Ժամանակակից աշխարհում լայնորեն քննարկվող տնտեսական թեմաներից մեկը գործազրկությունն է։ Գրասենյակներում, փողոցներում կամ լրատվամիջոցներում հաճախ կարելի է լսել խոսակցություններ գործազրկության և զբաղվածության մասին։ Այս ցուցանիշների ցանկացած փոփոխություններ լայնորեն քննարկվում են։ Տնտեսագետները գործազրկությունը դիտարկում են որպես առաջատար տնտեսական ազդակ, որի միջոցով կարելի է կանխատեսել մյուս տնտեսական ցուցանիշների մակարդակը:
Գործազրկությունը ամենավտանգավոր ցուցանիշներից է, քանի որ այն ազդում է հասարակության լայն զանգվածների վրա։ Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում բնակչության մեծ մասն իր գոյությունն ապահովելու համար կախված է աշխատավարձից։ Լայնամասշտաբ գործազրկությունը սովորաբար կապված է քաղաքական ցնցումների և հեղափոխությունների հետ։ Ուստի ցանկացած կառավարության առաջնահերթությունը, որը ցանկանում է մնալ իշխանության ղեկին, նման իրավիճակի զարգացումը կանխելն է։
Գործազրկության հետ կապված ամենամեծ խնդիրը դրա վարընթաց գալարաձև բնույթն է։ Դա նշանակում է, որ երբ բարձրանում է գործազրկության մակարդակը, այն հանգեցնում է կրկնվող ցիկլի, որն առաջացնում է ավելի մեծ գործազրկություն։ Եթե այդ ցիկլը ժամանակին չդադարեցվի, այն կարող է «ծնկի բերել» նույնիսկ ամենակայուն տնտեսություններին։ Գործազրկության ցիկլը բաղկացած է 4 փուլերից։
1-ին փուլ՝ գործազրկության առաջացում։ Առաջին փուլը սկսվում է որևէ իրադարձության (օրինակ՝ սոցիալ-քաղաքական ցնցումների կամ պատերազմի) հետևանքով գործազրկության մակարդակի աճից: Քանի որ պետական և մասնավոր ծախսերն ուղղված են լինում դեպի այլ նպատակներ (օրինակ՝ պատերազմական իրավիճակ), տնտեսությունը տուժում է կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, իսկ որոշ ձեռնարկություններ ստիպված են լինում աշխատանքից ազատել աշխատողների մի մասին՝ ստեղծելով գործազրկություն։ Սովորաբար գործազրկության սկզբնական մակարդակը ցածր է և կարող է կառավարվել։
2-րդ փուլ՝ ծախսերի/սպառման կրճատում։ Տնտեսության մեջ գործազրկության որոշակի մակարդակի բարձրացումից սկսում է վտանգավոր ցիկլը։ Երբ գործազրկության մակարդակի բարձրացման մասին լուրը տարածվում է, սպառողները, ովքեր նաև աշխատողներ են, սկսում են անհանգստանալ, որ նրանք նույնպես կարող են կորցնել իրենց աշխատանքը: Սպառողների վստահությունը ապագային նկատմամբ նվազում է, և նրանցից շատերը սկսում են կրճատել իրենց ծախսերը և գումարներ խնայել «սև» օրվա համար։ Մակրոտնտեսական մակարդակում դա հանգեցնում է տնտեսության մեջ ծախսերի զգալի կրճատման՝ դրանով իսկ առաջացնելով տնտեսական անկում։
3-րդ փուլ՝ վաճառքների ծավալների նվազում։ Սպառողների կողմից ծախսերի կրճատումն անմիջապես ազդում է ձեռնարկությունների վրա։ Գործազրկության մակարդակի բարձրացումը տնտեսությունում կարող է առաջացնել վախ և տագնապ՝ հանգեցնելով սպառման կրճատման։ Ձեռնարկությունները հաջորդաբար գրանցում են վաճառքների անկումներ։ Հետևաբար, այդ իրավիճակը հաղթահարելու և գոյատևելու համար ձեռնարկությունները պետք է կրճատեն իրենց ծախսերը։
4-րդ փուլ` գործազրկության ավելացում։ Ձեռնարկությունները կարող են կրճատել իրենց ծախսերը՝ կրճատելով արտադրության ծավալները կամ աշխատանքից հեռացնելով աշխատակիցներին՝ ընկերության գոյատևումն ապահովելու համար։ Անկախ կայացրած որոշումից, այն բերելու է միայն գործազրկության մակարդակի ավելացմանը։ Այսինքն՝ գործազրկության ցիկլը ավելի մեծ գործազրկություն առաջացրեց։
Այսպիսով, գործազրկությունն իրենից ներկայացնում է վարընթաց գալար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն առաջացած գործազրկության վերացման համար, դրա մակարդակը ավելի ու ավելի կբարձրանա՝ հանգեցնելով տնտեսության քայքայմանը։ Կարևոր է նշել, որ գործազրկությունը կապված է նաև մեկ այլ կարևոր տնտեսական պարամետրի հետ, որը կոչվում է սպառողների վստահություն: Ավելի մեծ զբաղվածությունը նշանակում է ավելի բարձր վստահություն սպառողների կողմից, և հակառակը։ Պետք է նշել նաև, որ ցանկացած տնտեսությունում սպառողների վստահությունը զբաղվածության մակարդակը կանխատեսելու համար առաջատար ցուցանիշ է։
Գործազրկության ցիկլն ընդհատվում է միայն այն դեպքում, երբ հնարավոր է հասնել սպառողների վստահության բարձրացմանը։ Դրան կարելի է հասնել հետևյալ եղանակներով.
- Առաջին ճանապարհը պետական ծախսերի ավելացումն է։ Երբ ձեռնարկությունները կրճատում են իրենց ծախսերը, կառավարությունը կարող է մեծացնել պետական ծախսերը՝ պահպանելով զբաղվածության մակարդակը և դրանով իսկ աջակցելով սպառողների վստահությանը։ Կասկած չկա, որ պետական ծախսերը կարող են գրեթե անմիջապես բարձրացնել զբաղվածության մակարդակը։ Սակայն կառավարությունը սովորաբար ծախսեր է կատարում պարտքով վերցված գումարներով, իսկ պարտքն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծում է։
- Մասնավոր հատվածի ծախսերը կարելի է խթանել նաև օտարերկրյա կամ տեղական ներդրողներ հրավիրելով և նրանց շահավետ գործարքներ առաջարկելով։ Լավ օրինակ կարող է ծառայելն ներքին շուկաների բացումը գլոբալ ընկերությունների համար։ Օրինակ՝ 1980-ականներին Հնդկաստանում գործազրկության մակարդակը շատ բարձր էր, սակայն երբ 1990-ականներին ներքին շուկաները բացվեցին, սպառողների վստահությունը, սպառողական ծախսերը և զբաղվածության մակարդակը զգալիորեն աճեցին։
Գործազրկությունը վտանգավոր է, քանի որ այն ստեղծում է արատավոր ցիկլ։ Կառավարությունները կարող են վերահսկել այս վարընթաց գալարը։ Սակայն այդ նպատակի համար ձեռնարկվող միջոցները պետք է հստակ գնահատվեն և վերահսկվեն, քանի որ դրանք կարող են ավելի մեծ վնասներ հասցնել։