2006թ․-ին մանկավարժ և գրող Քեն Ռոբինսոնը TED ելույթ ունեցավ «Մի՞թե դպրոցները սպանում են ստեղծագործականությունը» վերնագրով: Ավելի քան 50 միլիոն դիտում ունեցող այս ելույթը շարունակում է մնալ TED-ի պատմության ամենաշատ քննարկվող ելույթներից մեկը:
Ռոբինսոնի ենթադրությունը շատ պարզ է. ներկայիս կրթական համակարգը երիտասարդներին զրկում է իրենց բնական ստեղծագործական մտքից և հետաքրքրասիրությունից` միաչափ, միատարր գիտական կաղապարի մեջ ձևավորելով նրանց: Այս կաղապարը կարող է աշխատել մեզանից ոմանց համար, բայց մեզանից շատերի համար մեր բնածին ունակություններն ու աճող ձգտումները լավագույն դեպքում անտեսվում և վատագույն դեպքում ոչնչացվում են ժամանակակից դպրոցների կողմից:
Արվեստը, ստեղծագործականությունը կենսական նշանակություն ունեն կրթության համար և դրանք չեն սահմանափակվում միայն գեղարվեստական իմաստով: Արվեստը նաև յուրահատուկ, արժեք ունեցող գաղափար ունենալն է: Ստեղծագործականությունը պարունակում է հմտություններ, կարողություններ և մոտեցումներ, որոնք 21-րդ դարում անհրաժեշտ են մեր երեխաների, ընկերությունների և համայնքների հետագա հաջողությունների համար:
«Մեր տնտեսության ապագան կախված է նորարարությունից, խնդիրները կանխատեսելու ձգտումներից, խնդիրները լուծելու և ոչ ստանդարտ ձևով մտածելու կարողությունից: Եվ դա ճիշտ է նաև մեր անձնական կյանքի համար: Այսպիսով, ինձ համար ստեղծագործականությունը միայն արվեստը չէ, թեև այն, իհարկե, մեծ ազդեցություն ունի դպրոցում: Ստեղծագործականությունը նաև այն է, թե ինչպես ենք դպրոցներում և համալսարաններում բնական, հասարակական և հումանիտար գիտությունները դասավանդում և ինչպես ենք աշխատում ուսումնական ծրագրերի հետ: Կրթության խնդիրն առանձին ուսուցիչները կամ դպրոցները կամ տնօրենները չեն. դա համակարգային խնդիր է: Մենք փակված ենք 19-րդ դարի ինտելեկտի, դասավանդման և գնահատման մոդելի մեջ և պետք է անհամբեր սպասենք ինտելեկտի և ստեղծագործականության նկատմամբ այլ մոտեցման: … Ներկայումս երեխաները մեծանում են թվային տեխնոլոգիայի միջոցով փոխակերպված աշխարհում և տարբեր կերպ են հաղորդակցվում, մտածում, ստանում տեղեկատվություն: Մարդիկ այժմ խոսում են մտքի ուժ ունեցող համակարգիչների մասին և քննարկում են ուղեղային իմպլանտի իրագործելիությունը: Մինչդեռ դպրոցական համակարգերի մեծ մասը դեռևս լիարժեք չի օգտագործում տարրական տեխնոլոգիաները: Ես ավելի ու ավելի եմ խնդրում քաղաքական գործիչներին բացատրել, թե ինչու են կրթությունը վարում հին 1950-ականների մոդելով, որը բացահայտ կերպով չի աշխատում:», – իր ելույթում նշում է Ռոբինսոնը:
Փաստորեն, կրթության մեջ նորարարության և ստեղծագործականության կարևորությունը, նոր տեխնոլոգիաների և նոր տնտեսական իրականության կարևորությունն անտեսելը խիստ անպատասխանատու է:
Իր TED ելույթի ժամանակ Ռոբինսոնը եզրակացնում է. «Ես հավատում եմ, որ ապագայի մեր միակ հույսը մարդու բնույթի նոր հայեցակարգն ընդունելն է, որի ժամանակ մենք սկսում ենք վերակառուցել մարդկային կարողությունների ներուժի վերաբերյալ մեր պատկերացումները: Մենք պետք է վերանայենք այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա կրթում ենք մեր երեխաներին:»
Ռոբինսոնը կիսում է շատ ուսուցիչների մտահոգությունները, ովքեր կարծում են, որ ներկայիս դպրոցական մոդելը քայքայում է երեխաների աշխույժ ստեղծագործական պոտենցիալը և նրանց ստիպում է զսպել իրենց ինքնազարգացման և ինքնակրթման ձգտումները:
Բոստոնի քոլեջի հոգեբանության պրոֆեսոր, դոկտոր Պիտեր Գրեյն իր «Free To Learning» գրքում գրում է․ «Հանուն կրթության, մենք ավելի ու ավելի ենք զրկում երեխաներին այն ժամանակից և ազատությունից, որը պահանջվում է ինքնակրթման համար: … Մենք ստեղծել ենք աշխարհ, որում երեխաները չգիտակցված հետևում են մեծահասակների կողմից իրենց համար նախատեսված և ոչ մի տեղ չտանող ուղիներին:»
Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ երեխաներին թույլատրվում է սովորել բնականոն ձևով, առանց հարկադրանքի, ուսումն ավելի խորն է և շատ ավելի ստեղծագործ: Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ալիսոն Գոպնիկը իր հետազոտություններով բացահայտել է, որ չորս տարեկան երեխաների համար ինքնուրույն ուսումը, և ոչ թե պարտադրված ուսուցումը, բարձրացնում է և՛ ուսման արդյունքը, և՛ ստեղծագործականությունը:
Գոպնիկի հետազոտության մեջ ներգրավված էին փոքր երեխաներ, ովքեր սովորում էին թե ինչպես կառավարել հատուկ ընտրված խաղալիքը: Նա պարզեց, որ երբ երեխաներին ուղղակիորեն սովորեցնում էին, թե ինչպես օգտագործել խաղալիքը, նրանք կարողանում էին վերարտադրել արդյունքները և ինքնուրույն գտնել «ճիշտ պատասխանը»` ընդօրինակելով ուսուցչի ցույց տվածը:
Բայց երբ երեխաներին թույլ տրվեց սովորել առանց ուղղակի հրահանգների խաղալ խաղալիքով, ուսումնասիրել դրա առանձնահատկությունները և ինքնուրույն հայտնաբերել դրա հնարավորությունները, նրանք կարողացան ավելի քիչ քայլերով հասնել «ճիշտ» պատասխանի և բացահայտեցին նաև խաղալիքի այլ հետաքրքիր ֆունկցիաներ, ինչը ուսուցչի կողմից ուղղորդված երեխաները չէին հայտնաբերում:
Գոպնիկը նշում է. «Միգուցե, ուղղակի ուսուցանումը կարող է երեխաներին օգնել կոնկրետ փաստեր և հմտություններ սովորել, բայց ի՞նչ կարող ենք ասել հետաքրքրասիրության և ստեղծագործականության մասին. ունակություններ, որոնք առավել կարևոր են երկարաժամկետ ուսուցման և նոր գիտելիք ստանալու համար:… Ուսուցչից սովորելը կարող է երեխաներին օգնել կոնկրետ պատասխաններ ավելի արագ գտնել, բայց այն նաև նվազեցնում է խնդրի վերաբերյալ նոր տեղեկություններ հայտնաբերելու և նոր ու անսպասելի լուծում ստեղծելու հավանականությունը»:
Ինչպես հայտարարել է Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը, «յուրաքանչյուր երկու օրվա ընթացքում մենք նույնքան տեղեկատվություն ենք ստեղծում, որքան ստեղծել ենք քաղաքակրթության «արշալույսից» մինչև 2003 թվականը: Անհնար է մտածել, որ գոյություն ունեցող ուսումնառության հնացած մոդելը կարող է շարժվել տեղեկատությամբ հագեցած այն նոր տնտեսությանը համահունչ, որը պահանջում է ճկունություն, հնարամտություն, համագործակցություն և գիտելիքների շարունակական փոխանակում: 21-րդ դարի կրթության փոխակերպվող մոդելը պետք է զարգացնի մարդու ստեղծագործականությունը, այլ ոչ թե ջախջախի այն:»
21-րդ դարի տնտեսությունը ստեղծագործականություն է պահանջում: