2008թ․-ին Փոլ Քրուգմանն «առևտրի կառուցվածքի և տնտեսական գործունեության տեղակայման վերլուծության» համար արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի։
Փ․ Քրուգմանի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթի ամփոփումը
Համաշխարհային առևտրում հսկայական դերակատարում ունի նմանատիպ երկրների միջև նմանատիպ ապրանքների փոխանակումը, օրինակ, ԱՄՆ-ի և Կանադայի միջև ավտոմոբիլային արտադրանքի երկկողմանի առևտուրը։ 1980թ․-ին նման առևտուրը համեմատաբար նոր երևույթ էր: Գլոբալիզացիայի առաջին դարաշրջանում ոչ միանման երկրների միջև առևտուրը հիմնականում տարբեր ապրանքների էր։ Դա բացատրվում էր համեմատական առավելության տեսությամբ․ երկրներն առևտուր են անում՝ իրենց տարբերություններով պայմանավորված: Առաջին աշխարհամարտից առաջ Մեծ Բրիտանիան զարմանալիորեն ավելի քիչ էր առևտուր անում իր հարևանների հետ, փոխարենը կենտրոնանում էր հեռավոր երկրների հետ առևտրի վրա, քանի որ դրանք ունակ էին արտադրել այն, ինչը չէր կարող Բրիտանիան՝ էժան ցորեն և մսամթերք, թեյ և այլն: Միայն Երկրորդ աշխարհամարտից հետո առևտուրը սկսեց աշխուժանալ տնտեսական զարգացման միևնույն մակարդակ ունեցող երկրների միջև։ Այդպիսի առևտուրը հատկապես ակտիվացավ Եվրոպական Միության ձևավորվելուց հետո։ Եվրոպայում միջճյուղային առևտրի աճի վերաբերյալ աշխատություններում հստակ նշվում է. «Յուրաքանչյուր երկիր արտադրում է տնտեսության յուրաքանչյուր ճյուղի արտադրանքի միայն մի մասը՝ ներմուծելով այն ապրանքները, որոնք չի արտադրել, քանի որ «ավելի նեղ մասնագիտացումը թույլ կտա օգտագործել մասշտաբի դրական էֆեկտը [1] արտադրական ցիկլերի մեծացման միջոցով»»:
Այնուամենայնիվ, նմանատիպ ապրանքների առևտրի այս պարզ թվացող բացատրությունն ամենևին էլ չի հանդիսանում 1975 թ. միջազգային առևտրի ստանդարտ տեսության մասը: Այդ գաղափարները ոչ միայն մերժվեցին, այլև անհասանելի էին թվում: Ինչո՞ւ։
Ընկերության մակարդակով առևտուրը նկարագրելիս տնտեսագիտության տեսությունն անպայման ենթադրում էր ոչ կատարյալ մրցակցություն։ Եվ առևտուրը, թերևս ավելին, քան տնտեսագիտության ցանկացած կիրառական այլ ոլորտ, հիմնված էր ընդհանուր հավասարակշռության վերլուծության վրա: Սակայն դեռևս գոյություն չունեին ոչ կատարյալ մրցակցության, ընդհանուր հավասարակշռության կիրառելի մոդելներ: Արդյունքում, 1967թ․-ին Հարրի Ջոնսոնի կողմից նկարագրված «Մոնոպոլ մրցակցության տեսությունը գործնականում որևէ ազդեցություն չի ունեցել միջազգային առևտրի տեսության վրա» դրույթներից հետո ի հայտ եկան մոնոպոլ մրցակցության նոր մոդելներ։ Եվ ակնհայտ դարձավ, որ այդ մոդելները կարելի է օգտագործել միջազգային առևտրի օրինաչափություններն առաջարկելու համար, որոնք ամբողջովին շրջանցեցին համեմատական առավելության վրա հիմնված «ավանդական» փաստարկները:
Այս դեպքում այն երկրները, որոնք նմանատիպ են ռեսուրսներով և տեխնոլոգիաներով, այնուամենայնիվ, մասնագիտանում են տարբեր ապրանքատեսակների արտադրության մեջ, քանի որ սպառողները փնտրում են բազմազանություն: Նմանատիպ երկրները միմյանց նկատմամբ ունեին քիչ համեմատական առավելություն, այդ իսկ պատճառով նրանց միջև առևտրում գերակշռում էր ներճյուղային առևտուրը՝ պայմանավորված մասշտաբի դրական էֆեկտով։
Սկզբում «առևտրի նոր տեսությունը» թվում էր՝ բաղկացած է հատուկ նշանակության, անհամատեղելի մոդելներից: Սակայն պարզվեց, որ հնարավոր է ստեղծել շատերի համար ընդհանուր հիմք և այն տարածել նաև առևտրի ավանդական շատ տեսությունների վրա՝ օգտագործելով Փոլ Սամուելսոնի (1949թ․) դրույթները: Գները հավասարեցնելու գործոնները բացատրելիս Սամուելսոնը հակադարձեց այն սովորական մոտեցմանը, որը մենք կիրառում էինք առևտրի նկատմամբ՝ այն դիտարկելով որպես միավորման գործընթաց: Փոխարենը, Սամուելսոնն առևտուրը համարեց բաժանման գործընթացի արդյունք: Նա դիտարկեց «Բաբելոնի աշտարակի» սցենարը, որում հրեշտակն իջնում է Դրախտից և կոտրում նախկինում միավորված տնտեսությունը։ Սամուելսոնը նշել է, որ գների հավասարեցումը տեղի է ունենալու միայն և միայն այն դեպքում, եթե արտադրության գործոնների միջազգային բաշխումը լինի այնպիսին, որ հնարավոր լինի, թեկուզ «հրեշտակի նոր սահմանափակումները» հաշվի առնելով, վերարտադրել «նախքան հրեշտակը» ինտեգրված տնտեսությունը: Նման պայմաններում մասնագիտացումը և առևտուրը կարելի էր դիտարկել որպես ինտեգրված տնտեսության վերարտադրություն։
Առևտրի էությունը նկարագրելիս Քրուգմանն օգտագործեց այս նույն մոտեցումը, որը ներառում էր ինչպես համեմատական առավելությունը, այնպես էլ եկամտի մեծացումը: Հիմնական հասկացությունն այն էր, որ ինտեգրված տնտեսությունը վերարտադրելու համար անհրաժեշտ էր հաշվի առնել դրական մասշտաբի էֆեկտը՝ հիմք ընդունելով համեմատական առավելությունն ու մասնագիտացումը։
Միջազգային առևտրի տեսությունների զարգացման մյուս առանձնահատկությունը տնտեսական աշխարհագրության անտեսումն էր։
Միշտ էլ ակնհայտ է եղել, որ երկրների ներսում և երկրների միջև ապրանքների առևտրի դրդապատճառները գրեթե միևնույնն են: Եվ կարելի էր ակնկալել, որ միջազգային առևտրի և տնտեսական աշխարհագրության տեսությունները կզարգանան միմյանց հետ սերտ կապով: Իրականում, եթե տնտեսական աշխարհագրությունն ընդհանրապես որևէ ձևով արտացոլվում էր միջազգային տնտեսագիտության մեջ, ապա հիմնականում շատ սահմանափակ: Ինչո՞ւ աշխարհագրությունն անտեսվեց առևտրի տեսաբանների կողմից: Բացատրությունն այն էր, որ նրանց համար կարևոր չէր երկրի աշխարհագրական տեղակայումը։ Ոչ ոք, իրոք չի կարծում, որ Սիլիկոնային հովիտն իր գոյության համար պարտական է արտադրանքի էկզոգեն գործոններին կամ Ռիկարդոյի համեմատական առավելության տեսությանը: Հատուկ խնդիրն այն էր, որ ամենևին էլ կարևոր չեն տարածական սահմանները: Արդյո՞ք դուք պետք է լինեք նույն քաղաքում՝ այդ քաղաքի արտադրողների «դրական պտուղները քաղելու համար»:
Փ․ Քրուգմանի կողմից «երկու շուկա սպասարկող մեկ արտադրողի գտնվելու վայրի» մոդելի դիտարկումը դարձավ «Նոր տնտեսական աշխարհագրության» տրամաբանության հիմքը։ Այս մոդելի հետազոտության հիմնական ենթադրությունն այն է, որ արտադրության ինքնուրույն համակենտրոնացում կարող է առաջանալ, եթե մասշտաբի դրական էֆեկտը մեծ է, տրանսպորտային ծախսերը ցածր են, իսկ արտադրությունը բավարար ճկուն է: Օրինակ, հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին ԱՄՆ տնտեսական աշխարհագրության բնույթը անցել է մի քանի փուլային փոփոխություն, երբ հասարակությունը դասակարգվեց գյուղացիական գոտու և արտադրական գոտու: Ի՞նչ էր կատարվում այս փոփոխության ընթացքում․ լայնածավալ արտադրության աճ (մասշտաբի դրական էֆեկտ), երկաթուղիներ (տրանսպորտային ավելի քիչ ծախսեր), ֆերմերային տնտեսության մասնաբաժնի անկում տնտեսության մեջ (ավելի ճկուն արտադրություն): Այս պարզ մոդելը բացատրում է տնտեսության հիմնական որակական փոփոխությունները: Այն, ըստ էության, ագլոմերացիայի մոդել է, որը հիմք է տնտեսական նոր աշխարհագրության ձևավորման համար, որում կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերում տարածաշրջանային մասնագիտացումը և քաղաքների համակարգը:
Տնտեսական նոր աշխարհագրագետները վերստին հայտնաբերեցին Մարշալի դրույթները, որոնք իր մեջ պարունակում էին տնտեսության ճյուղի տեղայնացման պատճառները․ գիտելիքների տարածում, աշխատաշուկայի համախմբում և մասնագիտացված մատակարարներ:
Միջազգային առևտրի նոր տեսության ձևավորումը մեծապես պայմանավորված էր զարգացած տնտեսություն ունեցող երկրների միջև նմանատիպ ապրանքների երկկողմանի փոխանակմամբ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, սակայն, այդ միտումը զարգացել է մեկ այլ ուղղությամբ, որի արդյունքում արագ աճում է զարգացած տնտեսություն ունեցող երկրների և շատ ավելի աղքատ, աշխատավարձի ցածր մակարդակ ունեցող տնտեսությունների, հատկապես Չինաստանի միջև առևտուրը:
Այդ «շեղման» պարզ ցուցանիշն է, օրինակ, ԱՄՆ-ի առևտրային գործընկերների աշխատողների միջին աշխատավարձը՝ արտահայտված ԱՄՆ-ում միջին աշխատավարձի նկատմամբ տոկոսներով: 1975թ․-ին այդ ցուցանիշը հասավ 76-ի, իսկ 1990թ․-ին այն փոքր-ինչ բարձրացավ՝ հասնելով 81-ի, ինչը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները մեծ մասամբ առևտուր է իրականացնում տնտեսական զարգացման նման մակարդակ ունեցող երկրների հետ: Մինչև 2005 թ․ այդ ցուցանիշը նվազեց՝ հասնելով 65-ի, ինչը հիմնականում արտացոլում էր Չինաստանի և Մեքսիկայի հետ առևտրի արագ աճը: 2006թ․-ին առաջին անգամ Միացյալ Նահանգներն ապրանքների ավելի շատ առևտուր էր իրականացնում զարգացող երկրների, քան զարգացած երկրների հետ: Եվ ոչ ոք չի կասկածում, որ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև առևտուրը, որտեղ աշխատողների միջին աշխատավարձը կազմում է ԱՄՆ-ում աշխատողների միջին աշխատավարձի միայն 13 տոկոսը, կամ Չինաստանը, որտեղ այդ ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է, արտացոլում է համեմատական առավելությունը, այլ ոչ թե պատահական, մասշտաբի վրա հիմնված մասնագիտացումը: Առևտրի ավանդական տեսությունը վերականգնել է իր արդիականությունը: Ուստի և՛ նոր աշխարհագրությունը, և՛ առևտրի նոր տեսությունը, կարող են նկարագրել երևույթներ, որոնք ավելի ու ավելի են թուլանում: Եվ մի բան պարզ է. ինտելեկտուալ հեղափոխությունը շատ բան սովորեցրեց այն մասին, թե ինչպես ենք մենք մտածում համաշխարհային տնտեսության վերաբերյալ:
[1] Մասշտաբի էֆեկտը ցույց է տալիս արտադրության չափերի և արտադրանքի թողարկման ծավալի փոխհարաբերությունը: Մասշտաբի էֆեկտը լինում է դրական, հաստատուն և բացասական: Այն պարագայում, երբ արտադրության ծավալի մեծացման նպատակով ընկերությունը մեծացնում է ընդհանուր ծախսերը, բայց արդյունքում միավոր արտադրանքի հաշվով կատարվող ծախսը նվազում է, ապա գործում է մասշտաբի դրական էֆեկտը (economies of scale): Այսինքն, մասշտաբի դրական էֆեկտը ենթադրում է ընկերության երկարաժամկետ միջին ծախսերի կրճատում` պայմանավորված արտադրության մասշտաբի աճով: Մասշտաբի դրական էֆեկտը բնական մենաշնորհների և բնական օլիգոպոլիաների ծագման տնտեսական հիմքն է։ Դա կարող է առաջանալ աշխատուժի, ղեկավար անձնակազմի մասնագիտացման, կապիտալի լիարժեք օգտագործման, արտադրական թափոններից կողմնակի արտադրության կազմակերպման և նման այլ երևույթների տեղի ունենալու պարագայում: