Հնարավո՞ր է արդյոք տնտեսական ազատությունը

Բենջամին Ա. Ռոգե (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Միացյալ Նահանգներում ներքին քաղաքականության վերաբերյալ մեր դարակեսի իրական բանավեճն ընթանում է կառավարության պատշաճ դերի շուրջ, եւ ովքեր ցանկանում են տնտեսական հարցերում տեսնել պետության նվազ ներկայություն, ակնհայտորեն պարտվող դիրքում են։ Դատավորը, որը տվյալ դեպքում Միացյալ Նահանգների ընտրազանգվածն է, վճիռ վճռի ետեւից է կայացնում հօգուտ նրանց, ովքեր պաշտպանում են ավելի լայն պետական միջամտության գաղափարը։

 

Մեզնից նրանք, ովքեր պարտվում են բանավեճում, այս կողմի կորուստները հաճախ վերագրում են ակադեմիական եւ այլ ոլորտներում գործող այն մարդկանց ազդեցությանը, որոնք սոցիալիզմ քարոզելով՝ փորձում են քայքայել ազատ ձեռներեցության ամերիկյան ավանդական համակարգը։ Դյուրին ու գայթակղիչ այս բացատրության տրամաբանական հետեւությունն այն է, որ մեր ոչ ամերիկյան ընդդիմախոսները պետք է լուռ մնան՝ իսկական ամերիկյան սկզբունքներին թույլ տալով հաղթանակել։

 

Այս բացատրությունը նույնքան անճիշտ է, որքան եւ՝ վտանգավոր։ Վտանգավոր, քանի որ կարող է մեզ առաջնորդել խոսքի եւ մամուլի ազատության վրա սահմանափակումներ պարտադրելու ուղով, ինչն իսկապես ոչ ամերիկյան կլինի։ Վտանգավոր, քանի որ դրանից ազդված՝ կարող ենք ծուլանալ մեր փաստերը հնարավորինս հզոր ու համոզիչ կերպով նախապատրաստելու եւ ներկայացնելու հարցում։ Եւ անճիշտ, քանի որ պետական միջամտության ուժգնացմանը հավանություն տվող հինգ հարյուրից եւ ո՛չ մեկը նվիրյալ սոցիալիստ կամ ազատ մասնավոր ձեռներեցությանը դեմ անձնավորություն չէ։ Հակառակը՝ նրանց մեծ մասը կողմ է ազատ շուկայական հարաբերություններին՝ հավատալով, որ այդ առաջարկները միտված են դրա հզորացմանը, եւ ոչ՝ թուլացմանը։ Մասնավորապես, նրանք պնդում են, որ շուկայական կազմակերպման ձեւը կարող է գոյատեւել միայն այն պարագայում, եթե դրա որոշ թույլ ու սխալական կողմերը լրացվեն պետական պատշաճ գործողություններով։

 

Օրինակ, հնչում է այն պնդումը, թե ազատ շուկայական տնտեսությանը ներհատուկ է անկայունությունը՝ վերելքների եւ անկումների միջեւ տարուբերումը, եւ որ այդ անկայունությունը կկործանի տնտեսությունը, եթե ժամանակին չշտկվի պետական համակողմանի գործողություններով։ Թեպետ սա լուրջ մեղադրանք է, ես հավատացած եմ, որ սխալական են թե՛ վերլուծությունը, թե՛ պետական միջամտության կոչերը։

 

Այստեղ ես գերադասելի եմ համարում քննարկել մեկ այլ՝ նույնքան լուրջ մեղադրանք, որն ազատ շուկայի դեմ առաջ են քաշում դրա իսկ բարեկամները։

 

Մեղադրանքն այն է, որ տնտեսական ազատությունը, որքան էլ ցանկալի լինի, բացարձակ իմաստով անհասանելի է եւ որ անարգել շուկայում անհատն իսկապես ազատ չէ, այլ՝ ենթարկված է տարբեր տեսակի եւ աստիճանի մենաշնորհների ազդեցությանը։ Այս մեղադրանքը նույնությամբ կրկնվում է գրեթե բոլոր միջամտողական օրենսդրական ակտերի նախաբաններում։ Հայտարարվում է, որ գործատուի մենաշնորհային ազդեցության պատճառով աշխատողը կարիք ունի հատուկ պաշտպանության, ֆերմերը պետք է պաշտպանվի շուկայի երկու կողմերում գործող մենաշնորհից, որոշ տիպի բիզնես ֆիրմաներ պետք է պաշտպանվեն այլ տիպի ֆիրմաներից, կառավարությունը պետք է թելադրի հատուկ գնային որոշումներ, քանի որ դաշտում գործում են մենաշնորհային ֆիրմաներ եւ այլն, եւ այլն։ Պարզ ասած՝ եթե մասնավոր մենաշնորհն իրոք այսքան համատարած է, պետության էական դերակատարության կանխադրույթն ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում։ Այդուհանդերձ, եւ սա լինելու է իմ բանավեճի գլխավոր դրույթը, անարգել շուկան ըստ իս միշտ ձգտում է վերածվելու մրցակցային շուկայի, եւ իրականում պետության կոշտ քայլերն են միայն, որ կարող են թույլ չտալ շուկային դառնալու մրցակցային։

 

Այլ կերպ ասած՝ ես պնդում եմ, որ մենաշնորհային դիրքին հատուկ են կարճատեւ կյանքը եւ համեմատական անարդյունավետությունը՝ բացառությամբ երբ մենաշնորհը վայելում է պետական աջակցություն եւ հովանավորություն։ Կամ, վերաձեւակերպելով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի շատ ջանք է գործադրել մենաշնորհն առաջ մղելու, քան՝ մրցակցությունը խթանելու եւ թույլատրելու ուղղությամբ։

 

Լավ է մյուսների համար, բայց ո՛չ իմ

Փաստարկումներիս շղթան զարգացնելով՝ համաձայնեմ, որ կա մարդուն ներհատուկ որոշակի մտայնություն, որը փորձում է աշխատել ընդդեմ մրցակցության։ Թեեւ մեզնից յուրաքանչյուրը կարող է կողմ լինել մրցակցությանը՝ որպես ընդհանուր սկզբունքի, մենք բոլորովին չենք սիրում առերեսվել դրա հետ մեր իսկ անհատական ասպարեզում։ Մրցակցությունը սկզբունքորեն լավ բան է, ասում ենք մենք, բայց ոչ մեր մասնավոր ոլորտում կամ զբաղվածության մեջ եւ, հատկապես, ոչ երբ գալիս է արտերկրից կամ մարդկանցից, որոնք չունեն գործին վայել պատրաստվածություն։

 

Այսպիսի մտայնության բնական արդյունքը պոտենցիալ մրցակիցների կողմից համատեղ գործողություններով մրցակցության նվազեցման փորձն է լինում։ Այս միտումը պարզորոշ նկատել է դեռ ազատ շուկայական տնտեսության հիմնադիր Ադամ Սմիթը։ 1776 թվականին տպագրված «Ազգերի հարստությունը» գրքում նա գրել է. «Միեւնույն զբաղմունքի տեր անձինք նույնիսկ զվարճանալու եւ ժամանակ անցկացնելու համար հազիվ թե հանդիպեն իրար հետ, եթե դա չի ավարտվելու գին թանկացնելու որեւէ գաղտնի պայմանավորվածությամբ»։

 

Իրապես ազատ տնտեսության հնարավորությունը կասկածի առնելու երկրորդ հիմքը տեխնոլոգիական զարգացման ազդեցությունն է ֆիրմայի չափսերի վրա։ Ընթացիկ տեխնոլոգիական հեղափոխությունը հերթով բոլոր արդյունաբերական սեկտորներում ստեղծել է մի իրավիճակ, երբ արդյունավետության ձգտող ֆիրման պետք է իրենից ներկայացնի կապիտալի խոշոր կուտակում՝ շենքերի, սարքավորումների եւ հսկայական մեծության ու բարդության բաշխիչ կազմակերպությունների տեսքով։ Արդյունավետ ֆիրմայի խոշորացումը մեկ այլ մարտահրավեր է մրցակցային տնտեսությունը նորոգ պահելու համար։

 

Մրցակցության նկատմամբ թերահավատությունը փաստարկելու համար հաճախ առաջ քաշվող երրորդ հիմքը բազմաթիվ շուկաներում առկա այլընտրանքներին միշտ տեղյակ լինելու դժվարությունն է անհատի համար եւ դրանցում տեղի ունեցող փոփոխություններին արձագանքելու նպատակով քայլեր ձեռնարկելու մեջ անհրաժեշտ շարժունություն պահպանելու բարդությունը։

 

Թողտվության գայթակղություն

Արդի տնտեսական աշխարհն իսկապես բարդ է եւ շփոթեցուցիչ, ուստի այս մեղադրանքներն արժանի են լուրջ ուշադրության։ Դիցուք, իսկապե՛ս դավադիր պայմանավորվածություններն են, այլ ոչ՝ մրցակցությունը, որ բնորոշում են չկարգավորվող շուկայական տնտեսության դիմագիծը։ Իհարկե, անիմաստ է վիճել, որ գաղտնի պայմանավորվածությունների դիմելու գայթակղությունը միշտ էլ էական տեղ ունի մարդու կյանքում։ Բայցեւայնպես, հավասարապես ճիշտ է նաեւ այն, որ միեւնույն ուժերը, որոնք հանգեցնում են կարտելային պայմանավորվածությունների ձեւավորմանը, միտված են նաեւ կործանելու դրանք։

 

Այս ամենում գլխավոր գործոնն ընդամենը փող աշխատելու ցանկությունն է։ Օրինակ, ենթադրենք՝ մի քանի ֆերմեր նեղ շրջանակով պայմանավորվում են առժամանակ անասուն չմատակարարել տեղի շուկա։ Սրա արդյունքն աներկբայորեն լինելու է անասունների տեղական թանկացումը, ինչին զուգահեռ, սակայն, մեծանալու է առանձին ֆերմերների գայթակղությունը՝ խախտելու կարտելի կանոններն ու վաճառքի հանելու իրենց խոզերին կամ խոշոր եղջերավոր անասուններին։ Միաժամանակ, գնի յուրաքանչյուր աճ ավելի ու ավելի մեծ թվով անասուն է ուղղում պայմանավորվածությունից դուրս մնացած տնտեսություններից դեպի տեղական շուկա։ Գործունեության արդյունավետությունը պահպանելու նպատակով կարտելի անդամներն արդեն ստիպված են լինում պայքարել երկու ճակատով՝ ե՛ւ սեփական անդամների, ե՛ւ դրսեկների դեմ։

 

Նույն կերպ, եթե որոշ թվով բիզնես ֆիրմաներ պայմանավորվեն ընդհանուր շուկան բաժանել բացառիկ շրջանների, գնի արդյունարար աճը յուրաքանչյուր ֆիրմայի կգայթակղի ավելացնել վաճառքը՝ հանուն ավելի մեծ շահույթի։ Այդուհանդերձ, քանի որ յուրաքանչյուր ֆիրմայի սեփականած տարածքը սահմանափակ հնարավորություններ է ընձեռում վաճառքի ընդլայնման համար, հարեւան՝ արգելված շուկա մուտք գործելու եւ «որսագողությամբ» վաճառքի ծավալներն ավելացնելու գայթակղությունը լինում է հսկայական։

 

Կարտելներն Ամերիկայում

Ամերիկայում կարտելների պատմությունը կարճատեւ նախնական հաջողությունների, դրան հետեւած ահագնացող խաբեությունների ու պայմանախախտության, ներքին լրջագույն բախումների եւ, իբրեւ արդյունք, կարտելների տրոհման ու լուծարման մի պատմություն է։ Երկար ժամանակ այսպիսին էր կարտելների անցած ուղին, մինչեւ որ պետությունը կարտելային պայմանավորվածությունները սկսեց համարել առհասարակ անօրինական։ Զսպող միակ գործոնը ժամանակի փորձության բովում թրծված ընդհանուր (նախադեպային) իրավունքն էր, որով առաջնորդվելով՝ դատարանները հրաժարվում էին ի կատար ածել այդպիսի պայմանավորվածությունները։ Ի նպաստ սույն դրույթի կարող եմ մեջբերել բազմաթիվ պատմություններ՝ մեկը մյուսի ետեւից։ Միեւնույն ժամանակ, մեր երկրի պատմության մեջ ես չգիտեմ կարտելային որեւէ պայմանավորվածություն, որը եղած լինի ե՛ւ երկարակյաց, ե՛ւ արդյունավետ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վայելել են պետության անթաքույց աջակցությունը։

 

Վերջին 35 տարիների ընթացքում երկրում իրականացվող գյուղատնտեսական ծրագիրը եղել է սոսկ պետական հովանու եւ ղեկի ներքո գործող կարտելային պայմանավորվածություն այլապես մրցակից արտադրողների միջեւ եւ ոչինչ ավելին։ Ծրագրին անմասն քաղաքացիները ե՛ւ ստիպված են եղել վճարել ավելի բարձր գին սննդի ու գործվածքի համար, ե՛ւ հոգալ այդպիսի գներ սահմանող կարտելի գործառնական ծախսերը։

 

Նույնաբար՝ պետության բացահայտ աջակցությունն են ստացել արհեստակցական միությունները, որոնք աշխատուժի ծառայություններ մատուցող մրցակիցների միջեւ կարտելային պայմանավորվածության մի տեսակ են։ Ավելին՝ դրանց թույլ է տրված գործի դնել սեփական կարտելի կանոնները պարտադրելու այնպիսի մեթոդներ, որոնք ասես ծաղրուծանակի ենթարկեն ավազակային հարձակումն արգելող օրենքները։

 

Նույն կերպ, առանձին մասնագիտական եւ բիզնես խմբեր իրենց կարտելային պայմանավորվածություններում իրավական պաշտպանություն են ձեռք բերել արտոնագրման, ֆրանչայզների պաշտպանության եւ այսպես կոչված արդար առեւտրի օրենքների միջոցով։

 

Կառավարության իրականացրած այս քայլերի լրջությունը երեւան է գալիս ոչ միայն տնտեսական հետեւանքների, այլեւ ազատ հասարակության կարեւորագույն հիմնախարսխի՝ օրենքի առջեւ հավասարության խախտման տեսքով։ Արհմիության անդամին, ֆերմերին եւ որոշ բիզնեսմենների խրախուսում եւ աջակցում են ճիշտ այնպիսի քայլերի կատարման գործում, որոնց համար ուրիշներին բանտ կուղարկեին։ Արդարադատության աստվածուհուն թույլ է տրվել ծիկրակել ակնակապի արանքից, եւ հին ռեժիմի փաստաբանների հետ միասին նա եւս այժմ ասում է՝ «Սկզբից ասա, թե ով ես, իսկ հետո ես կասեմ, թե ինչի իրավունք ունես»։ Ամփոփելով՝ նշենք, որ թեկուզեւ մրցակից կողմերը բնական մղումով երբեմն փորձում են գաղտնի պայմանավորվածություններ ձեւավորել, զուգահեռաբար գործում է նաեւ նույնքան բնական եւ արդյունքում շատ ավելի հզոր մեկ ուրիշ միտում, որը քանդում է ծածուկ այդ գործարքները։ Խոշորագույն ներդրումը, որը պետությունը կարող է ունենալ այս հարցում, կարտելային խմբերին ցուցաբերվող աջակցությունն ու խրախուսանքը դադարեցնելն է։

 

Ադամ Սմիթը միեւնույն զբաղմունքի տեր մարդկանց մասին վերոբերյալ մեջբերումից հետո ասել է. «Չկա ազատության եւ արդարության սկզբունքներին համահունչ որեւէ օրենք, որը կարողանա կանխել այդպիսի հանդիպումները, սակայն պետությունը եւս չպետք է որեւէ կերպ խրախուսի այդօրինակ հանդիպումները կամ դրանք դարձնի անհրաժեշտություն»։

 

Մեր նախադեպային իրավունքում կա կարտելային պայմանավորվածությունների կենսագործումը մերժելու ավանդույթը։ Եւ սա միանգամայն բավարար է, որպեսզի այդպիսի համաձայնություններին թույլ չտրվի կործանել ամերիկյան տնտեսության հիմքում ընկած մրցակցայնությունը։

 

Ֆիրմաների խոշորացում

Դառնամ երկրորդ փաստարկին, ըստ որի` ֆիրմաների խոշորացումն իբրեւ թե սպառնում է մրցակցությանը։ Այստեղ նույնպես անիմաստ է հակաճառել, որ տեխնոլոգիական զարգացումը մի շարք ոլորտներում հանգեցրել է հետզհետե ավելի խոշոր ֆիրմաների գոյության։ Այդուհանդերձ, միեւնույն տեխնոլոգիաները որոշ ոլորտներում հնարավորություն են տվել փոքր, գրեթե տնայնագործական միավորներին հաջողությամբ ոտք գցելու հսկայական ֆիրմաների հետ։ Արդյունավետ եւ համեմատաբար էժան գործիքների ստեղծումը, օրինակ, շատ ամուսինների է թույլ տվել սեփական տան նկուղում կազմակերպելու կահույքի արտադրամաս՝ թեկուզ սեփական օգտագործման համար։

 

Այս հնարավորության վկայակոչմամբ հարցը փակված համարելու փոխարեն, ես ավելի առաջ կգնամ եւ կմատնանշեմ, որ ֆիրմաների խոշորացումը հաճախ համակշռվում է (եւ դեռ մի բան էլ ավելին) նույն այդ շուկայի զուգընթաց խոշորացմամբ։ Կարեւոր է ոչ թե ֆիրմայի բացարձակ չափսը, այլ դրա չափսը շուկայի համեմատ։ Տեխնոլոգիական զարգացում է տեղի ունեցել նաեւ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտներում, ինչն իր հերթին հանգեցրել է բոլոր շուկաների ընդարձակմանը։

 

Ավտոմեքենայի շնորհիվ, օրինակ, ամենահսկայական սուպերմարկետն անգամ այսօր չունի սեփական շուկայի վրա վերահսկողության նույն աստիճանը, որն ուներ ծննդավայրիս՝ Միջին Արեւմուտքի աննշան քաղաքի միակ խանութը մանկությանս տարիներին։ Միացյալ Նահանգների պողպատագործական կորպորացիան (United States Steel Corporation) իր շուկան վերահսկում է պակաս, քան անցյալ դարում դա վերահսկում էին բազմաթիվ փոքրիկ դարբնոցները։ Տրանսպորտային ծախսերի մակարդակը պատնեշում էր տնայնագործական միավորներին ընդամենը մի քանի մղոն հեռավորությամբ գործող մրցակիցներից։ Իսկ այսօր U.S. Steel-ը ստիպված է մրցակցել աշխարհում պողպատ արտադրող բոլոր երկրների զանազան ֆիրմաների հետ։

 

Նույն կերպ, ընդամենը մեկ խոշոր գործատու ունեցող փոքր քաղաքում բնակվող աշխատավորը ներկայումս դեպքերի մեծագույն մասում իսկական այլընտրանք ունի եւ կարող է օրական երթեւեկել ավելի քան 25 մղոն՝ դեպի աշխատանքային այլ հնարավորություններ։ Այսպիսով, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության միջոցների բարելավումը շուկաներն ընդլայնել է ավելի արագ, քան խոշորացել են ֆիրմաները։ Մրցակցությունը եւս աճել է, այլ ոչ՝ նվազել։

 

Շուկաների՝ տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված ընդլայնման մյուս ճանապարհը փոխարինիչ նյութերի եւ ապրանքների մշակումն էր։ Պողպատագործական խոշոր միավորումները պողպատի օգտագործման գրեթե բոլոր ոլորտներում հսկայական մրցակցության մեջ են փոխարինիչների՝ ալյումինի, փայտի, բետոնի, պլաստիկի եւ անգամ ապակու հետ։ Ըստ էության, այլեւս բավականին անիրատեսական է կազմակերպման այս ձեւն անվանել պողպատի արդյունաբերություն։ Իրականում սա ֆիրմաների եւ արտադրությունների մի ամբողջ համալիր է, ուր ոչ մի ֆիրմա կամ նույնիսկ արդյունաբերական առանձին սեկտոր չի կարող գործունեության արդյունքում ձեռք բերել մենաշնորհային ազդեցություն։ Անիրատեսական եւ վտանգավոր է արդյունաբերությունը սահմանել տիպական դասագրքային, այսինքն՝ հասարակ քաղաքացու լեզվով, եւ դրանից ելնելով՝ մենաշնորհային ազդեցություն գնահատել, քանի որ հանգում ենք ներգրավված ֆիրմաների ունեցած իրական շուկայական հզորության մասին անճիշտ եւ անտեղի չափազանցությունների։

 

Կրկին, սակայն, հարցը փակված չհամարենք նաեւ ընդլայնվող շուկաների ընձեռած հնարավորությունների մատնանշմամբ։ Այսօրինակ հզոր ազդեցություններին հակառակ՝ կարող են լինել իրավիճակներ, երբ որեւէ ֆիրմա կամ դրանց խումբ գերիշխի որեւէ շուկայում, որքան էլ այն ընդարձակ լինի։ Արդյո՞ք հենց սրանք չեն այն ծայրահեղ մենաշնորհային դեպքերը, երբ պետությանը պետք է կոչ անել միջոցներ ձեռք առնել՝ կազմաքանդելու դրանք եւ վերացնելու առաջացած հետեւանքները՝ ստեղծելով հակակշիռ մոնոպոլիաներ աշխատանքային, գյուղատնտեսական կամ այլ տիպի ֆիրմաների տեսքով։ Ես կասեմ՝ ո՛չ։

 

Հաջողություն ծառայության շնորհիվ

Առաջին հերթին, գրեթե անհավանական է, որ որեւէ ֆիրմա շուկայում հզոր ազդեցություն ձեռք բերի այլ կերպ, քան սպառողների ցանկությունները սպասարկելու գործում գովելի արդյունավետություն ցուցաբերելով։ Ճի՞շտ է, ուրեմն, որ արդյունավետության դիմաց ֆիրման պարգեւատրվի պետական հակամենաշնորհային միջոցների գործադրմամբ։ Եւ եթե այո, ապա ի՞նչ կլինի սպառողի կամ նրա վայելած սպասարկման հարցը։

 

Եթե ֆիրման իր շուկայական ազդեցությունը գործադրի գները մրցակցային մակարդակից բարձր սահմանելու համար, կգտնվեն այլ ֆիրմաներ, որոնք շահագրգռված կլինեն մուտք գործելու տվյալ արտադրական ոլորտ։ Այդ մյուս ֆիրմաները կարող են բաղկացած լինել մեծ եւ տարաճյուղ ընկերություններից, որոնց կապիտալը բավարարում է յուրաքանչյուր շուկա ներխուժելու համար։ Վերջին տարիներին Ամերիկայում մենք շատ ենք տեսել դեպքեր, երբ որեւէ ոլորտի խոշոր ֆիրմաներ անսպասելիորեն բախվել են այլ ոլորտներում կայացած, սակայն դիվերսիֆիկացիայի եւ ավելի բարձր շահութաչափսի պտուղները քաղելու նպատակով իրենց շուկա մուտք գործած մեծ ֆիրմաների մրցակցային ճնշմանը։ Արդյունքում, սեփական շուկայում նախկին գերիշխող դիրք զբաղեցնող հզոր ֆիրման ստիպված է վարվել այնպես, ասես միշտ դիմագրավում է անզիջում եւ կարեւոր մի մրցակցության, քանի որ ցանկացած թերացում կարող է շատ շուտով մրցակցություն հարուցել։

 

Տեխնոլոգիական զարգացման այն նույն ընթացքը, որը գուցեեւ ստեղծել էր գերիշխող ֆիրման, ժամանակի հետ պիտի ձգտի թուլացնելու դրա դիրքերը, քանի որ մի օր ի հայտ կգան նոր եւ թարմ գաղափարներով զինված այլ ֆիրմաներ, իսկ հիմնական ընկերությունը հանկարծ կհայտնաբերի, որ շուկայի իր բաժինն օրըստօրե նվազում է։ Այսպիսով, հակառակ նրան, որ Գերագույն դատարանը վաղուց վճռել է տրոհել Միացյալ Նահանգների պողպատագործական ընկերությունը, ամերիկյան արտադրողների կողմից այդ ընկերության արտադրանքի վաճառքի մասնաբաժինը հաստատուն կերպով նվազել է՝ 75 տոկոսից հասնելով ներկայիս մոտ 35 տոկոսին։

 

Իրավամբ, շուկայի փոքրիկ աղվեսներն են, որ մանր-մանր գործելով՝ փորձում են եւ հորինում։ Վարչական պարզությունը նրանց թույլ է տալիս դիմելու ռիսկային քայլերի, որոնք երբեմնի հսկայի դիրքերն իջեցնում-հասցնում են այնպիսի մակարդակի, որը միանգամայն համապատասխանում է «մրցակցություն» եզրի բոլոր իմաստալից սահմանումներին։ Ավստրիացի մեծանուն գիտնական, Հարվարդի համալսարանի տնտեսագետ Յոզեֆ Շումփեթերը վարպետորեն է նկարագրել մի միավորի կարճատեւ շուկայական ազդեցության փոխարինումը մեկ ուրիշի կարճատեւ շուկայական գերիշխանությամբ, որին գալիս է փոխարինելու երրորդը, ապա չորրորդը, եւ այլն։ Շումփեթերը պնդում էր, որ թեեւ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ գրաված գերիշխող դիրքը կարճատեւ կյանք ունի, այդ՝ թեկուզ կարճատեւ ազդեցության եւ ապահովության հնարավորությունն է, որ ֆիրմաներին շահագրգռում է ձեռնամուխ լինել տեխնոլոգիական հետազոտությունների, որ ապա գալիս են հեղափոխելու արդի աշխարհը։

 

Որպես ամփոփում՝ նշենք, որ թեեւ այս գործընթացը ո՛չ կատարյալ է, ո՛չ էլ ակնթարթային, մերօրյա աշխարհում կան հզոր ու մշտաշխատ ուժեր, որոնք ձեւավորում են դինամիկ եւ արդյունավետ մրցակցություն՝ միմյանցից պաշտպանելով տնտեսության բոլոր տարրերը։

 

Դառնանք երրորդ մեղադրանքին՝ պնդմանը, թե ժամանակակից բարդ տնտեսության մեջ անհատները չունեն անհրաժեշտ գիտելիք եւ շարժունություն, որպեսզի մրցակցային աշխատաոճ պարտադրեն նրանց, ում հետ գործ ունեն։

 

Սկզբից ի վեր ասեմ, որ ժամանակակից տնտեսությունը՝ տրանսպորտի եւ հեռահաղորդակցության զարգացած միջոցներով հանդերձ, անհատին օժտում է անհամեմատ ավելի ծավալուն տեղեկություններով եւ տեղաշարժի ավելի էժան ու բարեկարգ հնարավորություններով, քան համաշխարհային պատմության ընթացքում երբեւէ։ Դրանով հանդերձ, սակայն, բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ շուկայում գործող բոլոր անհատները լիովին իրազեկ եւ շարժունակ լինեն՝ ապահովելու համար մրցակցային համարժեք ճնշման գոյությունը։

 

Օրինակ, ես գրեթե ոչինչ չգիտեմ հեռուստացույցի աշխատանքի մասին։ Ի՞նչն է, ուրեմն, ինձ պաշտպանելու, երբ ես հեռուստացույց եմ գնում կամ հանձնում վերանորոգման։ Պատասխան. այն փաստը, որ կան նշանակալի թվով մարդիկ, որոնք ունեն պահանջվող տեխնիկական գիտելիքները։ Հեռուստացույց վաճառողը, որը ցանկանում է գոյատեւել եւ բարգավաճել, պարտավոր է կա՛մ բավարարել իր հետ գործ ունեցող բոլորի պահանջները, կա՛մ արագորեն զիջել սեփական դիրքերը ավելի վստահելի եւ բարձր վարկանիշ ունեցող գործակալների հետ մրցակցության մեջ։ Մյուս կողմից՝ կան որոշակի ոլորտներ, ուր իրազեկ գնորդը ես եմ, եւ այդ ոլորտներում ես եմ պաշտպանում պակաս իրազեկներին։

 

Նույնաբար, ես անհատական պարտավորություններ ունեմ այն քոլեջի նկատմամբ, ուր աշխատում եմ, կամ այն համայնքի նկատմամբ, որում ապրում եմ։ Եւ սա էապես նվազեցնում է իմ շարժունությունը։ Այստեղ ես պաշտպանված եմ գործատուներիս բարի կամքով, ինչպես նաեւ այն փաստով, որ քոլեջը պարտավոր է առաջարկել աշխատանքային պայմանների եւ վարձավճարների ընդհանրական համալիր, որը թույլ կտա իր կազմում պահել պարտավորություններով չծանրաբեռնվածներին, ինչպես նաեւ դեպի իրեն գրավել անձնակազմի պատշաճ փոխարինողների եւ հավելյալ կադրերի։

 

Ոչ բոլորը պետք է իսկույն տեղաշարժվեն

Նույն այս գործընթացը աշխատում է հօգուտ այն բազում շտկումների, որոնք պետք է շարունակաբար կատարվեն դինամիկ տնտեսության մեջ։ Սովորաբար, ոչ բոլոր աշխատողներն են անմիջապես հեռանում մեռնող արտադրությունից կամ բնագավառից։ Գործընթացը կարող է տեւել տարիներ։ Շտկումներն իրականացվում են յուրաքանչյուր աշխատուժում եղած որոշակի շարժունակ տարրի կողմից՝ պաշտպանելով պակաս շարժունակներին շահագործումից կամ աշխատատեղի կորստից։ Շտկողական գործընթացը կարելի է թողնել յուրաքանչյուր անհատին, եւ այն չի պահանջում, որ բոլորը լինեն կատարելապես իրազեկ եւ շարժուն։

 

Կա այս պնդման մեկ այլ տարբերակ, երբ մեղադրում են, թե գովազդը նպատակադրված կերպով մոլորեցնում ու շփոթեցնում է սպառողին՝ վերածելով նրան հեշտ զոհի անմրցունակ վաճառողների ձեռքերում։ Սա ես լսել եմ տարբեր եկամտի տեր ու միանգամայն տարբեր խավերի պատկանող բազմաթիվ մարդկանցից, սակայն նրանց շարքերում դեռ ոչ մի անգամ չեմ գտել մեկին, որը կընդուներ, թե ինքը երբեւէ դարձել է Մեդիսոն Ավենյուի անօգնական զոհը։ Խոսքում միշտ նույն «նրանք» են՝ անորոշ ու երբեք չանձնավորվող «նրանք», ովքեր այդպիսով «թլոզվում» են։ Փաստն այն է, որ գովազդն ինքը եւս մրցակցային է՝ իբրեւ ամերիկյան տնտեսության տարրական մրցակցայնության արտահայտություն՝ գործընթաց, որի միջոցով բոլորս ստանում ենք որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն։

 

Իսկապես մրցակցային ազատ շուկայի դեմ առաջ քաշված մեղադրանքներին իմ պատասխաններն ամփոփելով՝ կրկնեմ, որ ես չեմ պնդում, թե ընթացիկ գործընթացները յուրաքանչյուր պահի ստեղծում են ակնթարթային եւ մաքուր մրցակցություն երկրի բոլոր շուկաներում, այլ ընդամենն ասում եմ, որ այդ ուժերը բավականաչափ հզոր են եւ աշխատում են որոշակի ժամանակահատվածում՝ տալով մեզ գործնականում ընդունելի մակարդակի մրցակցային տնտեսություն, որը կարիք չունի պետական միջամտության՝ ոչ մրցակցային տարրերը վերացնելու համար։

 

Ավելի շատ վնաս, քան օգուտ

Երբ ես խոստովանեցի, որ համակարգն անթերի չէ, չի՞ նշանակում արդյոք, որ հենց միայն դրա համար արդեն անհրաժեշտ է ունենալ պետական հակամենաշնորհային օրենսդրություն՝ առկա թերությունների հետ գործ ունենալու համար։ Տեսականորեն՝ սա կարելի է ներկայացնել որպես փաստարկ, սակայն գործնականում ես ոչ մի վկայություն չեմ տեսնում առ այն, որ երբեւէ կարող են մշակվել հակամենաշնորհային օրենսդրություն եւ գործողությունների փաթեթ, որոնք ունակ կլինեն շտկելու եղած սակավաթիվ թերությունները եւ միեւնույն ժամանակ ավելի մեծ հավանականությամբ չեն կործանի դինամիկ եւ մրցակցային ֆիրմաները։

 

Ինչպե՞ս է որեւէ ոք տարբերակելու մեծ արդյունավետության շնորհիվ շուկայում ժամանակավոր ազդեցություն ձեռք բերած ֆիրման այն ֆիրմայից, որն այդ դիրքը ձեռք է բերել՝ չլինելով արդյունավետ։ Արդյունավետ ֆիրման կազմաքանդելը կնշանակի գործել ընդդեմ, այլ ոչ՝ հօգուտ ճշմարիտ մրցակցության։ Չի կարելի նաեւ մրցակցությունը պահպանել մրցակիցներին պահպանելու գնով, ինչը եւ եղել է մեր երկրում հակամենաշնորհային քայլերի ընդհանուր մոտեցումը։ Իրականում, սակայն, դա առավել արգելակում է մրցակցությունը, քան խթանում։ Ճշմարիտ մրցակցության պայմաններում ռեսուրսները բաժին են հասնում այն ֆիրմաներին, որոնք ապացուցել են իրենց առավելագույն արդյունավետությունը սպառողների շահերին ծառայելու գործում։ Մոլախոտն արմատախիլ անելը դաժան, բայցեւ արդյունավետ գործ է։ Դրա ընթացքը կասեցնելը, մրցակիցների որոշակի քանակ պահպանելը կնշանակի խթանել անարդյունավետությունը, այլ ոչ՝ մրցակցությունը։

 

Հակամենաշնորհային օրենքների ընդունած մեկ այլ ուղղություն է անազնիվ մրցակցության արգելումը։ Վերջինս սահմանվում է որպես ինքնարժեքից ցածր գնով վաճառքի կազմակերպում՝ մրցակիցներին շուկայից արտամղելու եւ դրանով իսկ շուկայում գերիշխող դիրք գրավելու նպատակով։ Այդուհանդերձ, գործնականում էապես անհնարին է տարբերակել մրցակցային խուսանավման բնական մասը կազմող ցածր գնի եւ շուկայական առավելության հասնելու նպատակով սահմանված գնի միջեւ։ Գործնականում, ուրեմն, այս օրենսդրությունն անհամեմատ ավելին է արել տնտեսության մրցունակությունը նվազեցնելու, քան բարելավելու համար։ Ավելին, սա նաեւ նպաստել է բիզնես որոշումների կայացման մի այնպիսի համընդհանուր մթնոլորտի ձեւավորմանը, որը բնութագրելի է իբրեւ անորոշ եւ շփոթեցուցիչ։ Այսպես է եղել, որ էլեկտրատեխնիկական մեծ գործարաններից մեկի դեմ վերջերս մեղադրանք է առաջադրվել ե՛ւ չափազանց բարձր համարված գին, ե՛ւ, միեւնույն ժամանակ, չափազանց ցածր համարված գին գանձելու մեջ։

 

Ընդհանուր առմամբ, հակամենաշնորհային օրենսդրությունը ենթարկվել է այն աստիճանի զանազան մեկնաբանությունների, որ երկրի ամենափորձառու իրավաբանական գրասենյակն անգամ չի կարող քիչ թե շատ որոշակի խորհրդատվություն մատուցել որեւէ ընկերության առ այն, թե նրա պրակտիկաներից որ մեկն անօրինական կհամարվի գործող օրենսդրության պայմաններում։ Սա է, որ արտացոլում է հակամենաշնորհային մոտեցման փիլիսոփայական եւ գործնական գլխավոր թուլությունը։

 

Ուստի, ամփոփելով, որպես մենաշնորհի միակ իմաստալից սահմանում ես կառաջարկեի Ադամ Սմիթի արտահայտած հետեւյալ միտքը. «Մենաշնորհը պետության շնորհած բացառիկ առեւտրային արտոնությունն է»։ Երբ ընդունում ենք այս սահմանումը, դրանից բխում է նաեւ, որ մրցակցության խթանման հարցում պետության անելիքը մեկն է միայն՝ դադարեցնել մենաշնորհի խրախուսումն ու պաշտպանությունը՝ լինի բիզնեսում, մասնագիտական ուղղվածություններում, գյուղատնտեսության մեջ, աշխատաշուկայում թե այլուրեք։ Ինչպես ասել է բելգիացի մեծ պատմաբան Անրի Պիրենը (Henri Pirenne) պետականորեն հովանավորվող գիլդիական տնտեսության ավերակների բովից մրցակցային կապիտալիզմի ծագման վերաբերյալ իր հետազոտության մեջ՝ «Կապիտալիզմը, որպես այդպիսին, ներհակ չէ մարդկային էության միտումներին, դրա սահմանափակումն է, որ ներհակ է։ Տնտեսական ազատությունը տարերային է»։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-06-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,3%
  • 2021-06-24
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը կշարունակվի
  • 2021-06-24
  • «Արտեկ փովեր սիստեմա» ընկերությունը «Ալյանս» ԱՏԳ-ում կիրականացնի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործունեություն
  • 2021-06-23
  • Հունվար-ապրիլին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 29.1%-ով աճել են
  • 2021-06-22
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր
  • 2021-06-22
  • Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցված աշխատատեղերն ավելացել են շուրջ 8.5 հազարով
  • 2021-06-18
  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին
  • 2021-06-18
  • Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908
  • 2021-06-17
  • ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է աշխատանքները
  • 2021-06-16
  • ԿԲ-ը վերանայել է գնահատականը, կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ
  • 2021-06-15
  • Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալում է էական գնաճային ազդեցություն
  • 2021-06-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-06-14
  • Կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները
  • 2021-06-10
  • Համաշխարհային բանկը 2021թ․ Հայաստանում կանխատեսում է 3.4% տնտեսական աճ
  • 2021-06-09
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
  • 2021-06-04
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.9%
  • 2021-06-03
  • Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում
  • 2021-06-03
  • Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիրը
  • 2021-06-02
  • Քննարկվել են տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
  • 2021-06-01
  • 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներ ԱԺ-ում
  • 2021-06-01
  • 2021թ. 5 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 618.4 մլրդ դրամ հարկային եկամուտ
  • 2021-06-01
  • Սոցիալական պաշտպանության համակարգի ախտորոշումը և ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը ՀՀ տնային տնտեսությունների վրա
  • 2021-05-31
  • ՕECD-ն զգուշացնում է գլոբալ տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին
  • 2021-05-31
  • Տեղի ունեցել ՀՀ-ում Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը
  • 2021-05-31
  • Անշարժ գույքի շուկան դեռևս չի վերադարձել նախաքովիդյան վիճակին
  • 2021-05-26
  • Ուղեցույցներ ու իրազեկման թերթիկներ` տնտեսվարողների համար
  • 2021-05-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 2,6%
  • 2021-05-25
  • Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով
  • 2021-05-24
  • 2021թ․ 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է – 3,3%
  • 2021-05-24
  • Մայիսի 24-ին կտեղաբաշխվեն պետական պարտատոմսեր․ ՀՀ ՖՆ
  • 2021-05-20
  • Նախագիծ անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծման համար
  • 2021-05-20
  • Պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը
  • 2021-05-20
  • Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
  • 2021-05-19
  • ԿԲ-ը հրապարակել է 2021թ. մայիսի 4-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը
  • 2021-05-18
  • 2020թ․ առաջին երեք եռամսյակում ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն
  • 2021-05-18
  • Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները՝ հարկային կարգապահության բարելավման միջոց
  • 2021-05-13
  • Գործադիրը հաստատել է ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը
  • 2021-05-13
  • Մարզպետարաններին կտրամադրվեն լրացուցիչ սուբվենցիաներ
  • 2021-05-13
  • Գիտաշխատողների աշխատավարձերն աստիճանաբար կբարձրանան
  • 2021-05-12
  • Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա․ ԵԱԶԲ
  • 2021-05-11
  • Բնակչության ծերացումը կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը․ Moody’s
  • 2021-05-10
  • Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
  • 2021-05-07
  • ՊԵԿ-ը հրապարակել է զբոսաշրջության և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ
  • 2021-05-07
  • Պարենային ապրանքների համաշխարհային գների աճը ապրիլին շարունակվել է
  • 2021-05-07
  • ԱՄՆ-ից սկսել են ավելի շատ փող ուղարկել Հայաստան
  • 2021-05-06
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աշխարհում հակառեկորդ են սահմանել
  • 2021-05-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2%
  • 2021-05-04
  • Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով
  • 2021-05-04
  • 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
  • 2021-05-04
  • 2020-ին Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալը 37%-ով ավելացել է
  • 2021-05-04
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
  • 2021-05-04
  • ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով
  • 2021-05-03
  • Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է
  • 2021-04-30
  • Մեկնարկել է «Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնությունը
  • 2021-04-28
  • 2021 թվականին ՀԿԵ-ն հիմնանորոգելու է 9,5 կմ երկաթուղային գծեր
  • 2021-04-27
  • Քննարկվել են Կառավարության առաջիկա քայլերը պետական պարտքի նվազեցման ուղղությամբ
  • 2021-04-27
  • ՊԵԿ-ն աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին
  • 2021-04-27
  • 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կառավարությունը խորհրդարան կներկայացնի մինչև մայիսի 1-ը
  • 2021-04-27
  • Քննարկվեցին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր
  • 2021-04-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը (2021թ․ հունվար-մարտ)՝ – 2,0%
  • 2021-04-23
  • ՎԶԵԲ-ը կաջակցի Հայաստանի ֆոնդային բորսային` մշակելու կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը
  • 2021-04-22
  • 6 ամսով երկարացվել է ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ տարածքում մնալու ժամկետը
  • 2021-04-21
  • Համավարակից վերականգնումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններին թափ հաղորդելու հնարավորություն
  • 2021-04-21
  • 2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
  • 2021-04-21
  • Ապրիլի 19-ին տեղաբաշխվել են պարտատոմսեր
  • 2021-04-21
  • PwC-ն կազմել է ԿԲ թվային արժույթների գլոբալ վարկանիշը
  • 2021-04-21
  • Եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումներն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով
  • 2021-04-20
  • 2021թ․ 1-ին եռամսյակի ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-15
  • 2021թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-04-14
  • Շուրջ 4.7 մլրդ դրամ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շահառուներին
  • 2021-04-13
  • ՀՀ 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-12
  • 2020թ․ ավանդներն ավելացել են 101 մլրդ դրամով կամ 2.9%-ով
  • 2021-04-09
  • Աշխատանքի առցանց հայտարարությունների վերլուծություն
  • 2021-04-09
  • Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
  • 2021-04-08
  • Գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ գումար
  • 2021-04-08
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-04-07
  • 2021թ․ ապրիլի 1-ի դրությամբ ավելացել է միկրոձեռնարկատերերի քանակը
  • 2021-04-07
  • Բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների աճ 2021թ․ առաջին եռամսյակում
  • 2021-04-07
  • 2020թ․-ին վճարային քարտերով գործարքների ծավալը 2019թ․-ի համեմատ ավելացել է 16.4%-ով
  • 2021-04-05
  • Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5.8%

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր