Թարգմանությունը www.fee.org կայքից
14 տարեկանում Ալինա Մորսը հասավ «Ամերիկյան երազանքին»: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Պատմությունը սկսվում է բանկ կատարած այցից, երբ Մորսը դեռ յոթ տարեկան էր: Նա հարցրեց հայրիկին՝ արդյոք կարող է կոնֆետ ուտել։ Բայց ստացավ պատասխան, որ քաղցրավենիքը վնասակար է ատամներին: Կոնֆետի համն այդքան լավն է: Ինչու՞ պետք է այն վատ լինի ատամների համար:
Հենց այդպես էլ ծնվել է Zollipop-ի գաղափարը՝ սառնաշաքար (lollipop) առանց շաքարի:
Քաղցրավենիք պատրաստելու համար պարզ շաքարներ օգտագործելու փոխարեն Մորսի զոլիպոպները պատրաստված են քսիլիտոլով (արտասանվում է zy-li-tol` բնական քաղցրացնող միջոց): Քաղցրավենիքի հումքը մշակելը տևել է ամիսներ՝ ուսումնասիրություններ, փորձարկումներ։ Բայց երբ ամեն ինչ պատրաստ էր, Մորսն ունեցավ առանց շաքարավազի, կաթնամթերքի և գլյուտենի աշխարհում ամենահայտնի սառնաշաքարը, որը համեղ է և իրականում մաքրում է ատամները։ Օգտագործելով իր սեփական 3500 ԱՄՆ դոլարը (որը նա խնայել էր ծննդյան ու տարբեր տոների ժամանակ ստացած նվերներից) և ծնողներից ստացած արտադրական ներդրումը՝ Մորսը ստեղծեց ընկերություն և առաջին տարում վաճառեց 70 000 զոլիպոպ:
Այսօր Zollipop-ը Amazon-ի՝ երրորդ ամենաշատ վաճառվող սառնաշաքարն է, որն իր վաճառքի ծավալներով առաջ է անցել դասական այնպիսի ապրանքանիշներից, ինչպիսիք են Dum Dums-ը, Charms Blow Pops-ը և Tootsie Pops-ը։ Եվ այն վաճառվում է արդեն Ամերիկայի այնպիսի խոշոր մանրածախ առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Whole Foods-ը, Walgreens-ը, Walmart-ը և Kroger-ը:
Քաղցրավենիքի տարեկան վաճառքը, որն այժմ ներառում է Zolli taffy (իրիս կոնֆետներ) և gumdrops (կլոր սառնաշաքար) ապրանքները, 2018 թվականին կազմել է 6 միլիոն դոլար:
Ինչպե՞ս Մորսը հաջողություն ունեցավ։
Մորսն ասում էր, որ ինքը «միշտ ձեռնարկատիրական մտածելակերպ է ունեցել»։ Երբ նա հինգ տարեկան էր, ծնողներից ստացավ «Հարուստ հայրիկ․ Աղքատ հայրիկ» գիրքը (այս գրքի հիմնական գաղափարն է․ «հարուստներն իրենց երեխաներին սովորեցնում են փողի մասին, իսկ աղքատ և միջին խավը դա չի անում»): Մորսը նշում է․ «Ես կարդացի այն և ասացի, որ կարող եմ ընկերություն ստեղծել, բայց կարող եմ ստեղծել առաքելության միջոցով։ Ես կարող եմ օգնել մարդկանց բիզնեսի միջոցով»:
Դասն այն է, որ հաջողակ ձեռնարկատերերն արժեք են ստեղծում հեռատեսության և կարեկցանքի միջոցով: Նրանք տեսնում են, թե աշխարհն ինչպես կարող է ավելի լավը դառնալ, և նրանք ներդնում են ռեսուրսներ՝ եռանդ, աշխատասիրություն, «քրտինք», կապիտալ և ժամանակ: Բայց ամեն ինչ սկսվում է կարեկցանքից:
Կարեկցանքն ուրիշների զգացմունքները հասկանալու և կիսելու ունակությունն է, որը շատ կարևոր է ձեռնարկատերերի համար, քանի որ այն նրանց թույլ է տալիս տեսնել հնարավորություններ, որոնք ուրիշները չեն տեսնում: Տնտեսագիտության հիմունքները սովորեցնում են, որ սա հարստություն ստեղծելու հիմնական բաղադրիչն է:
Շուկայական գործընթացների շարժիչ ուժերն արտադրող-ձեռնարկատերերն են, ովքեր տեսնում են շահույթ ստանալու հնարավորություններ, որոնք առաջանում են շուկայի գործունեության հնարավոր բարելավումներից:
Այն դեպքում, երբ շուկայի մյուս մասնակիցները պասիվ են, անտեղյակ են կամ միգուցե հետաքրքրված չեն շահույթին վերաբերող հնարավորություններով, ձեռնարկատեր-արտադրողները որոնում և օգտագործում են շահույթի ներուժը:
Zollipops-ից առաջ էլ գաղտնիք չէր, որ քաղցրավենիքը վատ է երեխաների ատամների համար:
Եվ պահանջվեց երեխայի կարեկցանք գիտակցելու, որ դա խնդիր է շատ երեխաների համար (և նրանց ծնողների համար, ովքեր ստիպված են վճարել ատամնաբուժական ծառայությունների համար):
Ի տարբերություն այլ երեխաների, ովքեր պատկերացնում էին, թե որքան հիանալի կլիներ քաղցրավենիք ուտելը, որը լավ համ ունի և վնասակար չէ ատամների համար, Ալինա Մորսն արեց ինչ-որ բան դրա համար: Արդյունքում նա միլիոնավոր երեխաների երջանկացրեց և ինքն էլ ունեցավ միլիոնավոր դոլարներ:
Դա է ձեռներեցության ուժն ու գեղեցկությունը:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի