Կառավարությունը հաստատեց Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը։
Նոյեմբերի 28-ի նիստում ռազմավարությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է. «14 ոլորտներ են ընդգրկված ռազմավարությունում, այդ ամբողջը ծածկում է պետական ֆինանսների կառավարման համակարգը, թվով 27 բաղադրիչներ են առանձնացված և այդ բաղադրիչների համար 56 թիրախներ են առաջարկված ռազմավարության նախագծով, որոնց համար 63 կատարողական վերջնական արդյունքային ցուցանիշներ են սահմանված»։
Ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների շրջանակում ընդգրկվել են հետևյալ թվով 14 ոլորտները՝
- Հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականություն․
- Պետական եկամուտների քաղաքականություն, հարկային վարչարարություն,
- Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ պետական բյուջեի կազմում, ծրագրային բյուջետավորում,
- Բյուջեի կատարման գործընթացի հսկողություն, գանձապետական համակարգ,
- Պետական պարտք,
- Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում,
- Կորպորատիվ հաշվապահական հաշվառումեւ աուդիտ,
- Պետական կազմակերպությունների ֆինանսական կառավարում եւ հսկողություն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ),
- Պետական գնումներ,
- Պետական ներքին ֆինանսական հսկողություն եւ ֆինանսաբյուջետային վերահսկողություն,
- Հանրային ակտիվների եւ հանրային ներդրումների կառավարում,
- Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կառավարում,
- Արտաքին վերահսկողություն եւ աուդիտ,
- ԿՖԿՏՀ ներդրում:
- Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդար բաշխումն ապահովելն է: Դրա համար պետք է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:
Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունում մատնանշվում են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված կառավարության հանձնառություները, որտեղ առաձնացված են հետեւյալ հիմնական ուղղությունները.
- Վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը,
- Ներգրաված փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների զարգացումը եւ բարելավումը,
- Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը եւ հարկային վարչարարության արդիականացումը,
- Պետական ֆինանսերի նպատակային, խնայողաբար եւ արդյունավետ օգտագործումը,
- Ծախսերի նպատակայնության բարձրացման ապահովման համար անցում կկատարվի ռազմավարական պլանավորման համակարգին,
- Ֆինանսական կարգապահության բարելավումը,
- Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը,
- Մարդկային կապիտալին եւ ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշռի մեծացումը,
- Պետական բյուջեում կապիտալ ծախսերի տեսակարար կշռի բարձրացում,
- Պետական գնումների արդար եւ թափանցիկ համակարգի ներդրում,
- ՊՖԿ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրում,
- Հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումը,
- Հանրային ֆինանսների կառավարման բնագավառում կոռուպցիոն երեւույթները ծնող պատճառների վերահսկման եւ վերջիններիս վերացմանն կամ չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացում։
Պետք է նշել նաեւ, որ Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) գնահատականը կարող է իրականացվել միայն միջազգային մասնագիտացած կառույցների կողմից կամ աջակցությամբ, քանի որ ՊՖԿ համակարգը համապարփակ է եւ պետք է գնահատվի միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանությամբ սահմանված գնահատականին համապատասխան:
ՊՖԿ համակարգի գլխավոր առաջանահերթությունը համապատասխանության ապահովումն է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաեւ հավաստիացումն է առ այն, որ ռեսուրսների կառավարումը համապատասխանում է խնայող, օգտավետ եւ արդյունավետ կառավարման սկզբունքներին եւ ապահովում է «փողի դիմաց արժեք» սկզբունքի պահպանումը։