Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 4
Փերսի Լ. Գրիվզ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Իրական կյանքում միեւնույն ընկերության աշխատողներն ու ներդրողները մրցակիցներ չեն միմյանց։ Արտադրությունն ու մարքեթինգը դասակարգային պայքար չեն։ Նույն ընկերության խնայողներն ու աշխատողները թիմակիցներ են։ «Ֆորդ» ավտոմեքենայի պահանջարկը «Ֆորդ»-ի գործարանի եւ «Ֆորդ»-ի բանվորների պահանջարկն է, ուստի գործարան ստեղծելու եւ մեքենա արտադրելու համար անհրաժեշտ բոլոր մարդիկ այս հարցում միասնական են՝ մեկ թիմ։ Ավտոմոբիլային գործարանին օժանդակող ցանկացած բան օգնում է նաեւ բոլորին թիմակիցներին՝ լինեն ներդրող, թե բանվոր։ Ի վերջո, սպառողի մոտ պահանջարկ առաջացնող հիմնական բանը թիմային զուգադրումն է, եւ այդ ազատ զուգադրումն է, որ օգնելու է բոլորիս ավելի շատ ունենալ այն ապրանքներից, որոնք առավելագույնն ենք ցանկանում։ Ավելի բարձր վարձատրվող բանվորների պահանջարկը պետք է գա նրանցից, ովքեր հավելյալ ներդրումներ են կատարում գործում։ Նոր ներդրումները միշտ կարիք ունեն նոր աշխատողների։ Այդ դեպքում մյուս բոլոր գործատուները եւս պիտի վճարեն բարձրացված աշխատավարձեր, քանի որ ոչ մի գործատու չի հաջողեցնի պահել աշխատողին, եթե մրցակցի առաջարկն ավելին է։ Իսկ արհմիութենական ներկա քաղաքականությունը չի կարող բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը։ Դա բերում է միայն գների թանկացման եւ արտադրության կրճատման։
Եթե մենք ցանկանում ենք արգելակել հարատեւ աճող աշխատավարձ-գին պարույրը նախքան դրամական միավորի լիակատար արժեզրկումը, պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, ուր հնարավոր կլինի չեղյալ հայտարարել բոլոր այն օրենքները, որոնք արհմիություններին թույլ են տալիս մեկուսացնել որակյալ աշխատողներին արհմիության կողմից կարգավորվող ոլորտների աշխատատեղերի համար մրցակցելուց։ Մենք պետք է դադարեցնենք գործազրկության սուբսիդավորումը եւ թույլ տանք, որ աշխատավարձերը որոշվեն սպառողին բավարարելու հարցում ազատ շուկայական մրցակցությամբ։
Աշխարհի երկրների մեծագույն մասում, սակայն, սա չէ գործող քաղաքականությունը։ Արդի օրենքներով՝ աշխատողները ստանում են ավելի բարձր անվանական աշխատավարձեր, որոնք ավելի ցածր իրական աշխատավարձեր են, քանի որ դրամական միավորի արժեքը շարունակաբար տկարանում է։ Դրանով մենք ընկնում ենք պրոգրեսիվ գնաճի թափանիվի տակ։ Խնայողները լիկվիդացվում են, նրանց սեփականությունը՝ բռնագրավվում, իսկ նոր խնայողները՝ խրտնեցվում։
Քաղաքական գործիչներն իրավամբ եւ միշտ վախենում են ժողովրդականություն չվայելող քայլերից եւ մի կողմից՝ խրախուսում են ծախսման ամբոխահաճ ձեւերը, մյուս կողմից՝ խուսափում գոյացող ծախսերից։ Ուստի՝ ընտրողների բարեհաճությունը չկորցնելու համար նրանք ստիպված են լինում դիմել գնաճի։ Սա է այսպես կոչված քեյնսյան քաղաքականության էությունը։ Այն առաջարկել է Ջոն Մեյնարդ Քեյնսը իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գրքում։ Դրա կարեւորագույն նախադասությունն է՝ «Գործատուների շարժումը, որի նպատակը կլինի դրամական աշխատավարձերի վերանայումը՝ դրանց նվազեցման համար, ավելի մեծ դիմադրություն կստանա, քան իրական աշխատավարձերի ավտոմատ եւ աստիճանական նվազեցումը գների աճի հետեւանքով»։
Սա էր Քեյնսի առաջ մղած քաղաքականությունը։ Եւ սա է ներկայիս Արեւմուտքի կառավարությունների մեծագույն մասի որդեգրած քաղաքականությունը։ Ինչպես ցանկացած տնտեսագետ, Քեյնսը եւս քաջ գիտեր, որ ավելի մեծ թվով մարդկանց աշխատանքի ընդունելու միակ ձեւը աշխատավարձի դրույքաչափի նվազեցումն է։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմից սկսած՝ դա հետզհետե քաղաքականապես ավելի դժվար էր դարձել Մեծ Բրիտանիայի համար։ Բրիտանական հզոր արհմիությունները, ֆաբիական սոցիալիստների օգնությամբ, կազմակերպել էին հասարակական ճնշման ալիք, որն ընդդիմանում էր անվանական աշխատավարձի որեւէ տեսակի կրճատմանը։ Բրիտանական քաղաքական գործիչները, ինչ կուսակցության էլ պատկանելու լինեին, վախենում էին դիմադրել արհմիութենական՝ մեծ ժողովրդականություն վայելող այս քաղաքականությանը։ Այնպես որ, 1931 թվականին, երբ գործազուրկների քանակը դարձավ այլեւս անտանելի, պաշտոնավարող քաղաքական ապարատը որոշել նվազեցնել աշխատավարձերը՝ արժեզրկելով բրիտանական ֆունտը։ Աշխատողները պահպանեցին ուռճացված դրույքաչափը, սակայն՝ ֆունտի պակաս գնողունակության հաշվին։
1936 թվականին Քեյնսն իր գրքով եւ վերոբերյալ նախադասությամբ գիտական հավանություն տվեց քաղաքական այդ կուսակցությանը։ Դրանից հետո Արեւմուտքի գրեթե բոլոր պետություններն ընդունեցին «Լրիվ զբաղվածության» քեյնսյան քաղաքականությունը։ Ըստ էության, երբ գործազրկությունը սկսում է համարվել չափազանց բարձր, աշխատավարձերը նվազեցվում են դրամական միավորի արժեզրկման միջոցով, իսկ դա արվում է դրամի քանակի ավելացմամբ։ Մենք ընկել ենք մշտապես աճող աշխատավարձերի եւ գների մի շրջապտույտ, ուր աշխատողները վճարվում են ավելի ու ավելի պակաս, քան կարելի էր վաստակել ազատ շուկայում։
Ո՛չ արհմիությունների ղեկավարները, ո՛չ արհմիութենական աշխատավորները հիմար չեն, բայցեւայնպես, Քեյնսն ու բրիտանական քաղաքական գործիչները հաջողեցին խաբել Անգլիայի աշխատավորությանը, երբ 1931 թվականին առաջին անգամ կիրառեցին այս սխեման։ Նրանք փոխեցին բոլոր ինդեքսների արժեքները՝ բարդացնելով ֆունտի նվազ գնողունակությունն արտացոլող արդյունարար թանկացման փաստագրումը։ Սակայն այսօր յուրաքանչյուր արհմիություն ունի վիճակագիր, որը կենսապահովման նվազագույնի մասին պաշտոնական տվյալներից կարող է դուրս բերել գների իրական աճի չափը։ Իսկ գների աճին զուգընթաց, արհմիությունները պահանջում են ավելի բարձր աշխատավարձեր։ Քեյնսի այս համակարգը, կարելի է ասել, սպառված է, քանի որ հանգել է փակուղու։ Այլեւս անհնարին է հիմարի տեղ դնել աշխատողներին՝ գցելով դրամական միավորի արժեքը։ Մարդիկ քաջատեղյակ են տեղի ունեցող ամեն ինչին եւ այլեւս չեն պատրաստվում լռելյայն ընդունել դա։
Խնդրի միակ վերջնական պատասխանը տնտեսագիտական կրթության խորացումն է, ինչը մարդկանց ցույց կտա, որ աշխատավարձերի մշտական բարձրացման միակ ձեւն արտադրության ավելացումն է, իսկ դրա ձեւն արդեն՝ խնայողությունների խրախուսումը, քանի որ խնայողությունների աճն է միայն, որ կարող է աշխատողներին ապահովել ավելի լավ ու խորը կրթությամբ եւ ավելի լավ ու շատ գործիքներով, որոնց օգնությամբ նրանք կարող են արտադրել եւ գնել ամենից ցանկալի ապրանքներից ավելի շատ ու ավելի լավը։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան
Այս թեմայով նաև՝
Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 1