ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, որոնց առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները, ինչը բազմիցս քննադատել են միջազգային կառույցները և բարձրաձայնվել է իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:
Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով: