Ազգային ժողովի ընտրություններից եւ նոր կառավարության նշանակումից մեկ տարի անց երկրում հիմնական բանավեճերը, ինչպես եւ ակնկալվում էր, ընթանում են նոր իշխանությունների հաջողությունների կամ անհաջողությունների թեմայի շուրջ: Այն հարցում, որ կառավարությունը կարողացել է մենաշնորհազերծել տնտեսական գործունեությունը, վերացնել տեղական կլանները, զգալիորեն ավելացնել բյուջետային մուտքերը, կարգավորել որակյալ ճանապարհաշինությունը, ընդլայնել սոցիալական ծրագրերը եւ այլն, առանձնապես վիճելու հարկ չկա: Սակայն լուրջ բացթողումները մնում են պետական կյանքի բոլորովին այլ ոլորտում` կարեւորագույն խնդիրների իրավական կարգավորման օղակում, որտեղ նկատելի տեղաշարժեր չկան: Հենց այդ հանգամանքն է շարունակում անհանգստացնել հանրությանը եւ առաջ բերել հրատապ քննարկումներ: Այդ մասին արժե առանձին խոսել:
Սովորաբար Հայաստանում 2018 թվականին եղած քաղաքական փոփոխությունների մասին քննարկումները հանգեցնում են «իշխանափոխություն-հեղափոխություն» բանավեճի: Շատերը համարում են, որ եթե երկրում քաղաքական վարչակարգի փոփոխությունից հետո քաղաքական համակարգի բարեփոխում չի անցկացվում, ուրեմն որեւէ հեղափոխության մասին խոսք լինել չի կարող: Դրա հետ կարելի է համաձայնվել: Սակայն կա նաեւ կարծիք, որ երկրում տեղի է ունեցել ոչ թե սովորական իշխանափոխություն, այլ ապամոնտաժվել էր Սահմանադրության շրջանակներից դուրս կազմավորված յուրօրինակ քաղաքական վարչակարգը: Այն է` վերացվել էր պետական հաստատությունները կազմակերպված խմբավորմանը ենթարկեցնող հակասահմանադրական քաղաքական կարգը: Խոսքը պետական կառավարման համակարգը յուրացրած եւ գործունեության իր կանոններն այդ հաստատություններին պարտադրած խմբավորման մասին է:
Այս երկրորդ դիտարկման հետ եւս չի կարելի չհամաձայնվել: Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանում ազատ ընտրությունների ինստիտուտ այդպես էլ չարմատավորվեց, եւ հասարակությունը զրկված էր ազատ ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ կազմավորելու հնարավորությունից: Իսկ ցանկացած կառավարող ընտրախավ, որը չի կազմավորվում ազատ ընտրությունների միջոցով, համարվում է հակասահմանադրական: Այդպես էլ հակասահմանադրական է համարվում պետության կառավարման կարգը: Հետեւաբար` իմաստ չունի ժխտել, որ 2018 թվականին զանգվածային շարժման ջանքերով հենց այդպիսի մի կարգ էր ապամոնտաժվել:
Հարց է առաջանում` եթե ապամոնտաժվել էր գոյություն ունեցող կարգը (քաղաքական վարչակարգը), ուրեմն ինչպիսի՞ վիճակում էր հայտնվել պետությունը: Այդ հարցը թույլ կտա վերոնշյալ երկու կարծիքները միացնել «իշխանափոխություն-հեղափոխություն» բանավեճում մեկ միասնական թեմայով քննարկման մեջ, թե որն է երկրում ծագած նոր իրավիճակում իրավաքաղաքական կարգավորման իմաստն ու էությունը: Չէ որ պետք է պարզ լինի, որ կառավարման մեկ համակարգի վերացումը չի կարող չփոխարինվել կառավարման մեկ այլ համակարգով: Հակառակ դեպքում պետական համակարգի գործունեության կարգավորումը չի կարող կայուն լինել:
Կարծիքը, թե կառավարման նոր համակարգը կարող է ինքնակամ առաջանալ եւ գործել գոյություն ունեցող օրենսդրությանը լիովին համապատասխան` այնքան էլ համոզիչ չէ: Գոյություն ունեցող օրենսդրությունը ժամանակին անընդհատ զարգանում էր 2018 թվականից առաջ գործող հակասահմանադրական վարչակարգին միանգամայն համապատասխան: Բացի դրանից, պետական հաստատություններն իրենց գործունեությունը կանոնակարգում էին ոչ թե օրենքի կանոններով, այլ կառավարող օղակի թելադրանքով: Նշանակում է հին կարգերի ապամոնտաժման արդյունքում պետական հաստատությունները պիտի մնային «բախտի քմահաճույքին»:
Այդպես էլ կա` 2018 թվականից անցած քաղաքական փոփոխությունների ընթացքում պետական կառավարման հաստատությունների միակ կարգավորիչը մնում է պետության առաջին դեմքի` վարչապետի կամքը: Մեկ մարդու կամքի վրա են կանգուն նաեւ տնտեսական գործունեության պայմանները: Եվ այնքան էլ անսովոր վիճակում չեն հասարակական հարաբերությունները: «Գործատուների» ու տեղական «ֆեոդալների» թելադրանքից ազատված քաղաքացիներն առանց կողմնորոշիչների էին մնացել ոչ միայն հասարակական-քաղաքական կյանքին մասնակցության գործում, այլեւ իրենց առօրյա կյանքի կարգավորման պրակտիկայում:
Վերջին հանգամանքը ներկա պահին արտահայտված է տարբեր հասարակական խմբերի նշանակալի ատոմացման եւ առճակատայնացման փաստում: Անցած տասնամյակում կառավարող վարչակարգը կարողացել է հասարակական-քաղաքական կյանքում արմատավորել իր բարոյակարգը: Բարոյակարգը` դա հասարակական գիտակցության մեջ չարի ու բարու, լավի ու վատի մասին գոյություն ունեցող պատկերացումների վրա հիմնված վարքականոն է: Թե ինչպիսին էին նմանօրինակ կանոնների մասին պատկերացումները` գիտի ամեն ոք:
Վարչակարգի վերացումն ամենեւին չի նշանակում բարոյակարգի արագ վերացում: Ակտիվ դիրքերից բարոյակարգի նախկին «դիկտատորների» հեռացումն ընդամենը լղոզել է գոյություն ունեցած բոլոր կանոնները, բայց չի սերմանել նորերը: Դա խիստ ապակողմնորոշել է մարդկանց` կյանքի կոչելով ճշտի ու անճշտի մասին մշտական վեճերը: Սոցիալական համաձայնության նոր ձեւերի ի հայտ գալն անհնար է առանց նոր սոցիալական նորմերի հայտնության: Չէ որ սոցիալական նորմերը քաղաքական կազմակերպության ոլորտից դուրս մարդկանց հարաբերությունների կարգավորմանն ուղղված` վարքականոն են: Դրանք ամրացված են սոցիալական ներգործության միջոցներով: Այժմ այդպիսի կանոնները փլուզված են:
Ինչ վերաբերում է համապետական մակարդակի հիմնախնդիրների իրավական կարգավորման հրամայականին, ապա այդ ոլորտում մենք գործ ունենք հասարակական հարաբերությունների հետեւյալ երեք խմբերի հետ. սեփականություն եւ տնտեսական հարաբերություններ; քաղաքական հարաբերություններ; իրավակարգի ապահովման հարաբերություններ: Հենց այս ոլորտներում է առաջացել հարաբերությունների առավել մեծ ամորֆությունը, քանի որ նախկին կարգի կանոններն ամբողջությամբ դուրս են բերվել այդ ոլորտներից: Կայունության եւ կառավարելիության որոշ մակարդակ, ինչպես ասվեց վերը, այստեղ պահպանվում է վարչապետի կողմից կարգավորման գործոնի վրա: Բայց դա չի կարող երկար շարունակվել: Առանց իրավական կարգավորման եւ քաղաքական ու տնտեսական ոլորտների տարանջատման, հնարավոր չէ լուծել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման հիմնախնդիրը: Քանի դեռ սեփականությունը չի պաշտպանված օրենքով եւ չի ճանաչված հասարակության կողմից, պետական կառավարման համակարգը չի կարող ձերբազատվել նրա թելադրանքից:
Իրավական կարգավորում ասելով՝ հասկացվում է հասարակական հարաբերությունների վրա պետության նպատակաուղղված ազդեցությունը իրավաբանական հատուկ միջոցների ու մեթոդների օգնությամբ, որոնք միտված են այդ հարաբերությունների կայունացմանը եւ կանոնակարգմանը: Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակ երկրում այդպիսի կարգավորման կոնկրետ նպատակ ունի: Հայաստանում ներկա պահի նպատակի մասին արդեն ասվել է: Այստեղ կարեւոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կարգավորումից հրաժարվելու կամ դրա անբավարար լինելու դեպքում կարող է հասարակության մեջ կամայականության իրավիճակ առաջանալ, որն իրավակարգի խախտման լուրջ սպառնալիք է: Բայցեւ այն դեպքում, երբ իրավական կարգավորման պրակտիկան դուրս է գալիս կենսական պահանջմունքների շրջանակներից, սովորաբար կամայականության իրավիճակ է առաջանում արդեն բուն պետության կողմից:
Այդ հիմնախնդրից երկիրը ոչ մի տեղ չի փախչի. ժամանակը միայն կբարդացնի դրա լուծումը: