«Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից ՀՀ-ին հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի իրականացման նախաձեռնությունը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանն է: Ծրագիրն իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազորված մարմին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման իրավիճակի դիտարկմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթի նախագիծ։ «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման արդյունքում արտոնագրված բանկերն ու ոչ բանկային ֆինանսական հաստատությունները հնարավորություն կստանան բարելավել իրենց կարողություններն ու մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա միջազգային շուկայից ներգրավել հավելյալ ֆինանսական և տեխնիկական միջոցեր՝ Հայաստանում «կանաչ» տնտեսության զարգացման նպատակով։
Աղբյուրն՝ այստեղ։