Հունվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Տիգրան Խաչատրյանի 2019 թվականի ամփոփիչ ասուլիսը։
«Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով` 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը` 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ, չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ». նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 2019 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ զարգացման ուղղությամբ, ինչպես նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Արտաքին առևտրի վերաբերյալ
-2019 թվականին արտահանման կառուցվածքում դրական միտումներ են արձանագրվել, մասնավորապես՝ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26,9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13,5%-ով: Դրական զարգացումներ են նկատվում նաև արտահանման աշխարհագրության բազմազանեցման տեսանկյունից, կա դեպի երրորդ երկրներ հայկական ապրանքների նկատելի աճ։ 2019 թվականի 11 ամինսերին արտահանման աճ են արձանագրել հետևյալ ապրանքային խմբերը՝ 80 ծավալային տոկոսից ցածր խտությամբ սպիրտային խմիչքներ, այդ թվում՝ կոնյակ՝ 26.7%, ծխախոտ՝ 4․9%, պղնձի խտանյութ՝ 16.8%, անմշակ ոսկի՝ 31%, երկաթամիահալվածք՝ 18.1%, շոկոլադ՝ 14.6%, մրգային գինիներ՝ 75.1%, խաղողի գինի՝ 25,5%, ոսկերչական իրեր՝ 19.2%:
Պտուղբանջարեղենի ու խաղողի մթերումների կանխատեսվող ծավալների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է
– Ընթացիկ տարում պտուղբանջարեղեն վերամշակող 45 և խաղող վերամշակող 58 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 251.2 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 36.1 մլրդ. դրամի), այդ թվում` 62.5 հազար տոննա բանջարեղեն, 25.3 հազար տոննա պտուղ և 163.4 հազար տոննա խաղող։
– 2019 թվականին մթերված պտուղբանջարեղենի և խաղողի ծավալները 62.5 հազար տոննայով կամ 24.9 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։
– 2019 թվականին խաղողի մթերման 1կգ-ի միջին գինը կազմել է 158.4 դրամ, նախորդ տարվա 154.4 դրամի դիմաց:
Ըստ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ հանրապետությունից արտահանվել է շուրջ 142.9 հազար տոննա թարմ պտուղբանջարեղեն, որից՝ 92.9 հազար տոննա պտուղ և 50 տոննա բանջարեղեն:
Աղբյուրն՝ այստեղ։