2017թ. Ռիչարդ Թեյլերը արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի` վարքագծային տնտեսագիտության մեջ իր ունեցած ներդրման համար:
Ռ․Թեյլերի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթի ամփոփումը
Վարքագծային տնտեսագիտության ուսումնասիրության գիտական հիմքերը դրվել են հոգեբանններ Դանիել Կանեմանի և Ամոս Տվերսկու կատարած աշխատանքների միջոցով: Նրանց վաղ կատարած աշխատանքը ամփոփված էր 1974թ․ «Դատողություն անորոշության պայմաններում. Էվրիստիկա և նախապաշարմունքներ» վերնագրով գիտական աշխատանքում։ Հոգեբաններն օգտագործում են «դատողություն» տերմինը նկարագրելու այն, ինչը տնտեսագետները հաճախ անվանում են գնահատականներ կամ կանխատեսումներ։ Իսկ էվրիստիկան էմպիրիկ կանոնները բնութագրող ժամանակակից բառ է։ Կանեմանի և Տվերսկու գիտական աշխատանքների հիմնական եզրակացությունն էր. մարդիկ ոչ օբյեկտիվ դատողություններ են անում:
Նախ, բախվելով կանխատեսման բարդ խնդրին, մարդիկ հաճախ հիմնվում են պարզ էմպիրիկ կանոնների վրա («էվրիստիկա»): Օրինակ է հասանելիության էվրիստիկան․մարդիկ դատում են, թե որքանով է ինչ-որ բան հավանական` ըստ նմանատիպ դեպքերը հիշելու հեշտության: Կարևոր են «նախապաշարմունքները», որի օգտագործումը հանգեցնում է կանխատեսելի սխալների: Օրինակ, մարդիկ ենթադրում են, որ ԱՄՆ-ում այսօր զենքով սպանությունների դեպքերն ավելի հաճախ են, քան զենքով ինքնասպանությունները, չնայած վերջիններս մոտ երկու անգամ ավելի հաճախ են լինում: Նախապաշարմունքը տեղի է ունենում այն պատճառով, որ սպանություններն ավելի շատ են հրապարակվում, քան ինքնասպանությունները, և, այդպիսով, ավելի «հասանելի» են հիշողության մեջ:
Եզրակացությունը, որ մարդիկ կանխատեսելի սխալներ են թույլ տալիս, խորապես կարևոր էր վարքագծային տնտեսագիտության զարգացման համար: Բազմաթիվ տնտեսագետներ ուրախ էին ընդունել, որ մարդիկ ցուցաբերում են «սահմանափակ ռացիոնալություն»՝ օգտագործելով Հերբերտ Սայմոնի կողմից առաջարկած տերմինը, բայց եթե սահմանափակ ռացիոնալությունը պարզապես պատահական սխալի է հանգեցնում, տնտեսագետները կարող էին ենթադրել, որ մարդիկ ռացիոնալ սպասումների հիման վրա անում են օպտիմալ ընտրություններ: Իսկ եթե սխալները կանխատեսելի են, ապա ռացիոնալ ընտրության մոդելներից շեղումը նույնպես կարող է կանխատեսելի լինել: Սա կարևոր տեսակետ էր: Դա ենթադրում է, որ գոնե սկզբունքորեն հնարավոր կլիներ բարելավել տնտեսագիտության բացատրական ուժը`ավելացնելով հոգեբանական ռեալիզմը:
1979թ․ Կանեմանը և Տվերսկին «Հեռանկարային տեսության» (“Prospect Theory”) միջոցով երկրորդ կարևոր քայլն արեցին վարքագծային տնտեսագիտության զարգացման մեջ: Եթե նրանց ավելի վաղ հետազոտությունները վերաբերում էին դատողություններին, ապա հեռանկարների տեսությունը վերաբերում էր որոշումներին, մասնավորապես, անորոշության պայմաններում որոշումներ կայացնելուն: Այս տեսությունն այժմ էլ շարունակում է մնալ ամենակարևոր տեսական ներդրումը վարքագծային տնտեսագիտության մեջ: Դա նոր ճանապարհ բացեց երկու եղանակով: Առաջին՝ այն պարզ տեսություն է, որը կարող էր բացատրել մի շարք էմպիրիկ անոմալիաներ, և երկրորդ՝ ցույց տրվեց, որ տնտեսագիտության համար անհրաժեշտ են երկու բոլորովին տարբերվող տեսություններ՝ նորմատիվային և նկարագրական: Նորմատիվային տեսությունը ռացիոնալ համարվող ընտրության մասին է (այլ ոչ թե բարոյականության մասին): Եվ ընդհակառակը, նկարագրական տեսությունը պարզապես կանխատեսում է, թե մարդիկ ինչ կանեն տարբեր հանգամանքներում: Նեոդասական տնտեսագիտության տեսության հիմնական թերությունն այն է, որ երկու առաջադրանքների համար օգտագործվում է մեկ տեսություն, այն է՝ օպտիմալացման տեսությունը:
Տնտեսագետներ Ֆոն Նեյմանի և Մորգենշտեյնի սպասվող օգտակարության տեսությունը դասական օրինակ է: Նրանք ապացուցում են, որ եթե դուք ուզում եք բավարարել ռացիոնալության որոշ հիմնական աքսիոմներ, ապա պետք է առավելագույնի հասցնեք սպասվող օգտակարությունը: Եթե նախընտրում եք խնձորը նարնջից, ապա ավելի լավ է ինչ-որ հավանականությամբ խնձոր շահելը գերադասել նույն հավանականությամբ նարինջը շահելուց: Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տվել Կանեմանը և Տվերսկին (և հարյուրավոր հաջորդող հոդվածներ հաստատել են), մարդիկ ընտրություն չեն կատարում սպասվող օգտակարության մաքսիմալացման տեսության միջոցով: Ընտրությունները կանխատեսելու համար հեռանկարային տեսությունը շատ ավելի լավ է աշխատում:
Դասն այստեղ այն չէ, որ մենք պետք է հրաժարվենք նեոդասական տեսություններից: Դրանք անհրաժեշտ են ինչպես օպտիմալ ընտրությունները բնութագրելու, այնպես էլ որպես հիմք՝ նկարագրական տեսությունները կառուցելու համար: Այլ դասն այն է, որ երբ փորձում ենք մոդելներ կառուցել հասկանալու, թե ինչպես են մարդիկ իրականում վարվում, անհրաժեշտ դարձան նոր նկարագրական տեսություններ՝ մշակված հատուկ այդ խնդրի համար:
Թեյլերն իր տեսությունները մշակեց` հիմնվելով ավանդական ֆինանսական տեսություններում առկա թերությունների վրա` կապված իրական կյանքում ի հայտ եկած վարքագծային շեղումների հետ։ Հիմնվելով հեռանկարային տեսության վրա` Թեյլերը եկավ այն եզրակացության, որ հենց հոգեբանությունը կարող է օգնել բացատրելու անհատների իռացիոնալ վարքագիծը: Հետագայում նա աշխատեց Կանեմանի և Տվերսկու հետ, և, հոգեբանության տարրերի հետ տնտեսագիտությունն ու ֆինանսները համադրելով, բացահայտեց գործոններ (մտավոր հաշվառում, «մղել» և այլն), որոնք ազդում են անհատների վարքագծի և կայացրած որոշումների վրա:
Մտավոր հաշվառման վարքագծային շեղումը հեռանկարային տեսության հիմնական բաղադրիչներից մեկն է: Մտավոր հաշվառումը ենթարում է, որ մարդիկ հակված են տարանջատելու իրենց դրամական միջոցները տարբեր հաշիվներում` ըստ ստացված դրամական միջոցների աղբյուրների և օգտագործման նպատակի: Օրինակ, վիճակախաղից շահած $100-ը ավելի հավանական է, որ անմիջապես կծախսվի` դիտարկելով այդ գումարը որպես անսպասելի հաջողություն, մինչդեռ աշխատանքի միջոցով վաստակած $100-ը հավանաբար կուղղվի կուտակման ֆոնդ: Ըստ այս տեսության` անհատները յուրաքանչյուր ակտիվների խմբին հատկացնում են գործառույթների տարբեր շրջանակ, որը հաճախ իռացիոնալ և վնասաբեր ազդեցություն է գործում սպառման գործընթացի և այլ վարքագծերի վրա:
Ուսումնասիրելով մարդկանց վարքագիծը՝ Թեյլերի մոտ առաջանում են որոշ հարցեր։ Մասնավորապես, եթե մարդիկ երբեմն անում են այնպիսի բաներ, որոնց համար նրանք հետագայում զղջում են (երեկոյան շատ ալկոհոլ օգտագործելը, ինչ-որ բան գնելը և այլն), ապա ո՞րն է նրանց իրական նախասիրությունները: Հնարավո՞ր է օգնել մարդկանց ավելի լավ ընտրություն կատարել, նույնիսկ եթե նրանք արդեն լիարժեք տեղեկացված են (օրինակ պաղպաղակի և աղցանի հարաբերական առավելությունների մասին): Այս հարցերին պատասխանելը վարքագծային ֆինանսների ոլորտում հանգեցրեց նոր հասկացության՝ «մղելու (nudge)» ներմուծմանը, որը վերաբերում է ընտրության ճարտարապետությանը։ Եվ 2000-ականների վերջին, հրապարակվեց Չիկագոյի համալսարանի տնտեսագետ Ռ․ Թեյլերի, և Հարվարդի իրավագետ Կ․ Սանշտեյնի գիրքը՝ «Nudge. Ինչպես կատարելագործել առողջության, հարստության և երջանկության վերաբերյալ մեր որոշումները» վերնագրով, որը վերաբերում էր քաղաքացիների վարքագծի մոդելավորման մեջ նեյրո և կոգնիտիվ տեխնոլոգիաների կիրառմանը։ Հեղինակները պետական կառավարման մեջ առաջարկում են ճիշտ կառուցել, այսպես կոչված, ընտրության ճարտարապետությունը. այնպիսի համակարգ, որը պետք է մարդուն դրդի «ճիշտ պատասխանի»` միաժամանակ նրան թողնելով ամեն ինչ յուրովի անելու լիակատար ազատություն։ Այս պնդումները թույլ տվեցին տնտեսագետներին և սոցիոլոգներին այլ աչքերով նայել քաղաքացիների կողմից որոշումների ընդունման կառավարման գործընթացին։ Եվ այսպես վարքագծային տնտեսագիտությունը սկսեց զարգանալ և կիրառվել պետական կառավարման մակարդակում։
Թեյլերի հետազոտության մյուս կարևոր տարրը անհատների անհեռատես կորուստներից խուսափելու հակվածությունն է։ Էմպիրիկ հետազոտությունները ցույց են տվել, որ կորուստները երկու անգամ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան միևնույն չափով ստացված օգուտները ($1 կորցնելը երկու անգամ ավելի «ցավոտ» է, քան $1 շահելու «ուրախությունը»): Կորուստներից խուսափելու հակվածությունը կարող է ստիպել ներդրողներին անհիմն ֆինանսական որոշումներ կայացնել և ներդրումային ռազմավարություններ մշակելիս լինել չափազանց պահպանողական: Կորուստներից խուսափելու մտավոր շեղման տարատեսակներից է անհեռատես կորուստներից խուսափումը, որն իրենից ներկայացնում է ժամանակավոր իրավիճակ, երբ ներդրողները անհեռատես վարքագիծ են դրսևորում` իրենց որոշումները կայացնելիս հիմնվելով կոնկրետ իրավիճակների վրա: Օրինակ, եթե որևէ ներդրող կատարում է երկարաժամկետ ներդրում, նա գիտակցում է, որ ֆոնդային շուկայում անսպասելի անկման դեպքում կփորձի վաճառել իր բոլոր բաժնետոմսերը, որպեսզի չկորցնի իր ամբողջ ակտիվները, և այդպիսով դրսևորում է անհեռատես վարքագիծ: Անհեռատես վարքագծային շեղումը հաղթահարելու նպատակով ներդրողները պետք է փորձեն որևէ որոշում չկայացնել այդպիսի կրիտիկական կամ անկումային իրավիճակներում` չկառավարվելով զգացմունքներով:
Վարքագծային տնտեսագիտությունը շատ լավ ճանապարհ է անցել: Վարքագծային տնտեսագետների ներկայիս սերունդը օգտագործում է տնտեսագիտության բոլոր ժամանակակից գործիքները՝ տեսությունից մինչև մեծ տվյալներ, կառուցվածքային մոդելներից մինչև նեյրոգիտություն։ Սա շատ կարևոր է նկարագրական տնտեսագիտությունն առավել ճշգրիտ դարձնելու համար: Դրանք ամբողջ աշխարհում ազդում են նաև պետական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև մասնավոր հատվածի վրա: Թեյլերը և Սանշտեյնը չեն հորինել «մղելը» (nudge). պարզապես որոշակի երևույթ բառով նկարագրեցին։ Մարդիկ «հրում» էին այնքան ժամանակ, ինչքան փորձում էին ազդել այլ մարդկանց վրա: Եվ ինչքան էլ ցանկանանք, ոչ բոլոր «հրումներն» են լավ նպատակներով։ Դա վերաբերում է գրեթե բոլորին, ովքեր համաձայն են ծրագրային ապահովման պայմաններին, կամ հիփոթեքային փաստաթղթերին կամ մեքենայի վճարներին կամ աշխատանքային պայմանագրերին: Մենք «սեղմում ենք» «համաձայն ենք» առանց կարդալու և կարող ենք ինքներս մեզ «փակել» երկարաժամկետ պայմանագրի մեջ, որը կարող է ավարտվել միայն զգալի ժամանակ հետո կամ էլ պայմանների վատթարացմամբ։
Չնայած վարքագծային տնտեսագիտության ոչ յուրաքանչյուր կիրառություններն են աշխարհն ավելի լավը դարձնում, հավատում ենք, որ տնտեսությանն ավելի «մարդկային չափելիություն» տալը և ոչ միայն տնտեսության, այլև Մարդկանց նկատմամբ կիրառվող տեսությունների ստեղծումը տնտեսագիտությունը կդարձնեն ավելի ուժեղ, ավելի օգտակար և, անկասկած, ավելի ճշգրիտ: