ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ստացավ 101 «կողմ», 14 «դեմ» ձայներ:
Նախագիծը ներկայացնելիս՝ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել էր` ուսումնասիրելով արժութային դիլեր-բրոքերների գործունեության միջազգային փորձը և այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները՝ Կենտրոնական բանկը որդեգրել է քաղաքականություն, ինչը թույլ կտա հնարավորինս սահմանափակել շուկայի մասնակիցների կողմից չարաշահումների ռիսկը: Նման մոտեցում կիրառվում է արժութային շոկերի նկատմամբ զգայուն շուկաներ ունեցող շատ երկրներում և ուղղված է ֆինանսական շուկայի կայունության ապահովմանն ու սպառողների լայն շահերի պաշտպանությանը չարաշահումների ռիսկերից:
Ներսես Երիցյանը հայտնել էր, որ նախագծի ընդունմամբ՝ արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները, որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից: