Եթե տնտեսագետ Կառլ Մարքսը այսօր կենդանի լիներ, նա անհապաղ կմատնանշեր, որ իր պնդումը ճիշտ էր․ ժամանակին նա նկատել էր, որ «կրոնը և ռասան էական չեն։ Աշխարհում առկա է մեկ ճակատամարտ, ճակատամարտ հարուստների և աղքատների միջև։ Իսկ մնացած ամեն ինչը նախատեսված է միայն աղքատների ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու կամ դրանք թաքցնելու համար»։
Ամբողջ աշխարհը (այդ թվում՝ նաև ԱՄՆ-ն) բախվում է հարստության բաշխման անհավասարության խնդրին։ Աշխարհի հարստության մեծ մասը կենտրոնացած է փոքրաթիվ խմբի ձեռքերում՝ առաջացնելով հարստության ճեղքվածք։ Հարստության ճեղքվածքը մի իրավիճակ է, երբ մարդկանց փոքր խումբը վերահսկում կամ տիրապետում է հարստության մեծ մասին, իսկ մեկ այլ, շատ ավելի մեծաքանակ խումբը հազիվ է գոյատևում։ Հարստության միջև այդ խզումը արտացոլվում է ինչպես ակտիվների, այնպես էլ եկամուտների բաշխման մեջ։
Բնության օրենքները չեն ապահովում հարստության հավասար բաշխումը։ Որոշ մարդիկ ունեն բնատուր տաղանդ ու ավելի աշխատասեր են այլ մարդկանց համեմատ և հետևաբար ունեն ավելի մեծ հարստություն։ Այնուամենայնիվ, բարեկեցության մակարդակի միջև խզումը կարող է կապ ունենալ նաև համակարգային կոռուպցիայի հետ, որը մեծացնում է հարուստ մարդկանց էլ ավելի հարստանալու շանսերը։
Մյուս կողմից հարուստները «խաղում են» այլ կանոններով և քիչ հավանական է, որ մարդիկ, ովքեր ծնվել են հարուստ ընտանիքում, կդառնան աղքատ կամ հակառակը։ Ճիշտ է, որ բավական մեծ թվով մարդիկ միլիոնատեր կամ միլիարդատեր են։ Սակայն այդպիսին դառնալու շանսերը բավական մշուշոտ են։ Մեծ է հավանականությունը, որ մարդկանց մեծամասնությունը մահանալու է միևնույն տնտեսական դասում, որին նա դասվում էր ծնվելու պահին։
Հարստության բաշխումը բավական նման է Պարետոյի սկզբունքին: Ազգությամբ իտալացի տնտեսագետը ձևակերպեց մի կանոն, որը կոչվում է 80/20-ի սկզբունք։ Այդ կանոնը կիրառվում է շատ դեպքերում (սկզբնապես ասվում էր, որ ջանքերի 20 տոկոսը բերում է 80 տոկոս արդյունք, իսկ ջանքերի մնացած 80 տոկոսը՝ ընդամենը 20 տոկոս արդյունք, այդ թվում՝ նաև եկամուտների պարագայում։ Նա պնդում էր, որ համաշխարհային հարստության 80 տոկոսը գտնվում է աշխարհի բնակչության ընդամենը 20 տոկոսի ձեռքերում։ Դա, իհարկե, կարող է նյարդայնացնել սովորական/միջին խավին պատկանող մարդուն, քանի որ նա կարծում է, որ այդպիսի բաշխումը արդարացի չէ։
Այս օրերին հարստության բաշխումը կարող է ավելի դաժան կամ անարդար թվալ, քանի որ ըստ ունեցվածքի դասակարգման՝ վերին շերտում պատկանող 1 տոկոսը տիրապետում է աշխարհի ռեսուրսների 45 տոկոսից ավելին։
Եթե հաշվի առնվի միայն բնակչության ամենահարուստ 10 տոկոսի եկամուտները, ապա նրանք ունենում են 16 անգամ ավելի շատ եկամուտներ, քան բնակչության ստորին 10 տոկոսը։ Այդպիսի վիճակագրական տվյալները վերաբերում են նաև այնպիսի երկրներին, ինչպիսին է ԱՄՆ-ն, որն ունի իրավունքների պաշտպանության բավական զարգացած համակարգ։ Երրորդ աշխարհի երկրներում հարստության բաշխումն էլ ավելի վատ է։ Այդ երկրներում մարդկանց մի խումբ վերահսկում է ամեն ինչ, իսկ մնացածները աշխատում են նրանց համար։
Շատ թվով մարդիկ կարծում են, որ հարստության ճեղքվածքը կարելի է փոքրացնել հարկային քաղաքականության միջոցով, սակայն միևնույն ժամանակ էլ համոզված են, որ ամեն ինչ իրենց դեմ է։ Նրանք կարծում են, որ կառավարությունը չի հետևում պրոգրեսիվ հարկմանը, և հարուստները չեն հարկվում այն չափով, ինչքան որ պետք է։
Եկամտային հարկը, որը աղքատների նկատմամբ կիրառվող հիմնական հարկատեսակն է, սովորաբար ավելի բարձր է, քան հարուստների նկատմամբ կիրառվող դրույքաչափերն են։ Հարուստները ձևավորում են իրենց եկամուտների մեծ մասը կապիտալի հավելաճի միջոցով, ինչի նկատմամբ կիրառվող հարկը (ի դեպ, Հայաստանում չի կիրառվում), սովորաբար ավելի ցածր է, քան եկամտահարկը։ Հարկային օրենքներում այնքան շատ են բացերը, որ դրանք հաճախ համեմատում են շվեյցարական պանրի հետ։ Զարգացած երկրներում հարուստները հիմնականում վճարում են 10-20 տոկոսի միջակայքում հարկեր, երբ աղքատները հարկվում են ավելի բարձր դրույքաչափով։
Շատերը հարստության ճեղքվածքը համարում են կապիտալիզմի թերություններից մեկը, սակայն չպետք է մոռանալ, որ գյուտերի մեծամասնությանը մարդիկ պարտավոր են կապիտալիզմին։ Պետք է հիշել նաև, որ սոցիալիզմի պարագայում այդ ճեղքվածքը շատ ավելի մեծ էր, քանի որ մարդկանց շատ ավելի փոքրաթիվ շրջանակ էր գտնվում «սննդային բուրգի» գագաթին: