Այս գարնանն ավարտվեց HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանը։ Այն մեծ տարածում ստացավ ամբողջ աշխարհում և ձեռք բերեց ամենաշատ անօրինական ներբռնվող հեռուստասերիալի «կասկածելի փառքը»։ «Ծովահենության» (Piracy) մասշտաբը պարզ երևում է 4-րդ եթերաշրջանի վերջին դրվագից, որը 2014 թվականի հունիսին 12 ժամվա ընթացքում անօրինական ներբեռնվեց 1,5 միլիոն անգամ։ «Ծովահենության» լայն տարածումը բնական էր հեռուստասերիալի յուրաքանչյուր դրվագի առաջին անգամ եթեր դուրս գալուց հետո։ Սակայն անօրինական պատճենների ներբեռնումները չէին նվազում, երբ դրանք հնարավոր էր ձեռք բերել օրինական տարբերակով։ Չնայած, որ անօրինական ներբեռնումների խնդիրները չեն վերանում (1 մլրդ ներբեռնում 7-րդ եթերաշրջանից հետո), HBO-ն, կարծես, չունի անօրինական ծառայությունների դեմ պայքարելու հստակ ծրագիր, իսկ օրինախախտները սովորաբար չեն պատժվում։
Իրականում HBO-ի «անգործությունը» կարող է տնտեսական ենթատեքստ ունենալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «ծովահենության» որոշակի մակարդակը կարող է օգուտներ բերել միաժամանակ և՛ արտադրողին, և՛ մանրածախ վաճառողներին, և՛ սպառողներին։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում
Կինոարդյունաբերությունում արտադրողը սովորաբար չի սահմանում արտադրանքի մանրածախ գինը․ դա անում է մանրածախ վաճառողը։ HBO-ն ամենամսյա բաժանորդագրման վճար է գանձում մալուխային օպերատորներից (օրինակ Comcast-ից, որը մանրածախ վաճառողն է)։ Այդ վճարը արտադրանքի մեծածախ գինն է։ Այնուհետև յուրաքանչյուր մալուխային օպերատոր որոշում է սեփական շահույթի մեծությունը, ինչի հիման վրա էլ սահմանվում է ապրանքի մանրածախ վերջնական գինը (որը հավասար է մեծածախ գնի և մալուխային օպերատորի կողմից սահմանած շահույթի մեծության գումարին)։ Այս մոդելով շուկա է մուտք գործում տեղեկատվական ապրանքների մի մեծ զանգված, այդ թվում՝ երաժշտությունը, ֆիլմերը, հեռուստահաղորդումները, տեսախաղերը, էլեկտրոնային գրքերը և ծրագրային ապահովումները։
Սակայն «ծովահենության» որոշակի մակարդակը օգուտներ է բերում տեղեկատվական ապրանքներ արտադրողներին։ Օրինակ՝ ընկերության (արտադրողի) եկամուտները կարող են մեծանալ դրական ցանցային էֆեկտի (որքան շատ մարդ է օգտագործում այդ ապրանքը, այնքան այն ավելի արժեքավոր է դառնում) և սպառողների տեղեկացվածության աճի շնորհիվ (անօրինական տարբերակից օգտվողները տեղեկանում են ապրանքի գոյության մասին և հաղորդում իրենց շրջապատի մարդկանց։ Դրանով մեծանում է հավանականությունը, որ այդ մարդիկ ձեռք կբերեն ապրանքի օրինական տարբերակը հետագայում)։
Ստվերային «խաղեր», որոնք օգուտներ են բերում բոլորին
«Ծովահենությունը» առաջացնում է նաև որոշակի մրցակցություն։ Կինոարդյունաբերությունում «օրինախախտները» մրցակցում են միաժամանակ և՛ արտադրողի, և վաճառողի հետ՝ յուրաքանչյուրին սահմանափակելով այնքան, որ երկուսն էլ կարող են հայտնվել շահողի կարգավիճակում։ Եթե HBO-ն որոշակի չափով նվազեցնում է ապրանքի գինը, Comcast-ի եկամուտներն աճում են։ Comcast-ն իր հերթին որոշակի չափով նվազեցնելով ապրանքի գինը` ստանում է ավելի շատ հաճախորդներ, ինչը վերջնական արդյունքում օգուտ է բերում HBO-ին։ Այսինքն կաճեն և՛ HBO-ի և՛ Comcast-ի եկամուտները։ Սպառողները նույնպես կշահեն՝ ստանալով ավելի ցածր գներ արտոնագրված ապրանքի համար։
Այս «զարմանալի» իրավիճակը, որտեղ բոլորը շահում են, հիշեցնում է Ադամ Սմիթի «Անտեսանելի ձեռքը»։ Երբ բոլոր «խաղացողները» գործում են սեփական շահերից ելնելով, արտադրողը և վաճառողը մաքսիմալացնում են շահույթը, իսկ սպառողները ապրանքի դիմաց ստանում են նվազագույն գին, արդյունքում յուրաքանչյուր մասնակից դառնում է ավելի հարուստ։
Իհարկե, «ծովահենության» դրական հետևանքները պետք չէ դիտարկել դրա արդարացման համար։ Երբ այն ծաղկում է, դրա ազդեցությունը գլխավորապես բացասական է և վատթարացնում է երկու ընկերությունների (արտադրողի և վաճառողի) ֆինանսական դրությունը։ Այնուամենայնիվ, «ծովահենության» դեմ պայքարը թանկ է նստում ընկերությունների վրա։ Հետևաբար մինչ պայքարը սկսելը պետք է մտածել, թե որքան նպատակահարմար կլինի դրա համար միջոցներ ծախսելը։
Որքա՞ն պետք է լինի «ծովահենության» մակարդակը
Դժվար է որոշել, թե որքան պետք է լինի «ծովահենության» օպտիմալ մակարդակը, քանի որ այն կարող է կախված լինել մի քանի գործոններից, ներառյալ՝ շուկայի չափերը, արտադրական ծախսերը և պայմանագրերի առանձնահատկությունները։ Ավելի հեշտ է հասկանալ, թե երբ են «ծովահենության» մակարդակը և դրա դեմ պայքարի ջանքերը ակնհայտորեն անհամեմատելի։
Առավել նպատակահարմար է, որ ընկերությունները խելամիտ ջանքեր գործադրեն «ծովահենության» դեմ պայքարում՝ հիմնական ուշադրությունը ուղղելով ամենաակնհայտ և խոշոր օրինախախտներին և ուղղակի հետևելով ավելի մանրերին, որպեսզի նրանք դուրս չգան վերահսկողության շրջանակներից։ Մանր խաղացողների հետ պայքարելը բարդ է և թանկ է նստում ընկերությունների վրա։ Մյուս կողմից էլ մանր խաղացողները կարող են կարևոր դեր խաղալ տեղեկատվական ապրանքների առաջխաղացման էկոհամակարգում։
Թարգմանությունը՝ Արտյոմ Աշիգովի