PwC Israyel խորհրդատվական ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականին արտասահմանյան կազմակերպությունները գնել են 9,9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով իսրայելական ստարտափեր։ Այս ցուցանիշը ռեկորդային չէ, սակայն 5 մլրդ դոլարով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
2019 թվականին իրականացվել է 80 խոշոր գործարք՝ ներառյալ 24 գործարք 100 միլիոն դոլարից ավելի արժեքով։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին իրականացվել է 61 խոշոր գործարք՝ ներառյալ 17 գործարք 100 միլիոն դոլարից ավելի արժեքով։
2019 թվականին գործարքների միջին արժեքը կազմել է 124 միլիոն դոլար, ինչը 53 տոկոսով ավելի է 2018 թվականի ցուցանիշից։
Ընդհանուր առմամբ, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում վաճառվել են 587 ստարտափ-ընկերություններ՝ 70,8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Իսկ գործարքների շարունակական բնույթը հաշվի առնելով՝ վաճառքների ծավալը հասնում է 107,8 մլրդ դոլարի։ Տասնամյակի խոշորագույն գործարքը եղել է Intel կորպորացիայի կողմից Mobileye-ի ձեռքբերումը՝ 15,3 մլրդ դոլարով։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Իսրայելում համակարգում է գիտության և տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական համակարգերի վարչությունը։ Իսրայելը չունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող առանձին նախարարություն։ Իսկ գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը պատասխանատու է պետական գերակա ոլորտներում գիտական հետազոտություններում պետության ներդրումների համար և ծառայում է որպես այդ հետազոտություններն արդյունաբերական զարգացման հետ կապող օղակ:
Իսրայելը Bloomberg-ի 2019 թվականի ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 5-րդ տեղը և աշխարհում 1-ինն է ՀՆԱ-ի նկատմամբ հետազոտությունների և մշակումների ծախսերի տոկոսային հարաբերակցության մեծությամբ: Իսրայելում յուրաքանչյուր 10 000 աշխատողի բաժին է ընկնում 140 գիտնական, տեխնիկ և ինժեներ, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է (համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 85 է)։ 2004 թվականից ի վեր Իսրայելը տվել է Նոբելյան մրցանակակիր վեց գիտնականներ և հաճախակի դասվում է որպես աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով գիտական աշխատանքների առավելագույն հարաբերակցություն ունեցող երկրներից մեկը:
Ըստ Աշխարհի համալսարանների ակադեմիական դասակարգման (Academic Ranking of World Universities)՝ 2019 թվականին 4 իսրայելական համալսարաններ դասվում են աշխարհի 200 լավագույն համալսարանների շարքին, որոնցից մեկը՝ Տեխնիոնը, զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը։ Ըստ մեկ այլ հայտնի դասակարգման՝ QS World University Rankings 2020-ի՝ 3 իսրայելական համալսարաններ դասվում են 300 լավագույն համալսարանների շարքին, որից լավագույն 200-ի մեջ մեկ համալսարան։
Իսրայելական համալսարաններն աշխարհի լավագույն 100 համալսարանների թվին են դասվում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող առարկաների գծով, մասնավորապես՝
ինֆորմատիկա (Տեխնիոն, Թել Ավիվի համալսարան),
մաթեմատիկա (Երուսաղեմի հրեական համալսարան),
ֆիզիկա (Թել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան, Վեյցմանի գիտության ինստիտուտ)։
քիմիա (Վեյցմանի գիտության ինստիտուտ)
ճարտարագիտություն (Թել Ավիվի համալսարան, Տեխնիոն)
Օրինակ, Academic Ranking of World Universities-ի դասակարգման համաձայն՝ Վեյցմանի գիտության ինստիտուտը ինֆորմատիկայի և ճարտարագիտության գծով զբաղեցնում է 32-րդ տեղը։
Իսրայելի փորձը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը հնարավոր է ապահովել շեշտը դնելով կրթության և գիտության զարգացման վրա: Եվ դա կարելի է անել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվազագույն պետական միջամտությամբ։
Խմբագրական