2019 թվականի վերջին հրապարակվեցին «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» կողմից մշակվող «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) թեստավորման արդյունքները, որոնք բնութագրում են մասնակից 79 երկրների կրթական համակարգերը՝ որպես գնահատման չափանիշ վերցնելով 15-ամյա երեխաների առաջադիմությունը ընթերցանությունից, մաթեմատիկայից և գիտությունից։
Պարզվում է՝ ամերիկյան դպրոցական կրթությունը բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում․ ԱՄՆ-ն զբաղեցնում է 37-րդ տեղը մաթեմատիկայից, 18-րդ տեղը՝ գիտությունից և 13-րդ տեղը՝ ընթերցանությունից։ Սակայն միաժամանակ ամերիկյան բարձրագույն կրթական ծառայությունները լավագույններից են աշխարհում։ Ըստ Times Higher Education-ի հրապարակած վարկանշավորման՝ 2020 թվականի լավագույն 10 համալսարաններից 7-ը ամերիկյան են (200 լավագույնների մեջ՝ 60-ը)։ Այդ համալսարանները հիմք են ստեղծում գիտական նորարարական մտքի զարգացման համար, աշխարհին տվել ու տալիս են բազմաթիվ Նոբելյան դափնեկիրներ (հատկապես՝ Սթենֆորդի համալսարանը):
Այսպիսով՝ ԱՄՆ-ն ունի քիչ առաջադեմ աշակերտներ, բայց բարձրակարգ համալսարաններ․ ինչպե՞ս է դա լինում։ Ուղղակի, ԱՄՆ-ը կարողանում է գրավել ու հավաքագրել ուղեղներ ողջ աշխարհից:
Բարձրագույն կրթական ծառայությունները ամերիկյան արտահանվող ծառայությունների մեջ 5-րդ տեղում են։ 2018-19 ուսումնական տարում ամերիկյան բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրացի ուսանողների թիվը կազմել է 1 095 299 ուսանող։ Այդ թվի աճի դինամիկան ունի հետևյալ տեսքը․
Նկ․ 1․ Օտարերկրացի ուսանողների թվաքանակը ԱՄՆ-ում 1948-2019 թթ․
ԱՄՆ Պետական և առևտրի գերատեսչությունների առաջ խնդիր է դրված ավելացնել օտարերկրացի ուսանողների թիվը։ Ուսանողների ներգրավման հիմնական աղբյուրներն են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք միասին ապահովում են օտարերկրացի ուսանողների թվաքանակի կեսից ավելին (նկ․ 2)։ Իսկ ԱՄՆ-ից դուրս սովորող ամերիկացի ուսանողները (մոտ 350 000) նախընտրում են եվրոպական երկրները (հատկապես Մեծ Բրիտանիան, Իտալիան և Իսպանիան), և միայն 4%-ն են ընտրում Չինաստանն ու Հնդկաստանը։
Նկ․ 2․ ԱՄՆ օտարերկրացի ուսանողների ներգրավման աղբյուրները
Օտարերկրացի ուսանողների ֆինանսավորման առաջնային աղբյուրներն են օտարերկրյա (62%) ու ամերիկյան (38%) հիմնադրամները: Օրինակ, հայազգի ուսանողներին ֆինանսավորող հիմնական կառույցը երկար տարիներ շարունակ եղել է «Լույս» հիմնադրամը, սակայն այժմ գլխավոր դերակատարումը պատկանում է «Իմ Քայլը» հիմնադրամին և ևս 16 այլ հիմնադրամների, որոնցից յուրաքանչյուրը սահմանում է տարբեր պայմաններ։ Օրինակ՝ «Իմ Քայլը» հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ ուսման ընդհանուր ծախսերի առավելագույնը 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 25 հազար ԱՄՆ դոլար՝ ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով։ Այսպիսի պայմաններ էր սահմանում նաև «Լույս» հիմնադրամը։ Իսկ թե որքանով է նա հետևողական եղել այդ պայմանների կատարումը ապահովելու հարցում, դժվար է ասել, քանի ուսանողների վերադարձի մասին հաշվետվությունը բացակայում է: Այժմ պիտի հուսանք, որ «Իմ Քայլը» հիմնադրամը հաշվետու կլինի հանրության առաջ։
Նախորդ ուսումնական տարում հայաստանցի ուսանողների թիվը ԱՄՆ-ում կազմել է 328 ուսանող (նկ․ 3)։
Նկ․ 3․ Հայ ուսանողների թվաքանակը ԱՄՆ-ում 2013-19 թթ․
Իսկ Հայաստանում սովորում են ընդամենը 24 ամերիկացի ուսանողներ, ընդ որում՝ այս թիվը տարեցտարի նվազել է (նախորդ տարի՝ -40%-ով): Ամերիկացի ուսանողներին «Միջազգային բակալավրիատ» ծրագիր առաջարկում են հայաստանյան 3 հաստատություններ՝ «Քվանտ» վարժարանը, «Շիրակացու ճեմարանը» և Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan)։
Ամերիկյան բուհերի բարձր վարկանիշը պետական ռազմավարության և բրգաձև կառուցվածքով ղեկավարվող համակարգի արդյունք է։
Նկ․ 4․ Օտարերկրացի ուսանողների հավաքագրման գործընթացը ԱՄՆ-ում
Ամերիկյան կրթական ծառայությունները խթանող գերակա մարմինը ԱՄՆ Առևտրային Ծառայությունն է, որն ունի 1 330 առևտրի մասնագետներ՝ տեղակայված ԱՄՆ-ի մոտ 100 քաղաքներում և ավելի քան 75 երկրներում։ Իսկ օտարերկրացի ուսանողների հավաքագրման գործընթացը կազմակերպվում է ԱՄՆ Առևտրային Ծառայության աջակցությամբ և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հովանու ներքո գործող EducationUSA գլոբալ ցանցի միջոցով։
Ցանցի ներքո գործող խորհրդատվական կենտրոնները և մյուս ստորին օղակները կառավարվում են Տարածաշրջանային կրթական խորհրդատվության համակարգողների կողմից, ովքեր EducationUSA-ի ուղղորդող և աջակցող խորհրդատուներն են։ Համակարգողներն իրենց գործունեությունը ծավալում են աշխարհագրական 6 տարածաշրջաններում՝ Արևելյան և Խաղաղօվկիանոսյան Ասիա, Եվրոպա և Եվրասիա, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Հարավային և Կենտրոնական Ասիա, Անդրսահարական Աֆրիկա և Արևմտյան կիսագունդ: Տարածաշրջանային համակարգողները ուսուցանում և առաջնորդում են խորհրդատվական կենտրոնների խորհրդատուներին՝ ապահովելու կենտրոնների սահուն գործունեությունը․
Նկ․ 5․ Տարածաշրջանային կրթական խորհրդատվության համակարգողների աշխարհագրությունը
EducationUSA-ը 425-ից ավելի խորհրդատվական կենտրոնների միջոցով խթանում է ամերիկյան բարձրագույն կրթական ծառայությունները՝ առաջարկելով ճշգրիտ, բազմակողմանի և արդի տեղեկատվություն Միացյալ Նահանգների հավատարմագրված քոլեջներում և համալսարաններում ուսման հնարավորությունների մասին: Կենտրոնները սփռված են գրեթե բոլոր երկրներում, դրանք տեղակայվում են ԱՄՆ դեսպանատներում, Ֆուլբրայթի հանձնաժողովներում, Ամերիկյան խորհուրդներում, հասարակական կազմակերպություններում, արտասահմանյան համալսարաններում ու գրադարաններում:
EducationUSA-ի խորհրդատվական կենտրոնները, առաջարկվող ծառայություններից կախված, լինում են 3 տիպի՝ համապարփակ, ստանդարտ և հղումային: Համապարփակ կենտրոնները ուսանողներին առաջարկում են ամբողջական խորհրդատվություն, կազմակերպում են միջոցառումներ, ձևավորում լսարան։ Ստանդարտ կենտրոնները զիջում են համապարփակ կենտրոններին, քանի որ չեն աջակցում ֆինանսական միջոցների հայթայթման հարցում։ Իսկ հղումային կենտրոններում մատուցվում է նվազագույն խորհրդատվություն, տրամադրվում են տեղեկատու գրքույկներ։
Նկ․ 6․ EducationUSA-ի խորհրդատվական կենտրոնների աշխարհագրությունը
EducationUSA-ի խնդիրը ոչ միայն տեղեկատվություն տրամադրելն է, այլև հեղինակություն և լսարան ձևավորելը, գիտակրթական ներուժ ունեցող երիտասարդներին Նահանգներում բարձրագույն կրթություն ստանալու համար աջակցելը։ Կենտրոններն առաջարկում են 5 պարզ քայլ դեպի ամերիկյան կրթություն, ապա օգնում անցնել այդ հաջորդական քայլերով․
- Ուսումնասիրել ընտրության տարբերակները,
- Գտնել ֆինանսավորում (առաջարկում է նաև ֆինանսական աջակցության հնարավորություններ Opportunity Funds Program-ի միջոցով),
- Լրացնել դիմումը,
- Դիմել ուսանողական վիզայի համար,
- Պատրաստվել մեկնման։
EducationUSA-ը խորհրդատվական կենտրոն ունի նաև Հայաստանում։ Այն հիմնվել է 1992 թվականին և ղեկավարվում է «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» (կամ «Ամերիկյան խորհուրդներ») կազմակերպության կողմից: EducationUSA հայաստանյան գրասենյակը պատկանում է համապարփակ տիպի կենտրոնների թվին: Առաջարկվող բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը (TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT), վեբինար-զրույցները ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչների հետ, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:
EducationUSA-ը իր քարոզչական և ներգրավման քաղաքականությունը իրականացնում է հաջորդ օղակի կառույցների՝ Ամերիկյան անկյունների միջոցով։ Աշխարհում գոյություն ունեցող 650 անկյուններից 5-ը գտնվում են Հայաստանում, ընդ որում՝ 1-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում (Շիրակ, Լոռի, Սյունիք և Կոտայք)։ Ամերիկյան կենտրոնները հյուրընկալ միջավայր են, որտեղ այցելուները ծրագրերի ու դասախոսությունների, ինչպես նաև տեղում առկա գրքերի, ֆիլմերի ու ամսագրերի միջոցով կարող են ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին:
EducationUSA-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվող կարևոր ծրագրերից է «Ուսանող-Դեսպաններ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ուսանողներից և դեսպաններից կազմված մի խումբ, որի անդամները նպաստում են ԱՄՆ-ի բարձրագույն կրթության հնարավորությունների մասին տեղեկությունների տարածմանը Հայաստանում: Այս ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում կազմակերպվում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերաբերյալ: Դասախոսությունների ընթացքում որպես հյուր-խոսնակներ հանդես են գալիս Խաղաղության կորպուսի կամավորներ և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանավարտներ: Նշանակալի է նաև «Մրցունակ Աշակերտների Ակումբ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին նախապատրաստել ԱՄՆ համալսարաններ և քոլեջներ դիմելուն:
EducationUSA-ի գրասենյակները երբեմն տեղակայված են լինում Ֆուլբրայթի հանձնաժողովներում, որոնց ծրագրերի (օրինակ՝ Հայաստանում «Ֆուլբրայթ Հովնանյան» ուսանողական ծրագիրը) միջոցով ևս ներգրավում են օտարերկրացի ուսանողների։
Ամփոփելով նախորդ ուսումնական տարին՝ EducationUSA-ը հայտնում է, որ ողջ աշխարհում իրականացվել է 1 338 707 խորհրդատվություն, կազմակերպված բազմապիսի միջոցառումներին մասնակցել է 1 470 792 մարդ։ EducationUSA-ի գործունեության հարթակներից է համացանցը՝ սոցիալական մեդիա, ինտերակտիվ վեբինարներ, վիրտուալ աշխատաժողովներ, պաշտոնական կայքի լրահոս և այլն։ Սոցիալական մեդիայի ռազմավարությունը մշակելիս այն հարմարեցնում են ոչ միայն տարածաշրջանին, այլև, եթե հարկ կա, երկրին։ Այսպես, օրինակ՝ ռուսախոս երկրներում ներգրավում են Vkontakte-ի միջոցով, Չինաստանում՝ WeChat հավելվածի և միկրոբլոգինգային Sina Weibo կայքի միջոցով, Հարավային Կորեայում՝ Kakao Talk-ի և Nave-ի։ Այն դեպքում, երբ անհատական խորհրդատվական ներկայությունը հնարավոր չէ, ինչպես, օրինակ՝ Բելառուսում, Իրանում և Սիրիայում, EducationUSA խորհրդատվական կենտրոնները գործում են բացառապես վիրտուալ հարթակներում:
ԱՄՆ-ի ուսանողներ հավաքագրելու համակարգը լավագույնն է, սակայն միակը չէ։ Նմանատիպ համակարգեր ունեն նաև Մեծ Բրիտանիան («Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակի միջոցով) և Գերմանիան («DAAD»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով), նաև Ֆրանսիան, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Իսպանիան, որոնց գործունեությունը իրականացվում է հիմնականում դեսպանատների և համալսարանների օգնությամբ։ Այսպիով՝ ԱՄՆ-ը և մյուս զարգացած երկրները տաղանդներ փնտրելիս չեն սահմանափակվում միայն իրենց երկրի շրջանակներով։ Նրանք տաղանդներ ընտրում են աշխարհի ամբողջ 7 միլիարդ բնակչությունից։
Բնական է, Հայաստանը դեռևս չի կարող նման մոտեցում կիրառել։ Բայց, Հայաստանը կարող է և պետք է կտրուկ լավացնի իր դպրոցական և ԲՈՒՀ-ական կրթությունը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնի արտերկիր ուսման մեկնած շնորհալի երիտասարդներին Հայաստան վերադարձնելուն։