Հայկական Ծրագրեր ընկերությունն իր տարեկան, թվով 33-րդ ժողովում ամփոփեց 2019 թ․ գործունեությունը։ Հայկական Ծրագրերը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունների շարքում է, ունի 180 աշխատակից, որոնցից 11-ը գիտությունների թեկնածուներ են։ Ամփոփելով տարին՝ ընկերության նախագահ Ա․ Խաչատրյանը ներկայացրեց ընկերության 2019 թվականի ֆինանսական ցուցանիշները։
Մասնավորապես՝ 2019 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 2 մլրդ 992 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 10,6%-ով։
Նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է մուծել 1 մլրդ 80 մլն դրամ հարկ։ Նախորդ տարվա համեմատ 2019 թվականին ընկերությունը 13,1 %-ով ավել հարկ է վճարել։ Ընկերությունում հպարտանում են, որ ամեն տարի ավելի շատ հարկ են վճարում պետական բյուջե։
Առանձին-առանձին ներկայացվել են ընկերության պրոդուկտների հաջողություններն ու շուկայում ունեցած դիրքերը։
Ժողովի ընթացքում նախանշվել են 2020 թվականի անելիքները։ Մասնավորապես՝ շարունակել կատարելագործել սպասարկումը, պատրաստել հոլովակներ, կազմակերպել լրացուցիչ դասընթացներ, վեբինարներ։
2020թ․ Հայկական Ծրագրերը շարունակելու է նոր ուղղությունների զարգացումը՝ մեծ տվյալներ, մեքենայական ուսուցում և ամպային տեխնոլոգիաների սպասարկում։
Ընկերությունը կարևոր տեղ է հատկացնում կրթությանը։ Հայկական Ծրագրերն ունի իր ուսումնական կենտրոնը, որտեղ կրթում է ոչ միայն իր ապագա աշխատակիցներին, այլև անվճար դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար։ Ընկերությունը խրախուսում է աշխատակիցների շարունակական որակավորման բարձրացումը, նպաստում նրանց հմտությունների և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։