալել հողից։ Բոլոր դեպքերում, այս եւ նմանորակ այլ վայրերի միջեւ ընտրելու դեպքում սա ավելի ցանկալի տարբերակ է, քանի որ տեղում արդեն մի հարեւան կա։ Այս եզակի փաստն ինքնին արդեն երաշխավորում է ավելի մեծ եկամուտ, զուտ որովհետեւ կան այնպիսի գործեր, որոնք երկու հոգով արվում են ավելի հեշտ, քան միայնակ, ինչպես նաեւ գործեր, որոնք միայնակ առհասարակ հնարավոր չէ գլուխ բերել։ Նրանց վարձատրությունը, ուստի, փոխադարձաբար բարելավվում է համագործակցության շնորհիվ եւ յուրաքանչյուրի բավարարվածությունն աճում է համապատասխանաբար։
Գալիս են ուրիշները, եւ բնակչության յուրաքանչյուր հավելում բարձրացնում է վարձատրության մակարդակը համայնքում։ Տների կառուցման, հրդեհներին եւ այլ վտանգներին դիմակայելու, ազատ ժամանցի պահանջների բավարարման կամ հոգեւոր առանձնության փնտրտուքում տասներկու հոգի, համագործակցելով, կարող են իրագործել ավելին, քան տասներկուպատիկը նրա, ինչ յուրաքանչյուրը կհաջողեր՝ միայնակ բանելով։ Միեւնույն է, սակայն, համայնքում վարձատրության մակարդակը դեռեւս մնում է ցածր՝ սահմանափակված այն փաստով, որ աշխատող բոլոր ձեռքերը լծված են գոյատեւման եւ ինքնաբավության տարրական միջոցներն ապահովելու գործին՝ իբրեւ ամեն ինչի արհեստավորներ։
Համայնքի զարգացման ընթացքում նորաբնակներից մեկն ինչ-որ մի պահի իր մոտ հակում է նկատում դեպի դարբնությունը եւ գիտակցում, որ եթե մյուսները իրեն հանձնարարեն այդ գծով բոլոր պարտականությունները, նա կդառնա շատ ավելի հմուտ ու հաջողակ, քան հարեւաններից որեւէ մեկը։ Այդ, որպեսզի նա կարողանա վարել իր արհեստը, մյուսները պիտի համաձայնեն ապահովել նրա մնացած կարիքները։ Քանի որ դարբնի հմտությունները մյուսների մոտ թերի են արտահայտված, եւ քանի որ այդ գործին հատկացվող ժամանակն ու ջանքերը հիմնականում ներդրվում են այն բանի հաշվին, ինչն իրենք ավելի լավ են անում, այդպիսի համաձայնությունը կայանում է առանց լուրջ բարդության։ Այսպես ահա առաջ են գալիս դերձակը, հյուսնը, ուսուցիչը եւ մի շարք այլ մասնագետներ՝ յուրաքանչյուրը հողագործին ազատելով հավելյալ ջանքերից, որոնք խանգարում են հողի մշակությանը։ Մասնագիտացումը բարձրացնում է ամեն մեկի արտադրողականությունը, եւ ուր առաջ պակասություն էր, սկսում է լիություն տիրել։
Կապիտալի տեր մասնագետներ
Մասնագիտացման առաջացման համար անհրաժեշտ թիվ մեկ պայմանը բնակչությունն է։ Որքան մեծ է բնակչությունը, այնքան մեծ է նաեւ մասնագիտացման հնարավորությունը, ինչը հանգեցնում է տվյալ հանրույթի վարձատրության մակարդակի բարձրացմանը։ Այնուամենայնիվ, աշխատանքի բաժանման համար կա նաեւ մեկ ուրիշ կարեւոր նախապայման՝ կապիտալի առկայությունը։ Նորաբնակներն իրենց ամբարներում ունեն ավելին, քան հարկավոր է անմիջական կենսապահովման համար եւ ուրախ կլինեն այս ավելցուկն ուղղել այլ կարիքների բավարարմանը։ Նրանց խնայողությունները թույլ են տալիս օգտվել մասնագետների ծառայություններից, եւ որքան նրանք ավելի են օգտվում դրանցից, այնքան ավելին են կարողանում արտադրել եւ խնայել՝ ավելի շատ աշխատանք ապահովելով մասնագետների համար։
Խնայողությունների կամ կապիտալի մասին նշվածը արտադրության այն մասն է, որն անմիջապես չի սպառվում եւ ուղղվում է ի նպաստ հետագա արտադրությանը՝ ապահովելով սպառվող ապրանքների ավելի մեծ ծավալի առկայություն։ Լիառատ կյանքի փնտրտուքում մարդը սովորել է, որ կարող է բարելավել իր գոյության հանգամանքները՝ արտադրելով ավելին, քան անհրաժեշտ է անմիջական սպառման համար, եւ ավելցուկը ներդնել բավարարման ավելի բարձր աստիճանի արարման մեջ։
Հարգանք սեփականության նկատմամբ
Մարդը կապիտալիստ է եղել միշտ։ Ամենասկզբում նա հնարել է անիվը՝ մի բան, որը ոչ ուտել կարող էր, ոչ հագնել, բայց եւ մի բան, որը հեշտացնում ու ավելի բեղմնավոր էր դարձնում նրա աշխատանքը։ Դատողականությունը հուշեց նրան՝ ինչ անել, եւ իր ազատ կամքով նա որոշեց անցնել գործի։ Սա է, որ մարդուն դարձնում է կապիտալիստ՝ կապիտալի ստեղծող եւ օգտագործող։ Դարեր հետո անիվը դարձավ սայլ, կառք, ավտոմեքենա, գնացք, ինքնաթիռ… բոլորը՝ ի օժանդակություն մարդուն՝ ավելի լավ կյանքի իր փնտրտուքում։ Եթե մարդը չլիներ կապիտալիստ, եթե չորոշեր արտադրել անհապաղ սպառման պահանջներից ավելին, ապա…. ապա երբեք չէր լինի այն, ինչ կոչում ենք քաղաքակրթություն։
Այդուհանդերձ, կապիտալի ի հայտ գալու նախապայմաններից մեկն այն երաշխիքի առկայությունն է, որ արտադրողն իր ողջ արտադրանքը կարող է պահել իրեն՝ խնայողության տեսքով։ Եթե արտադրանքի ավելցուկը (սպառման համեմատությամբ) կանոնավոր կերպով խլվի նրանից գողերի, հարկահանների կամ բնության տարերքների կողմից, նա այլեւս չի ձգտի արտադրել ավելին, քան կարող է անհապաղ սպառել։ Այդ դեպքում կապիտալը սկսում է անհետանալ, իսկ կապիտալի անհետացմանը զուգահեռ անկում է ապրում արտադրությունը՝ հանգեցնելով մարդու կենսամակարդակի անկմանը։
Այս փաստից կարելի է արտածել բնության մեկ այլ օրենք՝ որ աշխատանքի պտուղները քաղելու եւ վայելելու գործում նրան տրված երաշխիքը կապիտալի կուտակման անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Այլ կերպ ասած՝ ուր վերացվում է մասնավոր սեփականությունը, վերանում է նաեւ կապիտալը՝ իր ետեւից ցած գլորելով նաեւ արտադրությունը։ Այս օրենքը բացատրում է, թե ինչու են ստրուկները վատ արտադրողներ, իսկ ստրկատիրական հասարակությունը՝ աղքատ հասարակություն։ Այն նաեւ բացահայտում է սոցիալիզմի բոլոր տարատեսակների շռայլած խոստումների սուտը, որովհետեւ ուր արգելված է մասնավոր սեփականությունը, այնտեղ կարելի է գտնել միայն դաժան տնտեսում, այլ ոչ՝ գործող շուկայական տնտեսություն։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան