Թարգմանությունը www.fee.org կայքից
Յուրաքանչյուր հաջողակ ձեռնարկատիրոջ հետևում կանգնած է մի պատճառ կամ կիրք, որը նրան դրդում է համառության, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Սպառողների համար ավելի հուսալի և մատչելի ավիափոխադրումներ ստեղծելու ցանկությունը օգնեց Ռիչարդ Բրանսոնին հաղթահարելու պետական կարգավորման խոչընդոտները, որոնք կանգնած էին Virgin Airlines-ի ստեղծման ճանապարհին: Կարդիովիրաբուժությունն ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու մեծ ցանկությունը բժիշկ Դևի Շեթիին օգնեց ստեղծելու վիրաբուժական կենտրոններ, որոնք այժմ կյանքի համար կարևոր ծառայություններ են մատուցում ավելի շատ մարդկանց, քան երբևէ:
Իսկ Սենեգալում ծնված Մագատե Ուեյդի համար բիզնեսի հանդեպ իր կիրքը պայմանավորված էր բարեկեցություն ստեղծելու գործում ձեռներեցության դերը ցույց տալու ցանկությամբ:
«Skin Is Skin» ընկերության միջոցով սպառողներին մաշկի խնամքի բարձրորակ օրգանական միջոցներ ներկայացնելուց բացի (որը շուտով վաճառքի կհանվի Whole Foods վայրերում), ինչպես բացատրեց Ուեյդը իր հանրաճանաչ Ted Talk-ում, ցանկացել է այլ բան բերել աշխարհ. աղքատության հակաթույն:
Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ
Ուեյդը ծնվել է 1976 թ-ին Սենեգալում` Դակարի հարավում գտնվող մի փոքրիկ ձկնորսական գյուղում: Նրա ծնողները աշխատանք ունենալու նպատակով տեղափոխվեցինԵվրոպա, այդ իսկ պատճառով Ուեյդը իր կյանքի առաջիկա մի քանի տարիները դաստիարակվում էր տատիկի կողմից:
Իր ծնողների հետ Ֆրանսիայում ապրելու նպատակով Սենեգալը լքելով` Ուեյդը անմիջապես զարմացավ իր նոր տան և հայրենիքի միջև եղած տարբերություններից: Նա մտահոգված էր, թե ինչու է աշխարհի մի մասն այդքան բարեկեցիկ, իսկ մյուսը պայքարում ծայրահեղ աղքատության դեմ:
Տնտեսական կրթության հիմնադրամի (FEE) կողմից ստեղծված «Made in Mékhé» փաստավավերագրական ֆիլմում Ուեյդը նշում է. «Ինչու՞ մի քանի տասնամյակ առաջ, օրինակ, Չինաստանը զարգացման միևնույն մակարդակն ուներ, ինչ աֆրիկյան շատ երկրներ: Իսկ այսօր … այնպիսի երկրներ, ինչպիսին է Սինգապուրը, Հոնկոնգը աշխարհի ամենազարգացած երկրներից են: Նույնիսկ Դուբայը` անապատի ավազով դատարկ տարածքը, հանկարծակի 12 կամ 15 տարվա ընթացքում դարձավ աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը: Ի՞նչ է տեղի ունեցել»:
Ձեռնարկատիրության ուժը
Ուեյդը եկավ եզրահանգման. տարբերությունը ձեռներեցությունն է: Նա նկատեց, որ ավելի հարուստ երկրներում ձեռներեցությունը թույլատրվում է և նույնիսկ խրախուսվում: Օրինակ, Հոնկոնգում և Դուբայում, անհատների համար շատ ավելի հեշտ է բիզնես սկսելը և գործունեություն ծավալելը, քան Աֆրիկայում: Եվ ավելի շատ բիզնես նշանակում է ավելի մեծ տնտեսական հնարավորություններ տվյալ երկրի համար:
Յուրաքանչյուր տարի Ֆրեյզերի ինստիտուտը, ինչպես նաև Համաշխարհային բանկը հրապարակում են զեկույց, որում յուրաքանչյուր երկիր գնահատվում է ըստ տնտեսական ազատության աստիճանի: 2018 թ. տարեկան զեկույցի համաձայն, Սենեգալը 162 երկրներից 125-ն է: Մյուս կողմից, Հոնկոնգը աշխարհի առաջատարն է` գերազանցելով Ամերիկային հինգ կետով:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ բիզնես սկսելը կապված չէ տնտեսական բարգավաճման հետ, բայց նոր ընկերություններ ձևավորվելու միջոցով ստեղծվում են նոր աշխատատեղեր: Եվ զբաղվածությունը մեծացնելով` ավելի շատ մարդկանց է հնարավորություն ընձեռվում բարելավելու իրենց կյանքի պայմանները և դուրս գալ աղքատությունից:
Աֆրիկյան շատ երկրներում և հատկապես Սենեգալում պետական խիստ կարգավորման մեխանիզմները թույլ չեն տալիս շատ պոտենցիալ գործարարների սկսել բիզնեսներ և ոչ միայն բարելավել իրենց սեփական կյանքը, այլև նրանց կյանքը, որոնց համար նրանք ստեղծում են նոր զբաղվածության հնարավորություններ: Եվ առանց աշխատուժի կայուն շուկայի, շատերը ստիպված են լինում գնալ վտանգավոր գործարքների:
Ուեյդի հայրենի քաղաքում քիչ աշխատատեղեր կան նրանց համար, ովքեր ցանկանում են կոտրել աղքատության շեմը: Արդյունքում` շատ երիտասարդներ, ովքեր ցանկանում են ապահովել իրենց կյանքը, չեն ունենում այլ տարբերակ, քան ձկնորսությամբ զբաղվելը: Շատերը երբեք չեն վերադառնում:
«Իմ ամենաձեռնարկատերերից ոմանք … այս պահին օվկիանոսի հատակում ծառայում են որպես ձկնամթերք: Ես մեծացել եմ ծովում մահացող մարդկանց պատմություններով: Ինչո՞ւ: Որովհետև նրանք ստիպված էին լքել իրենց երկիրը, քանի որ բավարար աշխատատեղեր չկան, և ինչո՞ւ չկան բավարար աշխատատեղեր: Քանի որ բիզնես միջավայրը զարգացած չէ», – վերջերս ասաց Ուեյդը իր ելույթում:
Ուեյդը եկավ եզրահանգման, որ իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մարտահրավերն ընդունելը և իր արտադրանքը Սենեգալ տեղափոխելն է:
Ինչպե՞ս է աշխատանքը հնարավորություններ տալիս
Իր ընկերության՝ Skin Is Skin-ի մասին Ուեյդը հաճախ ասում է, որ այն ծնվել է Տեխասի Օսթին քաղաքում և պատրաստվել է Մեքհե (Mékhé) քաղաքում: Մաշկի խնամքի միջոցները կարող են հեղափոխական չթվալ, բայց Skin Is Skin-ի աշխատողներն ասում են, որ այն փոխում է կյանքը:
Արտադրության մենեջեր Իբրահիմա Ն’Դուրը նախքան Skin Is Skin-ում աշխատանքի անցնելն ապրում էր փոքրիկ մեկ սենյականոց բնակարանում իր կնոջ և հինգ երեխաների հետ: Եվ երեք հոգի քնում էին մեկ անկողնում, իսկ մյուսները հատակին՝ իրար կողքի: Ուեյդի (որին նա համարում է իր ընտանիքի անդամը) մոտ աշխատանքի անցնելուց հետո Ն’Դուրը կարողացավ ընտանիքը տեղափոխել ավելի մեծ տուն, որտեղ նրա երեխաները խաղալու տեղ ունեն և մահճակալներ ունեն գիշերները քնելու համար: Ն’Դուրը միակը չէ, ով իր կյանքի որակը բարելավել է Ուեյդի ձեռներեցության շնորհիվ:
Ավանդաբար, Մեքհեյում կանայք մնում են տանը, իսկ տղամարդիկ մեկնում են ձկնորսության կամ ֆերմա: Դա միշտ այդպես է եղել: Ադջի Մարիան Ուեյդին հանդիպելուց առաջ երբեք չէր աշխատել: Այժմ նա աշխատում է Skin Is Skin-ում, և կարողանում է ապահովել ոչ միայն իրեն, այլև իր ամբողջ ընտանիքին: Նրա աշխատանքն օգնել է իրեն ձեռք բերել անկախության զգացողություն, որը նա այլ կերպ չէր ունենա:
Մամե Մարեմ Սիսսեն, Skin Is Skin-ի ևս մեկ կին աշխատակից, բացատրում է. «Այս աշխատանքը շատ բան է փոխել իմ կյանքում: Այժմ ես կարող եմ ապահովել այն ամենը, ինչն ինձ անհրաժեշտ է, առանց որևէ մեկից ինչ-որ բան խնդրելու»:
Բացի տնտեսական բարգավաճումից, զբաղվածությունը անհատներին տալիս է արժանապատվության և ինքնաբավության զգացողություն, ինչը նրանց օգնում է ունենալ ավելի երջանիկ և լիարժեք կյանք:
Ուեյդի ընկերության ստեղծած աշխատատեղերը, սակայն, չեն սահմանափակվում մաշկի խնամքի միջոցների արտադրությամբ: Նա նաև օգնում է տեղական այլ ձեռնարկություններին: Skin Is Skin-ի յուրաքանչյուր արտադրանք առաքվում է ձեռքով կարված կաշվե տոպրակի մեջ, որը պատրաստում է CAWAAN` սենեգալյան ընտանեկան ընկերությունը, որն արդեն հինգ սերունդ է պատրաստում է ձեռագործ կաշվե իրեր:
Մի փոքր բիզնեսի միջոցով Ուեյդը կարողացավ վերափոխել Մեքհեյում ապրող շատերի կյանքը և խրախուսել առևտուրն ու ձեռներեցությունը:
Մի օր միանգամից հաղթահարել աղքատությունը
Աղքատության շրջանակը կոտրելու համար պետք է խոցել բուն խնդիրը: Աֆրիկայում իրական խնդիրը գործազրկությունն է, որը ձեռներեցության խոչընդոտների պատճառով է:
Ուեյդը սերտորեն համագործակցում է Մեքհեի քաղաքապետի հետ, գյուղատնտեսության, էներգետիկայի, վերապատրաստման և կրթական հաստատությունների համար ավելի շատ հնարավորություններ ապահովելու և աջակցելու համար: Վերջերս Սենեգալում Ուեյդը ստեղծեց նոր դպրոցական ուսումնական ծրագիր` երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունները խթանելու համար` երեխաներին սովորեցնելով բիզնեսի և ձեռներեցության ուժը:
«Ես երբեք չեմ արթնացել և ասել. « Օh, ես պատրաստվում եմ ձեռնարկատեր դառնալ», – ասում է Ուեյդը, ով վերջերս նշանակվեց Աֆրիկյան բարգավաճման նոր կենտրոնի տնօրեն: «Կարծում եմ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, այն է, ինչ պատահեց շատ ձեռնարկատերերի և գործարարների հետ: Բիզնեսի շատ հիմնադիրներ, սկսում են բիզնեսը, երբ տեսնում են ինչ-որ խնդիր կամ ոգեշնչվում են ինչ-որ հիասքանչ բանից»:
Թարգմանությունը՝ Սրբուհի Իսրայելյանի