Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին զբաղեցրել է III տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․թողարկված ավելի քան 220 հուշադրամ։ Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ:
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: