Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 965.3 հազ. մարդ և 2018թ. տարեսկզբի համեմատ նվազել է 7.4 հազ. մարդով: 2019թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է 63.9%, իսկ գյուղականը՝ 36.1%:
2019թ. տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության կառուցվածքում 47.3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.7%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը 2019թ.-ի տարեսկզբի դրությամբ կազմել է 36.7 տարի, տղամարդկանց համար` 34.6, իսկ կանանց համար` 38.5 տարի:
2019թ. տարեսկզբի դրությամբ աշխատունակ տարիքի ամեն 1 000 մարդուն բաժին է ընկել 552 մարդ` 0-15 տարեկան և կենսաթոշակային տարիքի, 2018թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 537 մարդու համեմատ։
Ժողովրդագրական իրավիճակի առկա հիմնախնդիրներից է բնակչության ժողովրդագրական ծերացումը, որի ընթացքը հանրապետությունում հետխորհրդային տարիներին մեծապես արագացել է: Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այդ ցուցանիշը 2019թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ-ում կազմել է 11.9%:
2019թ. տարեսկզբի դրությամբ մշտական բնակչության 36.5 տոկոսը կենտրոնացված է եղել Երևան քաղաքում, իսկ ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի և ՀՀ Կոտայքի մարզերից յուրաքանչյուրում բնակվել է հանրապետության բնակչության 8.5%-8.9%, ՀՀ Լոռու, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.3%-7.9%, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Սյունիքի և ՀՀ Տավուշի մարզերից յուրաքանչյուրում`4.2%-4.7%, իսկ 1.7%` ՀՀ Վայոց ձորի մարզում:
2018թ.-ին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է կանանց ծնելիության մակարդակի նվազում։ Մայրանալու միջին տարիքը 2018թ. կազմել է 27.3 տարեկան, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 25.1 տարեկանը:
Կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան պահից 2018թ.-ին տղամարդկանց համար կազմել է 72.4 տարի, իսկ կանանց համար` 79.0 տարի: Քաղաքային բնակչության կազմում այդ ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 72.5, կանանց համար` 79.2 տարի, իսկ գյուղական բնակչության համար, համապատասխանաբար, 72.0 և 78.6 տարի:
Ըստ քաղաքացիական կացության գրանցումների, 2018թ. հանրապետությունում արձանագրվել է ամուսնությունների 14 822 դեպք, որը 2.6%-ով նվազել է 2017թ. համեմատ, իսկ ամուսնալուծության դեպքերը նվազել են 3.0%-ով և կազմել՝ 3 820: