Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2019-ին կատարել է Հայաստանում իր գործունեության ընթացքում երկրորդ խոշոր չափի ներդրումը` 118 մլն եվրո: Ներդրումների մեծ մասը կատարվել է մասնավոր հատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
«Արդեն մոտ 30 տարի հաջողված գործունեություն ենք իրականացնում Հայաստանում, այդ ընթացքում մոտ 280 գործառնություն ենք ծավալել Հայաստանում: Հայաստանում դարձել ենք խոշորագույն ներդրող, ընդհանուր ներդրումները կազմում են 1.4 մլրդ եվրո: Հայաստանում մեր ընդհանուր պորտֆելը 365 մլն եվրո է:Հուսով եմ և վստահ եմ, որ մեր պորտֆելը կաճի: 2019-ը եղել է ամենահաջողակ տարիներից մեկը բիզնեսի ծավալի առումով, սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է. մոտ 120 մլն եվրոյի չափով ներդրում է արվել»,-ասաց Գվինդաձեն ու նշեց, որ 2015-ին ունեցել են մոտ 138 մլն եվրոյի ներդրում, 2019-ի մոտ 120 մլն ներդրումը երկրորդ տեղում է:
2020-ին բանկը նախատեսում է Հայաստանում կատարել մոտ 100 մլն եվրոյի ներդրում` հիմնականում մասնավոր հատվածում: Սա Գվինդաձեի խոսքով` դա թիրախային թիվն է, այն կարող է ավելի շատ լինել: