Փոլ Լ. Պուարո (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Ապրանք կամ ծառայություն վաճառող յուրաքանչյուր ոք ցանկանում է վերադարձնել իր արտադրական ծախսերը եւ հնարավորության դեպքում ձեռք բերել դրանից ավելին։ Նա ժամ ժամի ետեւից ծախսում է գրանցամատյան վարելու վրա եւ, չնչին բացառությամբ, իսկապես հավատում, որ վաճառվող ապրանքների եւ ծառայությունների գինը սահմանում է՝ ծախսերին ավելացնելով որոշակի սահմանային գումար։
Ճշմարտությունը, սակայն, այն է, որ վաճառքի իրական շուկայական գինը, որն առաջարկ-պահանջարկի մրցակցային ուժերի կողմից սահմանվող գինն է, ասես ջրով սրբում եւ անկարեւոր է դարձնում ապրանքի վրա կատարված բոլոր հաշվառվող ծախսերը։ Վաճառքի այդ գինը հաջորդ օգտագործողի համար դառնում է նոր «ծախքի» մեկնակետ՝ անկախ նրանից, թե որքան աշխատանք է ինքը կամ իրենից առաջ որեւէ մեկը ներդրել տվյալ իրում։ Եւ եթե նա ինքը դա վաճառի մեկ այլ ցանկացողի, գնորդի պահանջարկը նույնքան կապ կունենա գնորոշման հետ, որքան մատակարարի հաշվառած ծախսերը։ Ինքնարժեքը, անշուշտ, ազդում է շուկայի՝ առաջարկի կողմի վրա (հետեւաբար նաեւ՝ գնի), սակայն կատարված ծախքն ինքնին գին չի որոշում։
Հավատալ կամ ասել, թե վաճառքի հանված որեւէ առարկա դրա արտադրության վրա կատարված ծախքի զուտ հանրագումարն է՝ փաթեթավորած ջանք, նշանակում է շփոթեցնող անպատեհություն ներմուծել սակարկության գործընթացում, որով եւ որոշում է վաճառքի գինը ազատ առեւտրում։ Իսկ կամավոր առքուվաճառքի միակ կարեւոր գործոնն այն է, որ տվյալ գործարքի յուրաքանչյուր կողմ այդ պահին իր ստացածն արժեւորում է տվածից առավել։ Յուրաքանչյուրը համարում է, որ շահում է առեւտրից՝ անկախ թե որքան ծախք է կատարվել այն բանի վրա, ինչն ինքը տալիս է կամ փոխարենը ձեռք բերում։
Սա է, ահա, արժեքի սուբյեկտիվ տեսության ողջ էությունը։ Այն նկատի է առնում ե՛ւ պահանջարկը, ե՛ւ արտադրական ծախսերը։ Բաց մրցակցային շուկայում գնորոշման այս ձեւը թույլ է տալիս վարել ծախսերի եւ եկամուտների գրանցամատյան, որը անհրաժեշտ է գործարարին իր շահույթը կամ վնասը հաշվարկելու եւ, արդյունքում, այս կամ այն բիզնեսը շարունակելու կամ դադարեցնելու մասին վճիռ կայացնելու համար։
Սեփական գործողությունների արդյունավետության մասին նրան ինչ-որ բան, անշուշտ, կարող է հուշել նախորդ օրվա ծախսերի եւ եկամուտների հաշիվը։ Սակայն տվյալ օրվա գներն են հաջորդ օրը սպասվող ծախսերի եւ եկամուտների քիչ թե շատ հավաստի ցուցիչը, որ գործարարը կարող է երբեւէ ունենալ։ Ի՞նչ ներկա գին ունեն շահագործվող շենքերն ու սարքավորումները՝ տվյալ պահին շուկայում առկա կամ հետագայում հորինվելիք արտադրական այլ օբյեկտների համեմատ։ Ի՞նչ գին ունի զանազան հումքը՝ առկա կամ հնարավոր փոխարինիչների համեմատ։ Ի՞նչ հարաբերության մեջ են վարձու աշխատուժի ներկա գները՝ աշխատանք տնտեսող սարքավորումների գների հետ։ Եւ ինչպե՞ս է իր վաճառած ապրանքի կամ ծառայության այսօրվա գինը համեմատվում մրցակից այլ բարիքների գների հետ։
Արժեքի աշխատանքային տեսություն
Շուկայական գնորոշման եւ տնտեսական հաշվարկի այս հրաշալի հանգամանքներին հակառակ, մարդու՝ որպես արտադրողի համար գրեթե անհնարին է իր ապրանքը կամ ծառայությունը դիտարկել այլ կերպ, քան սեփական աշխատանքի կամ տքնության արգասիք։ Եթե նա բանում է աշխատավարձի դիմաց, ապա պահանջում է այնքան բարձր դրույքաչափ, որքան անհրաժեշտ է կենսագնի ապահովումից ետ չմնալու համար։ Եթե նա վաճառում է ցորեն, եգիպտացորեն կամ լոբի, դրանց գինը դնում է այնքան բարձր, որքան պետք է իր արտադրական ծախսերը ծածկելու համար։ Եթե նա փոստային ծառայություններ է մատուցում պետական բացառիկ մենաշնորհի պայմաններում, ապա ցանկանում է, որ իր ծախսերը ծածկվեն առաքման գանձումներից։
Այլ կերպ ասած՝ վաճառողը հակված է ապահովագրելու սեփական անձը առաջարկի եւ պահանջարկի ուժերից, որպեսզի կարողանա երաշխավորել այնպիսի գին, որը կներառի «արդարացի» հավելագին կատարված ծախսերի վրա։ Արդյունքում, սա նշանակում է, որ նա որոնում է երաշխավորված հաճախորդի։ Փոստային ծառայության մենաշնորհն այս իրադրության լավ օրինակն է։ Եթե հաճախորդը չի ծածկում ծախսերը, մյուս հարկատուներին է պարտադրվում վճարել դրանք։ Արգելվում են շուկայական գները եւ մրցակցային փոստային ծառայությունները։ Ավելին, չկա մի ձեւ, որով հնարավոր լինի իմանալ, թե ինչպիսին կլիներ փոստային ծառայությունների պահանջարկը կամ առաջարկը, եթե գնորդներն ու վաճառողները պարտավորված լինեին դիմելու շուկային, որպեսզի վերջինս հուշի, թե ո՛ր սուղ ռեսուրսից որքա՛ն է պետք հատկացնել այդպիսի նպատակներին։ Փոստային մենաշնորհի պայմաններում ռեսուրսները պարզապես շահագործվում են, եւ հնարավոր չէ պարզել՝ խնայողաբա՞ր են օգտագործվում դրանք, թե՞ վատնողաբար։ Պետությունն իր հզորությունը գործի է դնում, որպեսզի բոլոր ծախսերը փակվեն հարկատուների հաշվին՝ անկախ անարդյունավետության եւ վատնողության աստիճանից։
Շուկայից դուրս
Պետականորեն հաստատվող գները եւ պետական համաձայնագրերը (ներառյալ ամեն տեսակի դրամական հատկացումները) միշտ գործում են ծախքահավելման սկզբունքով, քանի որ այդ դեպքերում արգելված է լինում գնորոշման արդյունավետ շուկայական մեթոդը։ Առաջարկն ու պահանջարկը դուրս են թողնվում գնորոշումից, իսկ սպառողին ներշնչվում է, թե օգտագործվող ռեսուրսներն առանձնապես սուղ չեն եւ համեմատաբար հասանելի են, իսկ մատակարար կողմի համար երաշխավորվում է, որ հարկատուները կծածկեն նրա ծախսերը, ինչպիսին էլ դրանք լինեն։ Սոցիալիստական այսպիսի գնորոշումը տեղ չի թողնում տնտեսական հաշվարկի արդյունավետ մեթոդի համար, որով կարելի կլիներ չափել հաջողությունը կամ ձախողումը, շահույթը կամ վնասը, ռեսուրսների խնայողությունը կամ վատնումը։ Այսպիսով, սոցիալիստները, առաջնորդվելով իրենց հնաոճ՝ ամեն ինչ ծախսերի զուտ հանրագումարին հանգեցնող արժեքի աշխատանքային տեսությամբ, կանխավ իսկ դատապարտված են խարխափելու խավարում։
Քանի մարդիկ շարունակեն ապրանքները կամ ծառայությունները դիտել իբրեւ փաթեթավորված աշխատանք կամ արտադրական ծախսերի հանրագումար, նրանք այլ ելք չեն ունենա, քան անընդմեջ դիմելու կառավարությանը՝ ակնկալելով կամ պահանջելով լրավճարներ, նպաստներ, արտոնություններ, երաշխավորված եկամուտ, հովանավորություն եւ նման այլ բաներ։ Եւ որքան դրանք գերակշռեն, այնքան հասարակությունը բաց շուկայում շահույթի համար առեւտուր անելու պակաս շանս կունենա։ Իսկ բաց շուկան միակ համակարգն է, որն ավելի պահպանում, քան վատնում է սուղ ռեսուրսները [1]։ Սուղ ռեսուրսներից առաջնագույնն ու կարեւորագույնը մարդն է, եւ ոչ թե սպառելու իր կարողության համար, ինչպես համարում են սոցիալիստները, այլ՝ ստեղծարար ու արտադրողական ուժի, որով ծառայում է ինքն իրեն՝ այլոց սպասարկելու միջոցով։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան
[1] Կարելի է ենթադրել, որ սպառողների ամենահրատապ կարիքները այս կամ այն կերպ կսպասարկվեն եւ որ ամենալավը դա հնարավորինս արդյունավետ անելն է։ Գործարարի շահույթը կամ վնասը նրա արդյունավետության, այսինքն՝ սպառողի սպասարկման ծախսը նվազագույնի հասցնելու ունակության ցուցիչն է։ Շահույթը մատնանշում է սուղ ռեսուրսների պահպանությունը, իսկ վնասը՝ վատնումը։