Թարգմանությունը www.fee.org կայքից
Յուրաքանչյուր տարի Forbes-ը հրապարակում է 400 ամենահարուստ ամերիկացիների իր ցուցակը: 2019թ․ այդ ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ջեֆ Բեզոսը՝ Amazon-ի հիմնադիրը: Ամբողջ աշխարհում ամերիկացիները ներկայացնում են մոլորակի ամենահարուստ մարդկանց զգալի մասը՝ առաջին տասնյակի մեջ յոթն են (տես․ աղյուսակը): Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը կազմող անունները, ինչպես և նրանց ապրանքանիշերը՝ Google, Facebook, Microsoft և այլն, ծանոթ են գրեթե բոլորին:
2019թ․ աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակն ըստ Forbes-ի
Սա բավականին բազմազան խումբ է, բայց այն, ինչը միավորում է այդ անհատներին (բացի նրանց հսկայական հարստությունից), բացառությամբ Բեռնարդ Առնաուի (իր հոր ընկերության՝ Louis Vuitton-ի նախագահ), ինքնուրույն կայացած ձեռնարկատեր լինելն է: (Սա հակադրվում է մարդկության պատմության ավելի վաղ ժամանակներին, երբ ամենահարուստ անհատները նվաճողներն ու քաղաքական տիրակալներն էին):
Յուրաքանչյուրի պատմությունը տպավորիչ է:
Լարի Էլիսոն
Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անվանումը (Oracle Systems Corporation, հետագայում՝ պարզապես Oracle):
Ամանսիո Օրտեգա
Չորս երեխաներից ամենափոքրը՝ Ամանսիո Օրտեգան, ծնվել է Իսպանիայում, երկաթգծում աշխատող բանվորի ընտանիքում: Ընտանիքի աղքատության պատճառով Ամասիոն 13 տարեկանում կիսատ է թողնում միջնակարգ դպրոցը և սկսում է աշխատել վերնաշապիկների խանութում որպես սուրհանդակ: 16 տարեկանում նա որոշեց, որ բիզնեսում հաջողության գրավականը ոչ թե հագուստի պաշարներ ունենալն է, այլ հաճախորդներին ճիշտ ժամանակին հենց այն ապրանքը տրամադրելն է, ինչը ցանկանում են: 1972 թ.-ին 37 տարեկան Ամասիոն բացեց իր տրիկոտաժի ֆաբրիկան, որը անվանեց «Confecciones GOA»: 1975թ․ Օրտեգան օգտագործեց իր փոքր խնայողությունները՝ առաջին խանութը բացելու համար: Նա այն անվանեց «Zara»: 1985 թ.-ին «Zara» խանութների ցանցը հիմք դարձավ «Inditex» ընկերության ստեղծման համար: Ամբողջ աշխարհում Zara-ն այժմ էլ շարունակում է կիրառել «արագ նորաձևության» ռազմավարությունը՝ շաբաթական երկու անգամ թարմացնելով հագուստի ֆոնդերը և առաջին 48 ժամվա ընթացքում կատարելով պատվերները:
Բիլ Գեյթս
13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.-ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն՝ Microsoft Basic-ը:
Կառլոս Սլիմ
Կառլոս Սլիմը ծնվել է 1940թ.-ին Մեքսիկայում, լիբանանցի ներգաղթյալների ընտանիքում։ Սլիմը ֆինանսներ սովորել է իր հորից, ով մահացավ 1953 թ․-ին, երբ Սլիմն ընդամենը 13 տարեկան էր: Այդ ժամանակ Սլիմն արդեն գնել էր իր առաջին պետական պարտատոմսերն ու բաժնետոմսերը Մեքսիկայի խոշորագույն քաղաքում: 1961 թ․-ին քոլեջն ավարտելուց հետո նա դարձավ ֆոնդային բրոքեր՝ հաճախ աշխատելով օրը 14-ժամ: Չորս տարի հետո նա բավականաչափ գումար էր վաստակել իր սեփական բրոքերային ֆիրման՝ «Inversora Bursátil», հիմնելու համար և սկսեց դնել «Grupo Carso»-ի «Slim» համաշխարհային կոնգլոմերատական ընկերության հիմքերը, որը ստեղծվել է 1990 թ․-ին:
Լարի Փեյջ
Լարի Փեյջը ծնվել է Միչիգանի Լանսինգ քաղաքում: Համակարգչային գիտության պրոֆեսորի որդին որոշեց գրել իր ասպիրանտական ատենախոսոսւթյունը ցանցերի փոխկապակցման կառուցվածքի և հղումների դերի վերաբերյալ: Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, գործընկեր Սերգեյ Բրինի հետ օգտագործեցին հետազոտությունը Google-ի PageRank ալգորիթմը զարգացնելու համար, որն այժմ էլ էական դեր է խաղում աշխարհի լավագույն որոնման համակարգում:
Ջեֆ Բեզոս
Amazon ինտերնետային ընկերության, Blue Origin ավիաընկերության հիմնադիրն ու սեփականատերը և The Washington Post հրատարակչության սեփականատերը ծնվել է 1964 թ․-ին Ալբուկերկ քաղաքում ավագ դպրոցի 17-ամյա ուսանողի և հեծանիվների խանութի սեփականատիրոջ ընտանիքում: Դպրոցում սովորելու տարիներին Բեզոսը կարճ պատվերների խոհարար էր Մակդոնալդսում։ 1986 թ․-ին նա գերազանցությամբ ավարտում է Փրինսթոնի համալսարանը էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատում է հեռահաղորդակցման, բանկային և ներդրումային ոլորտներում։ 1994 թ․-ին Բեզոսը որոշում է ստեղծել օնլայն գրախանութ և իր ավտոտնակից գործարկում է Amazon-ը, որն այժմ ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ-ում։
Ցուցակը կարելի է շարունակել։ Ուարեն Բաֆեթը դեռևս 15 տարեկանում ամսական ավելի քան 175 դոլար էր վաստակում՝ առաքելով «Washington Post»-ի թերթերը: 17 տարեկանում իր ընկերոջ հետ ներդնելով 25 դոլար՝ ստեղծում են փոքրիկ բիզնես, որն էլ մի քանի ամիս հետո վաճառում են 1200 դոլարով: Ավարտելով քոլեջը՝ Բաֆեթը կուտակել էր 9,800 դոլար խնայողություն (այսօր ՝ շուրջ 103,000 դոլար): Այժմ Բաֆեթն աշխարհի ամենահայտնի և ամենախոշոր ներդրողներից մեկն է։
Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թ.-ին ԱՄՆ-ում բժիշկների ընտանիքում։ 9-րդ դասարանում Մարկն ստեղծում է ամերիկյան հանրահայտ “Risk” խաղի համակարգչային տարբերակը: 2002 թ․-ին ընունվում է Հարվարդի համալսարան և երկրորդ կուրսից հեռանում է համալսարանից։ 2004 թ․-ին իր քոլեջի հանրակացարանից ընկերների օգնությամբ հիմնում է Facebook-ը, որն այժմ աշխարհում ամենահեղինակավոր սոցիալական ցանցն է։
Մայքլ Բլումբերգը հաշվապահի որդի էր: Ներդրումային բանկի աշխատանքից ազատվելուց հետո (առանց ազատման որևէ գումարի), նա իր վաստակած կապիտալն օգտագործում է սեփական ընկերությունը հիմնելու համար, որը հաճախորդներին վաճառում էր բիզնեսի տեղեկատվություն: Այսօր Bloomberg L.P.-ն բիզնես-տվյալների և վերլուծությունների աշխարհի առաջատարն է, որը գործում է երկու մայրցամաքներում, ունի 167 գրասենյակ և ավելի քան 20,000 աշխատող:
Պատմության բարոյականությունը
Տարածված համոզմունք կա, որ մեծահարուստները սովորաբար իրենց փողերը ժառանգում են հարուստ ծնողներից, բարեկամներից կամ «ծնվում են շապիկով», բայց իրականում հակառակն է:
«Միլիոնատերը հարևանությամբ․ Ամերիկայի հարստության զարմանալի գաղտնիքները» գրքում հեղինակներ Ուիլյամ Դ․ Դանկոն և Թոմաս Ջ․ Սթենլին նշում են, որ ԱՄՆ-ում միլիոնատերերի մոտ 20 տոկոսն իր հարստության ավելի քան 10 տոկոսը ժառանգել է:
Նույնը վերաբերում է միլիարդատերերին: Նույնիսկ Բերնարդ Առնաուն՝ ցանկում միակը, որը չի ստեղծել իր սեփական ընկերությունը, կարող է ասել, որ իր հարստության գերակշիռ մասը վաստակել է ինքնուրույն:
Սա չի նշանակում, որ այդ միլիարդատերերից ոմանք չունեին որոշակի առավելություններ կամ արտոնություններ: Ուարեն Բաֆեթը կոնգրեսականի որդի էր: Կառլոս Սլիմը շատ էր աշխատում, բայց նա վատ ընտանիք չուներ: Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը և միգուցե մյուսները հաճախել են էլիտար մասնավոր դպրոցներ, որոնք, անկասկած, էապես ավելի լավն են, քան մեր պետական դպրոցները:
Անհերքելի է այն, որ այս ինքնուրույն կայացած ձեռներեցները դարձել են շատ հարուստ, դիմելով մեծ ռիսկի, ինչը հանգեցրեց նորարարության, որը բարելավեց նրանց շրջապատող աշխարհը: Եվ ահա սա է ձեռներեցության բովանդակությունն ու էությունը:
Թարգմանությունը` Սրբուհի Իսրայելյանի